Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈ՞Ք ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մարտ 23,2001 00:00
Samvel Babayan

2000-ի մարտի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ահաբեկչություն, որը պետական մեղադրողների ձեւակերպմամբ «ցնցեց ողջ Ղարաբաղը»։ Մնացյալ աշխարհը ամենեւին էլ չցնցվեց։

Որովհետեւ մի քանի տարում պետություն չի կառուցվում։ Ընդամենը ընդօրինակվում է պետության կաղապարը, մինչդեռ իներցիայի ուժով շարունակվում են կլանային հարաբերությունները։ Պետությունում զինվորական կրթություն չունեցող եւ աստիճանակարգությամբ չբարձրացած անձին գեներալական կոչում շնորհելը նույնքան անհասկանալի պիտի լինի աշխարհի համար, որքան, այնուհետեւ. նույն այդ մարդուն հանցագործ հռչակելը։ Դատավարական ծխածածկույթը այդտեղ ոչինչ չէր փոխելու։ «Իրավական կտրվածքը»՝ նույնպես։ Անցնող մեկ տարում տեղի ունեցած դատավարությունը որեւէ լույս չսփռեց մարտի 22-ի ահաբեկչության վրա։ Մեկ տարի առաջ միանգամայն սպասելի էր, որ հանցագործության կազմակերպիչ ներկայացվի եւ առավելագույն պատժաչափի արժանանա Սամվել Բաբայանը։ Մեկ տարի անց որեւէ մասնակի հանգամանքներ չբացահայտվեցին, այլ լրագրողների ծաղրուծանակին արժանացած դատաքննությամբ կանխատեսումները գործադրվեցին։ Թվում է քաղաքական պատվեր կատարվեց։ Այն, որ այդ դատավարությունը խեղկատակություն է եղել, թեկուզ արարողակարգային հանգամանքներից է երեւում։ Դատավարությունը ընթացել է խորհրդային ժամանակներում ստեղծված դատարանների կազմով եւ կանոններով, մինչդեռ ԼՂՀ-ում գոյություն է ունեցել այլ կարգ եւ այլ դատարաններ սահմանող օրենք։ Ինչպես վստահես մի երկրի դատարանների, որտեղ նույնիսկ սեփական օրենքները չգիտեն։ Իհարկե, առջեւում դեռ դատական կոլեգիայի նիստն է, բայց խորհրդային ժամանակներում էլ գրեթե չեն եղել նախադեպեր, որ դատական կոլեգիան բեկաներ Գերագույն դատարանի վճիռը։

Հետեւաբար, կարելի է ասել, որ արցախյան ազատամարտում ծնված հերոսներից մեկի ընթացքը պատմության մեջ ավարտվեց։ Իհարկե, Սամվել Բաբայանը կվերապրի դատավճռով սահմանված պատիժը։ Գուցեեւ քաղաքական վայրիվերումները դեռ պատժի ժամկետը փոփոխեն, բայց Սամվել Բաբայանի՝ ազատագրական պայքարի բովում ձեւավորված կերպարին, իրոք, վերջակետ դրվեց։ Մինչեւ 2000-ի մարտը տարակուսանք էր հարուցում այն քծնանքը, որով Արցախում շրջապատել էին Սամվել Բաբայանին՝ ամեն կարգի չինովնիկներ, լրագրողներ, իրավապահներ։ Այժմ տարակուսանք է հարուցում այն, թե ինչպես են քարկոծում Բաբայանին (եւ ի դեմս նրա, սեփական անցյալը), նույն այդ ղարաբաղյան չինովնիկները, լրագրողները եւ իրավապահները։ Եվ երեւի թե տարիներ հետո էլ, երբ 22-ի ողբերգությունը, իբրեւ ԼՂՀ պատմության էջերից մեկը, մեկնաբանվի կամ գնահատվի, ակնածանք են ներշնչելու միայն Սամվել Բաբայանի՝ դատարանի դահլիճում արտասանած բառերը. «Երբ Ղարաբաղը պատերազմում էր, չէր գործում դատաիրավական համակարգը, որովհետեւ հանցագործներին պուլիմյոտներով էին բերում դահլիճ։ Եթե այսօր առանց պուլիմյոտների զորավար եք դատում, ուրեմն պետությունը կայացել է։ Դատավորների կայանալը արդեն մնում է ձեր հայեցողությանը»։

Աշխարհին եւ նույնիսկ ինքներս մեզ չենք կարող համոզել, թե Ղարաբաղում կայացել է արդարադատությունը եւ դատական իշխանությունը։ Կայացե՞լ է արդյոք պետությունը. դա էլ դեռ ցույց կտա ժամանակը։ Որովհետեւ այդ պետությունը ծնվել է պատերազմում, գոյատեւել է հաղթանակելու եւ վերապրելու վճռականությամբ, դավանել է պատերազմում ձեւավորված արժեքներ։ Այժմ մեկ առ մեկ փլուզվում են այդ արժեքները։ Կգտնվե՞ն արդյոք կյանքի նոր կողմնորոշիչներ, նոր առաջնորդներ եւ նոր գաղափարներ՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ Սամվել Բաբայանի դատավճռով ավարտվեց Ղարաբաղի տասը տարվա պատմությունը։ Խորհրդանշական զուգադիպությամբ նույն մեկնակետում, որտեղից սկսվել էր։ 91-ին Սամվել Բաբայանը արգելափակված է եղել Շուշիի բանտում, հետո նա բանտից ազատագրվել է, առաջնորդել է բանակ, տոնել է հաղթություն։ Հետո խաղաղ ժամանակների տեղապտույտ, որ նվաճումներ եւ ձեռքբերումներ չտվեց, գահավիժում, նորից Շուշիի բանտ։ Այս անգամ՝ մի ամբողջ տասնամյակ արգելափակվելու հեռանկարով։ Մյուս երկու հերոսները, որ ծնվել էին ղարաբաղյան պատերազմում, բարձունքների հասան՝ Հայաստանում զբաղեցնելով պաշտոններ։ Տա Աստված, որ Բաբայանի կյանքի պերճանքն ու թշվառությունը չլինի օրինաչափություն եւ անխուսափելի ճակատագիր նաեւ այդ երկուսի համար։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031