Երեւի հիշողներ կլինեն, թե ամերիկացիներն ինչպես տոնեցին իրենց նորընտիր պրեզիդենտի երդման արարողությունը: Պրեզիդենտ չսիրող հայիս, հին ու «բարի» ավանդույթի համաձայն, չգայթակղեց ոգեշնչված ամբոխը: «Նախնիների կանչը» հաղթեց, ու ես միացա հակաբուշական ցուցարարներին: Նրանք, նախ, մի քիչ Վաշինգթոնի կենտրոնում բողոքեցին, երգեցին, նորից բողոքեցին, իսկ հետո երթը շարունակեցին խուլ-մուլ, նեղ ճամփեքով: Երկնքից սառն ու անհյուրընկալ անձրեւ էր մաղում, ու ոչ մի պատահական անցորդ նրանց հաղթական երթի ռիթմը չխախտեց: Հատուկ ստուգումը պատվով հաղթահարելով, ցուցարարների շարասյունն անցավ այն զրահաապակեպատ ամբիոնի մոտով, որտեղից պրեզիդենտը սիրառատ ժպիտներ էր ընծայում վաշինգթոնցիներին: Իհարկե, կյանքից գոհ մայրաքաղաքցիներին տեսանելի էր պրեզիդենտի դեմքը, իսկ բողոքավորներին՝ թիկունքը:
Մի երիտասարդ ցուցարար այնպիսի «լիչնույու նեպրիյազն» էր զգում նոր նախագահի հանդեպ, որ հակագազ էր հագել: Նա համառորեն պնդում էր, թե այն օրվանից, ինչ այդ տեխասցին հայտնվել է Վաշինգթոնում, իր հարազատ քաղաքի օդը կեղտոտվել է:
ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆ
VERSUS ստուդիա
Կարդացեք նաև
Հ.Գ. Հաջորդ օրը ո՛չ Վաշինգթոնի քաղաքապետը հրաժարական տվեց, ո՛չ քաղաքապետարանի որեւէ աշխատակից «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» գործազուրկ դարձավ, եւ ո՛չ էլ նույնիսկ հակագազավոր ցուցարարը ձերբակալվեց: