Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Մարտ 23,2001 00:00
Vardan Ayvazyan

Խորհրդարանական հինգշաբթին փորձ արեց ի մի բերել ամբողջ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող խմորումների պատկերը։

Խմբերի եւ խմբակցությունների ղեկավարներն առանձնապես հակված չէին փակագծերը բացել, բայց եւ չփայլեցին փակբերանությամբ։ Ակնհայտ է, որ քարը գլորված է, եւ ակնհայտ է, որ խորհրդարանական վերաձեւումները վերջնական տեսքի չեն եկել։

Եթե նախորդ օրը «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պնդում էր, թե խորհրդարանում խմորումներ չկան, ապա ճեպազրույցների ժամանակ նույնիսկ չբացառեց, որ կստեղծվի ոչ թե մեկ, այլ մի քանի խումբ։ Ավելին, նաեւ չհերքեց, որ հենց «Միասնություն» խմբակցությունն է շահագրգիռ այդ խմբի կամ խմբերի ստեղծմամբ։ Մեր հարցին, արդյո՞ք, «Միասնությունն» է այդ խմբերի ստեղծման նախաձեռնողը, պրն Սահակյանը պատասխանեց. «Մեզ համար, իհարկե, ընդունելի տարբերակ է, որ խորհրդարանը որոշակի դեմքով է հանդես գալիս», իսկ անկախ պատգամավոր ասվածը, ըստ Գ. Սահակյանի՝ խորհրդարանական ուժ չի կարող լինել. «յուրաքանչյուր պատգամավոր պետք է իր տեղը գտնի խորհրդարանում»։

ՀՅԴ խմբակցություն– Խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը խորհրդարանական հնարավոր վերադասավորումների մասին ասաց մասնավորապես հետեւյալը. «Բնական է՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների նորմալ գործակցություն պիտի լինի։ ԱԺ-ում հարաբերական կամ լրիվ մեծամասնության խնդիրը կարեւոր է, բայց ես կարծում եմ, որ գոնե առաջիկայում, յուրաքանչյուր կոնկրետ նախագծի վերաբերյալ հնարավոր է համատեղ աշխատանք։ Մեր խմբակցությունն աշխատում է այս մեթոդով։ Մեր խմբակցությունը չի պատրաստվում որեւէ մեկի հետ միանալ-անջատվել, մեծամասնություն կազմել եւ այլն։ Բայց մենք բոլորի հետ կարող ենք աշխատել»։ Իսկ խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանի կարծիքով, իրոք, «Միասնություն» դաշինքը կարող է խնդիրներ ունենալ վերադասավորումների հետ կապված, եւ դժվար թե նոր ձեւավորվող խումբը (եթե ձեւավորվի) լինի «Միասնություն» դաշինքին աջակցող խումբ։ Պրն Մաթեւոսյանը չասաց, թե այդ դեպքում որ խմբին կամ խմբակցությանն աջակցող կլինի նոր ստեղծվելիքը։

«Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը չթաքցրեց, որ իրենց խմբին դիմել են որոշ պատգամավորներ՝ անդամակցելու խնդրանքով։ Անուններ չասվեցին։ Իսկ վերադասավորումների մասին պրն Մալխասյանը «դեռ վաղուց» ուներ իր կարծիքը եւ ասաց. «մեծամասնությունը ԱԺ-ի ներսում չէ, որ պետք է ձեւավորվի, դա պետք է ընտրությունների միջոցով լինի»։

«Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Վարդան Այվազյանի ասելով՝ նոր վերադասավորումներ խորհրդարանում առայժմ չկան, բայց սպասվում են. «Այդ պրոցեսը նախկինում սկսված խնդիր էր, վերջնականապես իր լուծումը չէր ստացել, եւ գործընթացը շարունակվելու է»։ Վարդան Այվազյանը հիշեցրեց աշնանային իրադարձությունները՝ կապված խորհրդարանական մեծամասնության հետ եւ չբացառեց, որ վերադասավորումները կարող են առնչվել նաեւ իրենց խմբին։ Վարդան Այվազյանի կարծիքով՝ ՀԺԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կան խմորումներ, խմորումներ կան նաեւ խմբեր-խմբակցությունների միջեւ։ Ասվեց, որ նոր խմբերի ձեւավորումը չի կարող լինել «Կայունության» բազայի վրա, այսինքն՝ «Կայունությունը» հստակ հայտարարում է, որ ինքը գործելու է քաղաքական դաշտում որպես «Կայունություն» պատգամավորական խումբ»։ Պարոն Այվազյանն ասաց, որ խմբերից մեկը կկոչվի ագրարային։

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նոր մեծամասնություն ստեղծելու մասին հետեւյալ կարծիքին է. «Նույն մարդկանցից ամենատարբեր վարիացիաները կարող են ստեղծել։ Պատկերացրեք 131 պատգամավորի առկայության պայմաններում ինչքան կոմբինացիա կարելի է ստանալ։ Բայց բովանդակությունն ու էությունը չէ՞ որ նույնն են մնում։ Ահա այստեղ է, որ յուրաքանչյուրը պետք է մտածի, թե ինչով կարող է նպաստել Հայաստանի այս ծայրաստիճան վտանգվոր զարգացումների առաջն առնելուն։ Եվ, եթե մեծամասնությունը քաղաքական խորաթափանցություն ունենա, ապա ինքը կհրաժարվի կառավարություն ձեւավորելուց, կստեղծվի անկախ, ոչ կուսակցական երանգներ ունեցող ազգային փրկության կառավարություն, որի աշխատանքները, «Միասնություն» դաշինքը, ունենալով քաղաքական մեծամասնություն, կկարողանա վերահսկել»։

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը եւս չի բացառում խորհրդարանական վերադասավորումները, սակայն ասաց, որ «ՕԵ»-ն չի մասնակցելու դրանց, չնայած իրենց առաջարկել են մասնակցել։ Պրն Բաղդասարյանը չասաց, թե կոնկրետ ո՞վ է առաջարկել։ Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ՝ արհեստական ամուսնությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031