«Սայաթ-Նովա» լավագույն երգի 2000թ. մրցանակաբաշխության հաղթողները մարտի 16-ին պետք է մեկնեին ԱՄՆ՝ Լոս Անջելես եւ Սան Ֆրանցիսկո քաղաքներում համերգների։ «Առավոտին» հասած տվյալներով, վերջին պահին պարզվել է, որ ԱՄՆ դեսպանատունը մուտքի վիզա չի տալիս ու դրանով իսկ մրցանակաբաշխության կազմակերպիչների խոստումները, թե մեր երաժիշտները (այդ թվում՝ Պարույր Հայրիկյանը) կերգեն ԱՄՆ-ում, «ջրվում» են։ Բնականաբար, մարտ ամսին Լոս-ում խմելու ախորժակ պահած արվեստագետները թեւաթափ եղան։
Մրցանակաբաշխության կազմակերպիչ, Հայկական մշակութային հիմնադրամի տնօրեն Սամվել Մեսրոպյանը «Առավոտի» խնդրանքով պարզաբանեց. «Մեկնումը ոչ թե բացառվում է, այլ ընդամենը հետաձգվում։ Ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության տվյալների, այդ կարգի խմբերին մուտքի վիզա տրամադրվում է հրավերի նոր ձեւով։ Եվ այժմ մենք հրավիրող կողմին տեղյակ ենք պահել, ու նրանք շատ արագ կկարգավորեն այդ թղթատարական խնդիրները, կուղարկեն պահանջվող ձեւի հրավերը եւ, ամենայն հավանականությամբ, մայիսին կկայանան «Սայաթ-Նովա» մրցույթի հաղթողների համերգները ԱՄՆ-ում։ Հուսով եմ, ամեն ինչ նորմալ կընթանա։ Դեռ ավելին, հնարավոր է, որ համերգներ կայանան ոչ միայն Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում, այլեւ Նյու Յորքում»։
Մ. ԲԵՔԱՐՅԱՆ