Մեր պետությունն այնպիսի մի թափով է հարձակվել կոռուպցիայի վրա, որ վերջինս ճիշտ կանի՝ գլուխն առնի ու փախչի այստեղից։ Ժամանակին կոռուպցիան հայտնաբերելու համար պետությունը բավարարվում էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներում օտարերկրյա վարկերի օգտագործման արդյունավետությունը պեղելով։
Ընդ որում, այդ «պեղումներում» ներգրավվում էին հասարակական հիմունքներով աշխատող կամավորներ։ Հիմա պետությունը այնքա՜ն է կարեւորում կոռուպցիայի դեմ պայքարը, որ այն հայտնաբերելու համար պատրաստ է իր լղարիկ բյուջեից զոհողություններ անել։
Երեկ ՀՀ պետական գնումների գործակալությունում բացվեցին փետրվարի 19-ին հայտարարված «Սեփականաշնորհման գումարների հաշվին 2000-01թթ. կատարված 11 մլրդ դրամի շինարարական եւ այլ աշխատանքների արդյունավետության եւ նպատակահարմարության աուդիտ» ծառայության գնման հայտերի փաթեթները։ Գործակալության տնօրեն Զարեհ Սարգսյանը այս կարգի մրցույթով գործակալության աշխատանքները սկսելը «խորհրդանշական» բնութագրեց. պետությունը գումարներ է ծախսում իր իսկ գործունեությունը մասնավոր կազմակերպությունների միջոցով ստուգելու համար։
Մենք, իհարկե, վերանում ենք այն հանգամանքից, թե մեզ մոտ ինչ կամ ով ասել է պետություն եւ ինչքան ժամանակավոր է լինում այն մեզ մոտ։
Կարդացեք նաև
Մրցույթի հրավեր ստացած վեց կազմակերպություններից հայտ ներկայացրել էր երկուսը, որոնց փաթեթներն էլ, առաջին անգամվա վարանոտությամբ եւ մեկ ժամ ուշացումով բացվեցին մրցութային հանձնաժողովի կողմից։
Մինչ հանձնաժողովն ուշանում էր, տնօրեն Զարեհ Սարգսյանը զբաղեցրեց լրագրողներին։ Նկատի ունենք, որ հետաքրքիր տեղեկություններ եւ թվեր հաղորդեց պետական գնումների ինստիտուտի կայացման դանդաղ տեմպերի մասին։ 95 պետական կառավարման մարմիններից 68-ը նախահաշվային 250 հազար դրամից ավելի գնումների կարիք ունի եւ ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության՝ դրանք պետք է իրականացնի գործակալության միջոցով։ Սակայն ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների գնման հայտեր ներկայացրել է դեռեւս 35 պետական մարմին, որոնց հիման վրա հայտարարվել է 49 մրցույթ՝ 3 մլրդ 137 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Զ. Սարգսյանը համակարգի նոր ներդրվելու, պետական կառավարման մարմինների կողմից գնման առարկաների տեխնիկական բնութագրերը կազմելու ժամանակ ծագած դժվարություններով է բացատրում պետական մարմինների պասիվությունը գնման հայտեր ներկայացնելու հարցում։ Ճիշտ է, կառավարությունը եւ վարչապետը «հնարավոր միջոցառումները ձեռնարկել են» այդ ուղղությամբ։ Մասնավորապես հնարավոր է եղել 2001թ. բյուջեի կատարման եռամսյա համամասնությունները հունվարին հաստատել, առանց որոնց հնարավոր չէ գնման հայտեր կազմակերպել։
Բացի այդ, հաստատվել են գնման ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների անվանացանկերը, առանց որոնց հնարավոր չէ հաշվարկել դրանցից յուրաքանչյուրի համար ծախսման ենթակա գումարի չափը։
Իսկ ամենակարեւորը եւ ամենահնարավորը՝ «վարչապետի որոշմամբ հանձնարարվել է լիազոր մարմնին՝ ֆինանսների եւ էկնոմիկայի նախարարին, կազմակերպել հանդիպումներ պետական կառավարման մարմինների հետ»՝ վրաները մի լավ մատ թափ տալու, ավելի վարչապետավարի «օժանդակելու նրանց եւ որոշակիացնելու նրանց կարիքները եւ այդ կարիքները բավարարելու նպատակահարմարությունը»։ Այդ հանդիպումները կազմակերպվել են, ավելին, փետրվարի 16-ին նախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել բոլոր նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացուցիչներին եւ մի լա՜վ մեթոդական օժանդակություն ցույց տվել։
Վարչապետն էլ մի հինգ անգամ «մշակել» է բոլոր շահագրգիռ մարմիններին, այլ կերպ ասած, հանձնարարել է գնման գործընթացի կազմակերպման համար գործառույթներն իրականացնել ժամանակին, ապահովել դրանց համակարգված իրականացումը։
Թե ինչի՞ է նման. պետական գնումների համար բյուջեով նախատեսված 98 մլրդ դրամից կենտրոնացված կարգով, այսինքն, գործակալության միջոցով, պետք է կատարվեն ընդամենը 30 մլրդ-ի գնումներ։ Իսկ դրանից միայն 3 մլրդ-ի մրցույթն է առայժմ հայտարարված։
Շատ ժուժկալ են մեր կառավարման մարմինները. շատ հիմնարկներ միայն թղթի եւ բենզինի պահանջ են ներկայացրել, հազվադեպ՝ մեքենաների (10-ը՝ ողջ երկրում)։ Ընդհանրապես, ըստ պրն Սարգսյանի, «պետական մարմինների պահպանության համար քիչ միջոցներ են նախատեսվում (չլինի կոռուպցիայի դեմ պայքարից ելնելով- Ա. Գ.), այնքան քիչ, որ այդ միջոցների շրջանակում վտանգված է նրանց բնականոն գործունեությունը»։
Ի դեպ, վերոնշյալ աուդիտորական ծառայության նախահաշվային գինը 150 միլիոն դրամ է, որը մրցույթի հրավեր ստացած կազմակերպություններից «Քեյ- Փի-Էմ-Ջի- Արմենիա» ՓԲԸ-ն շատ ցածր է համարել եւ հրաժարվել մրցույթին մասնակցելուց։ Իսկ ներկայացած երկուսից հաղթողը կորոշվի մարտի 26-ին, ժամը 11-ին, երբ առաջարկությունների փաթեթների ուսումնասիրությունից հետո բացվեն նաեւ գնային ծրարները։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ