1992-93թթ. ընթացքում իմ նկատմամբ կատարվեց պատվիրված խմբակային քրեական հանցագործություն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումով, որի արդյունքում ինձնից յուրացվեց խոշոր չափի գումար՝ 2.000.000 ռ. չափով։
Կատարվածին մասնակցել են Էջմիածնի նախկին ժողդատավոր Ս. Վարդանյանը, Գերագույն դատարանի քաղգործերի դատական կոլեգիայի մի պաշտոնակատար, Գերագույն դատարանի նախագահ Տ. Բարսեղյանը, ՀՀ դատախազության վճիռների օրինականության վրա հսկող բաժնի պետը, ՀՀ գլխավոր դատախազի օգնական, տեղակալ Ս. Պողոսյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանը։ Ըստ 17.09.92թ. կայացրած վճռի, ժողդատավոր Ս. Վարդանյանը հիմնվելով կեղծ փաստաթղթի եւ կոոպերատիվի կանոնադրության քմահաճ մեկնաբանման վրա, մերժեց իմ քաղհայցը՝ կոոպերատիվի անդամի պարտականություններից ազատվելուս կապակցությամբ փայաբաժին ստանալու մասին, որը՝ մտացածին եւ այլ անտրամաբանական հիմնավորումներով հաստատեցին մյուս պաշտոնատար անձինք՝ հանդես բերելով իջեցված պատվերը կատարելու անհողդողդ կամք եւ նախանձելի պատրաստակամություն։ ՀՀ գերագույն դատարանի համակարգում մերժվեց, որպես կոոպերատիվի անդամ, իմ փայաբաժին ստանալու իրավունքը նախ վերը նշված կեղծ փաստաթղթի, իսկ հետագայում այն պատճառաբանությամբ, որ ես իբր ներդրում չեմ կատարել կոոպերատիվի ստեղծման ժամանակ։ Նույնպես կեղծիք է, քանի որ, ինչպես մյուս անդամները, այնպես էլ ես, ներդրում եմ կատարել պետական վարկի ձեւով՝ մոտ 40.000ռ., որը եւ մարել եմ պետությանը իմ աշխատանքով։ Բացի դրանից, ըստ ընդունված կարգի, կատարել եմ նաեւ ամենամսյա ներդրումներ, երբ կոոպերատիվի անդամների միջեւ բաշխման ենթակա շահույթի ինձ հասանելիք մասի մոտ 90%-ը թողել եմ կոոպերատիվի զարգացման ֆոնդին։
ՀՀ դատախազությունում կասկածի տակ դրվեց կոոպերատիվի անդամ լինելու ակնհայտ փաստը՝ չնայած պատասխանողի կողմից իսկ ներկայացված բազմաթիվ հավաստիացումների։ Առաջ քաշվեցին համատեղությամբ աշխատելու, պայմանագրային աշխատողի եւ ամենաանհեթեթ՝ կոոպերատիվի անդամ ընդունվելուս հրամանը նախագահի կողմից միանձնյա տրված լինելու հանգամանքի պատճառաբանությունները։ Այո, օրենսդրի կողմից իրենց վերապահված այդ իրավունքը, ի թիվս այլոց, կոոպերատիվի նախագահին էր լիազորված անդամների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ, եւ դրանում ոչ մի օրենքի խախտում չկար։
Ըստ վայ իրավաբանների տրամաբանության, թյուրիմացաբար կամ կանխամտածված սխալ հրաման տված նախագահը իրավունք ուներ յուրացնելու իմ 3,5 տարի որպես փաստացի կոոպերատիվի անդամ գործելուս արդյունքները։ Ես գտնում եմ, որ այս գործում վաղեմության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ ինձ հասանելիք գումարը մնացել է եւ փոխանցվել կոոպերատիվի հիման վրա ստեղծված ձեռնարկությունում եւ ամենամյա եկամուտներ է բերում նրա սեփականատեր Վ. Բոցինյանին, երբ իմ ընտանիքը տառապում է ծայրահեղ կարիքի ճիրաններում։
Կարդացեք նաև
Խնդրում եմ ձեզ օգնել՝ վերականգնելու իմ ոտնահարված իրավունքները, քանի որ ես միջոցներ չունեմ (100-200 դոլար) լիցենզավորված փաստաբանների օգնությանը դիմելու համար։
ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ