Տոնը, որն ուզում եմ ներկայացնել, կապվում է հայոց պատմության այն ժամանակների հետ, երբ հայն ապրում էր իր ցեղային որակներով, իրեն սերտաճված էր զգում բնությանը։ Խոսքը Վահագնի ծնունդի՝ հայոց հինավուրց ամանորի մասին է։ Հայը, լինելով արիադավան, շեշտում էր կրակի եւ ուժի նկատմամբ պաշտամունքը, զի գիտակցում էր՝ ի՜նչ ցեղ, ազգ, անհատ, ընտանիք առանց կրակի, եռանդի, ուժի։ «Թուլությունը, անարիությունը ճիվաղներ է ծնում»,- կասեր Նժդեհը՝ ճիվաղային բոլոր դեպքերի ընդհանուր պատճառը վեր հանելիս։ Վահագնի ծնունդի տոնը կապվում է հայի նախածին՝ հուր-տարերքի ու ուժի պաշտամունքի հետ։
Այն ցեղը, որին հովանավորելու էր Վահագն աստվածը եւ որին նա ուժ, զորություն եւ հաղթելու կամք էր տալու, երկրային տարվա սկզբին՝ Արեգի 1-ին (մարտի 21-ին) հավաքվում էր հանդիսությամբ նշելու իր սիրելի աստծո ծնունդը, գիտակցելով, որ երկրային ամեն մի ծնունդ իմաստավորվում, հաստատվում է երկնայինի փառաբանությամբ։ Օրվա ընտրությունը պատահական չէ. այդ օրը արեգակը մտնում է Խոյ համաստեղություն, գիշերն ու ցերեկը հավասարվում են եւ սկսվում է գարունը։ Բնությունը եւս սկսում է զարթոնք ապրել։ Տոնին նախորդում էին ծիսային մաքրման ու լվացման արարողությունները։ Որպես կանոն, տոնի նախօրյակին տոնածառ էին զարդարում, որ խորհրդանշում է կենաց ծառը։
Գարնան սկզբին են Նոր տարին տոնել ոչ միայն հայերը, այլեւ արիական ողջ աշխարհը։ Այսօր էլ այդ ավանդույթը մի շարք արիական ազգերի մոտ պահպանվել է։
Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Փիլ. գիտ. թեկնածու