Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՈՒՅԳ ԺԱՄԿԵՏԸ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՇԵԼ»

Մարտ 23,2001 00:00
gagik jhangiryan

Այսպես պատասխանեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը մեր այն հարցին, թե ե՞րբ կբացահայտվեն «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները։

-Դատաքննության ձգձգման մեղավորը համարվեց նախաքննական մարմինը, քանզի ժամանակին չէր «հոգացել», որ Նաիրի Հունանյանն ամբողջությամբ ծանոթանա գործի նյութերին։ Ընդունո՞ւմ եք այս կշտամբանքը։

– Նաիրի Հունանյանը ոչ մի դրդապատճառ, շահագրգռություն չունի եւ չի ունեցել ոչ նախաքննության ընթացքն արագացնելու, ոչ էլ դատաքննությունը։ Իր ճակատագիրը գոնե իրեն հայտնի է։ Սակայն մեղադրյալը որոշակի դատավարական իրավունքներ ունի, որոնք պարտավոր ենք ապահովել, ինչքան էլ նրա նկատմամբ հակակրանք տածի նախաքննական մարմինը կամ դատարանը։ Մեղադրյալն իրավունք ունի ծանոթանալ քրեական գործի նյութերին։ Դա նրա իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը։ Նաիրի Հունանյանը 18 հատոր ծանոթանալուց հետո հրաժարվել է գործի նյութերի հետագա ծանոթացումից արհեստական պատրվակներով. օրինակ, որ գործում կան ռուսերենից չթարգմանված փաստաթղթեր եւ այլն։ Իսկ դատական քննության ընթացքում նորից ցանկություն հայտնեց ծանոթանալ գործի մնացած նյութերին։

Դատարանը չէր կարող մերժել նրա միջնորդությունը եւ գործի նյութերին ծանոթանալու համար չտրամադրել ժամկետ։ Դա կդիտվեր որպես մեղադրյալի պաշտպանական իրավունքի խախտում, որը հետագայում դատավճռի բեկանման հիմք կարող էր հանդիսանալ։

Չի բացառվում, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո Նաիրի Հունանյանը մեկ այլ միջնորդությամբ էլ հանդես գա։ Նա օգտվում է մեղադրյալի դատավարական բոլոր իրավունքներից։ Այստեղ ոչ դատախազությունն է մեղավոր, ոչ էլ դատարանը։

– Դուք նաեւ չէիք բացառել, որ Նաիրի Հունանյանը կհայտնի նոր անուններ, կհնարի նոր պատմություններ կամ կասի ճշմարտությունը։

– Ես Նաիրի Հունանյանի հետ պայմանավորվածություն չունեմ, որ նա որեւէ նոր բան չի ասելու։ Ոչ էլ ունեմ, թե նա ինչ է ասելու։

– Տեւական ժամանակ ստիպված եք եղել շփվել իր հետ, որոշ չափով ուսումնասիրել եք նաեւ հոգեբանների, մասնագետների օգնությամբ։ Դատավարության ընթացքում նրա պահվածքը, որ շատերին նյարդայնացնում է, պայմանավորեցին դրսում ունեցած աջակից ուժերով։ Ձեր գնահատականով, նա ինքնավստահ է իր էությա՞մբ, թե՞ իրոք որոշակի հանգամանքներով թելադրված պահվածք է։

– Դուք էլ վատ չեք ճանաչում Նաիրի Հունանյանին, եւ մենք նախաքննության ընթացքում օգտագործել ենք նաեւ «Առավոտում» Նաիրի Հունանյանի կերպարի Ձեր վերլուծությունը։ Եվ նախաքննական մարմինը մինչեւ իր մեղադրական եզրակացության մեջ կփորձեր, հիմնվելով դատահոգեբանական եւ այլ փորձաքննությունների վրա, տալ Նաիրի Հունանյանի նկարագիրը, ճիշտն ասած, օգտվել ենք նաեւ Ձեր հոդվածում մեջբերված նրա ընկերների վկայություններից։

Ես կարծում եմ՝ նրա ինքնավստահ պահվածքի հիմքն այն մարտավարությունն է, որը նա որդեգրել է։ Նա փորձելու է իրեն ներկայացնել որպես հերոս, որպես ժողովրդի փրկիչ։ Նա այլ փրկություն եւ ելք չի տեսնելու, քան իրեն հերոսացնելը։ Նա փորձելու է իր արարքի շարժառիթները սրբագրել, որպեսզի կարողանա իր արարքը գոնե իր նմանների համար բացատրելի դարձնել։

– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ լրատվամիջոցներով վաղուց արդեն հրապարակվում են նախաքննության նյութերը՝ զանազան ցուցմունքներ, գաղտնալսումներ եւ այլն։

– Սխալ են անում, որ հրապարակում եւ քննարկում են։ Առայժմ այդ ապացույցները, որոնք հրապարակվում են, հաղորդվում հեռուստատեսությամբ՝ դատարանի կողմից չեն հետազոտվել ու գնահատվել։ Որպես իրավաբան սխալ եմ համարում ցանկացած այդպիսի ապացույցի հրապարակային քննարկումը, ցանկացած ցուցմունքի բովանդակության հրապարակումը։ Դատարանի վրա ճնշում չասեմ, բայց դա չի նպաստում անկաշկանդ, անաչառ դատական քննությանը։

– Ի վերջո, կարելի՞ է որեւէ մոտավոր ժամկետ նշել, թե երբ կավարտվի պետական հեղաշրջման փորձի հնարավոր կազմակերպիչների, դրդիչների եւ օժանդակողների գործի նախաքննությունը։

– Ոչ մի հանցագործության բացահայտման համար որոշակի ժամկետներ ոչ մի քննիչ կամ դատախազ չի կարող նշել։

Այսօր մեր վարույթում քննվում է 1996-ին մի զորամասում կատարված սպանության դեպք, որը, շատ հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում բացահայտվի։ Ժողովրդի պատկերացումներով՝ սովորական, շարքային հանցագործություն է, բայց բացահայտվելու է միայն 5 տարի հետո։ Նախաքննության ժամկետը քրդատօրենսդրությամբ ընդհանրապես սահմանափակված չէ։

– Սակայն մտավախություն կա, թե մինչ այս անջատված գործով նախաքննության ավարտը՝ Նաիրի Հունանյանի եւ իր հանցակիցների նկատմամբ առավելագույն պատժաչափը կիրականացվի, եւ կազմակերպիչները կմնան չբացահայտված։

– Ես արդեն նշել եմ, որ մի գործով, որով դատակոչված են 129 վկաներ, 99 տուժողներ, 63 փորձաքննական եզրակացություններ կան, 13 մեղադրյալներ՝ նման գործի դատաքննությունն առաջին ատյանի դատարանում չի կարող, մեղմ ասած, մի քանի ամսից կարճ տեւել։ Բնական է, որ Նաիրի Հունանյանը եւ այլ մեղադրյալներ օգտվելու են վերաքննիչ դատարան դիմելու իրավունքից։ Եվ գործի դատաքննությունը մի քանի ամիս էլ տեւելու է վերաքննիչ ատյանում։ Բացի այդ, որոշակի ժամանակ է անցնելու, մինչեւ գործով վճռաբեկ ատյանի վերջնական որոշումը։ Ես կարծում եմ, որ սա էական ժամանակահատված է։ Վստահ եմ, որ այս առումով մենք որեւէ խնդիր չենք ունենա։ Եթե նույնիսկ չհասցնենք ավարտել անջատված մասով գործի նախաքննությունը՝ Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորվում է նաեւ այդ իրավիճակը։ Նույն անձի նկատմամբ նոր հանցագործության համար պատիժ նշանակելիս գործում է դատավճիռների համակցության ինստիտուտը։ Այստեղ քննարկման խնդիր ընդհանրապես չկա։

– Սակայն քննարկվում է նաեւ, թե ընթացող դատաքննության փուլում նախաքննական մարմինը ինչպես պիտի քննչական գործողություններ կատարի մեղադրյալների նկատմամբ։

– Շատ հասարակ։ Գործող քրդատօրի համաձայն՝ մենք իրավունք ունենք, ստանալով դատարանի համաձայնությունը, քննչական գործողություններ կատարել բոլո՛ր մեղադրյալների հետ։ Այսինքն, նախաքննությանը չի խանգարում, որ Նաիրի Հունանյանն այսօր դատի է տրված եւ ամբաստանյալ է։ Նա այս անջատված մասով կարող է հարցաքննվել, առերեսվել եւ քննչական այլ գործողությունների մասնակցել։ Ոչ մի դատավարական խոչընդոտ չկա նախաքննությունը շարունակելու համար։

Հարցազրույցը՝

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031