Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորումներ եւ ալիքներ

Մարտ 23,2001 00:00
Ararat Mkrtchyan

ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը շարունակում է խուսափել լրագրողներից։ Նախորդ օրը կառավարության հետ հարցուպատասխանից հետո՝ նախարար Մկրտչյանը թաքնվեց մամուլից։ Երեկ, կառավարության նիստի ընդմիջմանը, դարձյալ Արարատ Մկրտչյանը չպատասխանեց լրագրողների որեւէ հարցի։

Սա այն դեպքում, երբ կառավարության տվյալ նիստում հարց ներկայացրած նախարարը սովորաբար նիստի ընդմիջման ժամանակ այդ հարցը մեկ անգամ եւս ներկայացնում է՝ այս անգամ արդեն լրագրողներին։ Իսկ երեկվա նիստում առողջապահության նախարարը կառավարության հաստատմանն էր ներկայացրել «Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված եւ ձեռքբերովի անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտք գործելու կարգը»։ Թե իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների համար կառավարությունն ի՞նչ կարգ հաստատեց՝ առայժմ պարզ չէ: Բայց որ ՀՀ քաղաքացիներին (նաեւ՝ երեխաներին) ՍՊԻԴ-ով վարակված արյուն են ներարկում, եւ հենց այդ պատճառով է նախարարը փախչում լրագրողներից, միանգամայն պարզ է:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը լավ լուր հայտնեց հատկապես երաշտից տուժած գյուղաբնակներին։ Կառավարությունը որոշում ընդունեց՝ «2000թ. երաշտի հետեւանքով առավել տուժած համայնքներին 1997-98թթ. տրամադրված սերմ-վարկի գծով պարտքերից ազատելու մասին»։ Ըստ Վ. Խաչատրյանի՝ սերմ-վարկի ընդհանուր գումարը կազմում է մոտ 120 մլն դրամ։ Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե որպես էկոնոմիկայի նախարար՝ ինչպե՞ս է գնահատում բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման դեմ բարձրացրած նոր ալիքը՝ պրն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ հասկանում այս նոր ալիքը… չնայած հասկանում եմ, երբ ինչ-որ բան այս երկրում սկսում է կարգավորվել՝ անընդհատ ինչ-որ ալիք է բարձրանում։ Մարդիկ ունեն իրենց մոտեցումները՝ խնդիր չկա։ Գնի հարցում եւս խնդիր չեմ տեսնում, եթե բարձր գնով վաճառում ես, հետո այն մտնում է սակագնի մեջ՝ ժողովուրդը պատրա՞ստ է բարձր սակագին վճարել»։ Ի դեպ, պրն Խաչատրյանի պնդմամբ. «Հենց էդ ասողներն իրենք չեն վճարի, ինչպես չեն վճարել անցած տարի, երբ 50 մլն նստեց բյուջեում»։ Անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրին, թե «ABB» ընկերությունը հրաժարվում է մասնակցել մրցույթին՝ պրն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ինքը լինելով հանձնաժողովի անդամ, նման փաստաթուղթ չի ստացել։

Կառավարության այս նիստով ուժի մեջ մտավ նաեւ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն-հիմնադրամի» ստեղծման հարցը։ Այն նիստին ներկայացրած ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ այս հիմնադրամի ստեղծումը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի կետերից մեկն է։ Հիմնադրամի նպատակն է՝ Հայաստանի երիտասարդության ինտեգրացումը միջազգային երիտասարդական շարժմանը, միաժամանակ՝ համահայկական երիտասարդական շարժման աջակցում։ Կենտրոնը գործելու է Ծաղկաձորում, ղեկավարվելու է խորհրդի կողմից։ Կենտրոնի համար բյուջետային ֆինանսավորում նախատեսված չէ, այն գործելու է դրամաշնորհների եւ նվիրատվությունների միջոցով։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031