Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունն անելիք չունի խմբագրություններում»

Մարտ 22,2001 00:00
zlm

Հայտարարում է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ռադիոընկերության նախագահը

ԱՄՆ-ի «Նեշընըլ փաբլիք ռադիո»-ի պրեզիդենտ եւ գլխավոր գործադիր տնօրեն Քեւեին Քլոուզը ԵԱՀԿ-ի «մարդկային չափանիշներին» նվիրված հատուկ նիստի ժամանակ (2001թ. մարտի 12, Վիեննա) հանդես է եկել ԶԼՄ-ներում մտքերի եւ կարծիքների արտահայտման ազատության մասին զեկույցով։ Նա ԵԱՀԿ-ի (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կոմիտեի) անդամներին կոչ արեց գիտակցել, թե որքան կարեւոր է անկախ լրագրողներին զերծ պահել հնարավոր հետապնդումներից, որոնց նպաստում է, օրինակ, պատվի եւ արժանապատվության մասին օրենքը, որը գործում է եվրոպական գրեթե բոլոր երկրներում։ «Ազատության ճանապարհն այսպիսին է՝ փշոտ, դժվար, բարդություններով լի։ Բայց, միեւնույն ժամանակ՝ սկզբունքորեն անհրաժեշտ այն հասարակությունների համար, որոնք իրենց «ազատ» են անվանում եւ պահանջում, որ այդպես անվանեն բոլորը»,- հայտարարեց պրն Քլոուզը։

Նա նաեւ կոչ արեց դատապարտել լրագրողների դեմ ուղղված բռնարարքներն ու թունավորումները եւ ստեղծել պրոֆեսիոնալ ժուռնալիստների իրավունքների իրավական երաշխիքներ. «Դուք պետք է ապահովեք այն կառուցվածքները, որոնք կարող են ամրապնդել եւ ապահովել լրագրողների պաշտպանության իրավական հիմքերը (օրինակ՝ պաշտպանություն զրպարտության մասին օրենքից), որպեսզի նրանք ազատորեն կարողանան անել իրենց գործը եւ արժանապատվորեն ծառայեն որպես ճշմարտության առաքյալներ՝ վեր հանելով խնդիրներ եւ նպաստելով դրանց քննարկմանն ու լուծմանը»,- դիմելով ԵԱՀԿ անդամներին, նկատեց «Նեշընըլ փաբլիք ռադիո»-ի նախագահը։ Նա իր զեկույցում նշում է. «Մեր երկրում մենք դավանում ենք մի կարեւոր սկզբունք. մարդիկ չեն կարող միաժամանակ լինել ե՛ւ ազատ, ե՛ւ չտեղեկացված։ Դեռ Թոմաս Ջեֆֆերսոնն էր ասում՝ պետությունն անելիք չունի խմբագրություններում։ Նրա գլխավորությամբ մեր դեմոկրատիայի մեջ ստեղծվեց ազատ մամուլի փորձարարությունների մեծ դաշտ։ Ու այդ ժամանակվանից մենք անընդհատ էքսպերիմենտներ ենք անում։ Վերմոնտ նահանգի օրենսդիր ժողովի մամուլի ցուցասրահում կա մի հուշատախտակ, որտեղ գրված է մեր աշխատանքային կարեւոր սկզբունքը. «Մամուլը պետք է պաշտպանի անհանգիստներին եւ անհանգստացնի պաշտպանվածներին»։ Իսկ նրանք, ովքեր անհանգստացնում են պաշտպանվածներին, միշտ ենթակա են ցանկացած վտանգի, անպաշտպան են»։

Լրագրողների անպաշտպանվածության օրինակներն անհամար են ցանկացած երկրում. լրագրողներ են անհետանում կամ ոչնչացվում ինչպես թույլ զարգացած եւ զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։ Լրագրողներին սպանում են, խեղում, ծեծում, ազատազրկում, ճնշում՝ ֆիզիկապես եւ հոգեբանորեն, միայն այն պատճառով, որ նրանք պատմում են լուրեր եւ ազատորեն արտահայտում իրենց կարծիքը։

Պրն Քլոուզը ԵԱՀԿ-ին դիմելով ասել է նաեւ. «Անվտանգության հարցերը, որով զբաղվում է ԵԱՀԿ-ն, ուղղակիորեն կապված են անկախ ԶԼՄ-ների գործունեության պրոբլեմների եւ երաշխիքների հետ»։ Նա իր խոսքում անդրադարձել է Ուկրաինայում սպանված լրագրող Գոնգաձեի գործին (նրա մահն, ըստ անկախ ԶԼՄ-ների եւ որոշ իրեղեն ապացույցների՝ Ուկրաինայի նախագահ Լ. Կուչմայի խղճին է – Մ.Բ.)։ Իր ելույթը պրն Քլոուզն ավարտել է այնպես, ինչպես սկսել է. «Դուք պետք է ապահովեք այն կառուցվածքները, որոնք թույլ կտան ամրագրել իրավական հիմք լրագրողների համար, ապահովագրեն նրանց զրպարտության մասին օրենքից, որպեսզի նրանք ազատորեն վեր հանեն հասարակության պրոբլեմները»։

Այս ամենն առավել քան հրատապ է նաեւ ՀՀ-ի համար, որտեղ շարունակում են ճնշել լրագրողներին՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։ Պետությունը եւս խառնվում է խոսքի ազատությանը, սահմանափակում այն՝ բոլոր հնարավոր լծակներով։ Հենց այսօր էլ լրագրողների դեմ մեղադրանքներ են առաջադրված զրպարտության հոդվածով։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031