Կրակեցին թռչունի վրա՝ չդիպավ, կրակեցին Արթուրին…
2000 թվականի հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը, ժամը 00.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Նավուր գյուղի տարածքում տեղակայված զենիթահրթիռային դիվիզիոնի զուգարանում հայտնաբերվում է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Հարությունյանի դիակը՝ հրազենային մարմնական վնասվածքով։ Սա Գուգարքի կայազորի զինդատախազության վարույթի քրեական գործի արձանագրությունից է։ Հրազենային-մարմնական վնասվածք, որը, սակայն, Պ. Հայրիկյանի հանձնաժողովին ուղարկած զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնական գրությամբ (23.06.2000թ.) ձեւակերպվում է այսպես. «06.01.2000թ. ժ. 23.45-ի սահմաններում… Արթուր Հարությունյանը՝ ծնվ. 1978թ., 1-ին դիվիզիոնի …հենակետի տարածքում հայտնաբերվել է անգիտակից վիճակում, զորանոցի լվացարանում՝ դանակահարված պարանոցի շրջանում»։
Ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ շարժառիթներում, ինչո՞ւ են սպանել Արթուրին։ Դիվիզիոնի հրամանատար Արտակ Մահլամյանը առաջին հարցաքննության ժամանակ ասում է. «Արթուրի նկատմամբ որեւիցե մեկի կողմից խոսակցություն չեմ նկատել, նա զինվորների հետ շատ քիչ է շփվել եւ հնարավոր չէր, որ որեւիցե մեկի հետ տալ-առնելիք ունենար»։ Ասում է մեկը, որը պնդել էր նաեւ, թե ինքը սպանության ժամանակ զորամասում չի եղել, իսկ, ասենք, ըստ Զոհրաբ Ավալյանի՝ եղել է… Դիվիզիոնի հրամանատարը քննիչի հարցին պատասխանել էր նաեւ. «Ես այդ օրն ընդհանրապես կրակոց չեմ լսել»։ Այդ օրը, փոխարենը, կրակոցներ, այն էլ ժ. 16.30-17.30-ի սահմաններում, լսել էին իր զինվորները։ «Ժ. 16.30-ի սահմաններում իմացանք, որ շարքային Բաղմանյանը եւ Օհանյանը «Ուրալ» մեքենայով գնացել են անտառ։ Մոտ կես ժամ հետո եկան եւ զորամասի համար փայտ բերեցին։ Երբ շարքային Հովսեփյանը հարցրեց, թե էն բանը տարե՞լ էին հետները, թե՞ ոչ, Օհանյանը հարցրեց՝ ի՞նչը։ Պատասխանը եղավ՝ ավտոմատը։ Ի պատասխան՝ Օհանյանը խիստ զարմացավ եւ ժխտեց։
Երեւի մոտ 15-20 րոպե հետո լսվեցին թխկթխկոցներ, որոնք սկզբում վերագրեցինք, թե փայտ են ջարդում, բայց հետո հասկացանք, որ դրանք կրակոցներ են»։ (Արման Ասատրյանի ցուցմունքից)։ Հրամանատարը ոչ միայն չէր լսել կրակոցները, ոչ միայն չգիտեր, թե իր զինվորն ինչ տալիք-առնելիք է ունեցել (զորամասում տեղյակ էին եղել Արթուրի դեկտեմբերյան կոնֆլիկտին՝ Բաղմանյանի հետ), այլ տեղյակ չէր… զորամասի, այսպես կոչված, հեղինակությունների՝ «Վեսյոլ» (Հ. Բաղմանյան), «Զուբ» (Արտակ Սարգսյան), «Ջոկեռ» (Արման Ասատրյան) շարժերի մասին։ «Համլետը, որպես ավտարիտետ, իրեն թույլ չէր տալիս մեզ հետ ճաշարանում ճաշել։ Նա ճաշում էր զորանոցում, միայնակ» կամ «Ենթարկվում էին նրա բոլոր տեսակի կարգադրություններին անխտիր, այդ թվում նաեւ ջոկի հրամանատարները՝ սերժանտները» (Սամվել Հակոբյանի ցուցմունքից)։ Կարեն Օհանյանը հայտնում էր, որ Համոն ոչ մի անգամ սառը ջրով չէր լվացվում. «Համլետին չէր դզում, որ մեր բոլորի հետ ճաշեր ճաշարանում»։
Կարդացեք նաև
Ս. Հակոբյանը վկայել էր, որ յուրաքանչյուր զինծառայող, եթե իր մոտ փող ունենար, ապա պարտադիր պետք է տրվեր Համլետին այդ գումարից կամ էլ «տուլիկ հասցրվեր»։ «Վեսյոլը»՝ Հ. Բաղմանյանը իր մասին գրել էր. «վախ» հասակում մի քանի անգամ ստացել է ուղեղի («ուղեղ» բառը՝ չորս «ղ»-ով) ցնցում, սրիչով եւ ապակու կտորով հաճախ է կտրել երակները։ Աղի հանք են ուղարկել, ապա Խորհրդային շրջանի զինկոմի կողմից զորակոչել են բանակ… «Ավտարիտետը», որի համար ընկերներն ասել էին, թե «մարտական հերթապահության չի կանգնում, վերակարգում չի լինում» (կամ «նույնիսկ ջոկի հրամանատարները վախենում էին նրան ընդգրկել վերակարգի մեջ»), ուշադրություն դարձրեք, հանկարծ գնում է… փայտ բերելու։ «Անտառից» գալիս են եւ, ինչպես նկարագրում է Արտակ Բադալյանը՝ «ինձնից վերցրեց ինքնաձիգը եւ, նշան բռնելով զուգարանի վրա, մի քանի անգամ կրակեց։
Կրակոցներից հետո երեւի Համլետը գոհ էր այն հանգամանքներից, որ բոլոր կրակոցները դիպել էին զուգարանին, ասաց. զուգարանը սետկա սարքեցինք… Ես նայեցի վերեւ եւ մի թռչուն տեսնելով… կրակեցի 3 անգամ այդ թռչունի ուղղությամբ, սակայն երեւի չդիպավ»։ Ժ. 16.30-17.30-ի սահմաններն են եւ սակայն… Համլետը դեռ որպես վկա հունվարի 7-ին (զարմանալի է, որ կալանքի տակ է հունվարի 24-ից) տեղեկացնում էր. «Ժ. 23-ի սահմաններում տեղի ունեցավ երեկոյան ստուգայց, որի ժամանակ պարզվեց, որ սերժանտ Արթուր Հարությունյանը բացակայում է»։ Երբ հայտնում են, որ զուգարանում գտել են Արթուրի դիակը, Համլետը սառնասրտորեն շարունակում է. «Ես կրակելու ժամանակ չպատկերացրեցի, որ զուգարանում մարդ կարող է լինել, իսկ կրակելու ժամանակ ոչ մի ձայն չի լսվել»։ Զինվորները (գործով 5 վկա եւ 20 տուժող են անցնում) պնդել են միմյանցից անկախ, որ զուգարանը մշտապես օգտագործվել է։ Ժամը 16:30-ից մինչեւ 23:40-ի սահմանները Արթուրն այնտեղ լիներ եւ գոնե մեկը չնկատեր, բացառվում է։ Ս. Հակոբյանը նախաքննության ժամանակ ասել էր, որ երբ տղաները «գնում էին կիսակառույցի կողմը՝ ես գտնվում էի 2 դոմիկների արանքը։ Նրանք ինձ ձայն տվեցին, ասացին՝ այստեղ կանգնի, մարդ չգա»։ Ինչո՞ւ…
Նախաքննության ողջ ընթացքում ոչ մի վկայի հարց չի տրվել, թե վերջին անգամ ե՞րբ եւ որտե՞ղ է տեսել Արթուրին։ Կամ «Ուրալ» մեքենայով ովքեր՝ ո՞ւր են գնացել։ Ո՞ւմ հանձնարարությամբ։ Լրացուցիչ ցուցմունք տալով, Համլետը (2.02.2000թ.) հայտնում է, որ ինքն է Արթուրին խփել եւ միայնակ տեղափոխել։ Որտեղի՞ց: Կարո՞ղ էր Համլետը միայնակ եւ աննկատ տեղափոխել Արթուրին, երբ զուգարանում Արթուրի դիակը հայտնաբերելուց հետո, ժամը 24-ին 5-6 զինվորներով հազիվ են… տեղափոխել։ Եթե Համլետը Արթուրին սպանել է մինչեւ զուգարանի վրա կրակելը, ապա ինչո՞ւ վկաներին հարց չի տրվել, թե մինչ այդ կրակոց լսե՞լ են, թե՞ ոչ, երբ զուգարանի վրա կրակոցը լսեցին 10-ից ավելի վկաներ, իսկ առաջինը՝ ոչ ոք…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ