Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԼԻ՛Ր, ԴԱՇՆԱԿ ԱՆԴՈ

Մարտ 23,2001 00:00
andranik margaryan

Մի քանի օր շարունակ ծանոթ-բարեկամներիս շրջանում վիկտորինա էի անցկացնում, առաջարկելով գուշակել, թե ո՞վ է այս մեջբերման հեղինակը. «Դաշնակցությունը ստեղծման առաջին օրից աչքի է ընկել իր խիզախությամբ, կուսակցական կարգապահությամբ… Մեր վեցհարյուրամյա պայքարը, նպատակները բյուրեղացան Դաշնակցության գործունեության եւ նպատակների մեջ… Կուսակցության անդամ լինելով չէ, որ որոշվում է դաշնակցական լինելը։ Հայը դաշնակցական է եղել 600 տարի առաջ էլ, Սիբիր աքսորվելուց էլ… Հային չէին հարցնում՝ կուսակցության անդա՞մ ես, թե՞ ոչ, հայերե՞ն ես մտածում, չե՞ս մոռացել պատմությունդ ու լեզուդ, թափված եւ թափած արյունդ չի թողնում, որ նիրհես, գերեզման եւ խաչքար ունես փշալարից այն կողմ, ուրեմն՝ դաշնակցական ես…»։

Հարցվածների այն մասը, որ չէին դժվարանում պատասխանել՝ տալիս էին դաշնակցական զանազան գործիչների անուններ՝ Սոս Սարգսյան, Էդվարդ Հովհաննիսյան, Հրայր Մարուխյան եւ այլն։ Հարցվողներից միայն մեկի երեւակայությունը հերիքեց այդ շրջանակից դուրս անուն տալու՝ Մուշեղ Լալայան։

Վերջապես նախկին քաղկալանավոր Վարդան Հարությունյանը ճիշտ կռահեց, թե նախ այդ ամենն ասվել է մինչեւ 1992-ը։ Բացի այդ, նաեւ զգաց՝ «Ասողը մեզնից մեկն է»։ Սակայն թե հատկապես ո՛ր մեկն է՝ չգուշակեց։

Գաղտնազերծենք՝ Դաշնակցության այս գովքը 1989-ի սեպտեմբերին «Ցեղակրոն» թերթում արել էր ԱՄԿ անդամ Մարգարյան Անդրանիկը, իր «Հայ հեղափոխական դաշնակցություն» հոդվածում։

Անդրանիկ Մարգարյանի գրական գործունեության այս նորահայտ էջը ոչ այնքան լուրջ ենթադրությունների տեղիք տվեց։ Ուրեմն, թեեւ նա Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն է, ԵԿՄ վարչության անդամ, իրականում Անդրանիկ Մարգարյանն իրեն դաշնակցական է համարում։ Եվ եթե առ այսօր նա չի հրաժարվել իր այս մտքերից, ինչո՞ւ են դաշնակցական գործիչները մեկ-մեկ հրապարակավ թունդ քննադատում իրենց կուսակից վարչապետի գործունեությունը՝ խախտելով կարգապահական 100-ամյա ավանդույթները։ Բա ինքը նրանց մասին այդպե՞ս է գրել։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031