Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՂԻՆ ՔԱՐՏՈՎ» ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Մարտ 22,2001 00:00
Vahan Shirxanyan

1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Վազգեն Սարգսյանը նախագահ Քոչարյանին առաջարկել էր արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարարի պաշտոնում նշանակել Վահան Շիրխանյանին։ Այդ առիթով նախագահ Քոչարյանը վերջինիս հրավիրել է զրույցի եւ հայտարարել, որ նրան նախարար է նշանակում, բայց «դեղին քարտով» ու միայն Վ.Սարգսյանի պնդմամբ։

Երբ դիմեցինք Վ.Շիրխանյանին ճշտելու եւ մեկնաբանելու այս տեղեկությունն ու «դեղին քարտ» ստանալու շարժառիթը, վերջինս պարզաբանեց, որ նախագահ Քոչարյանը նկատի է ունեցել նախորդ գումարման խորհրդարանում Երեւանի կոնյակի գործարանի մասնավորեցմանը վերաբերող հարցը։ Նախագահ Քոչարյանն ասել էր, թե այդ հարցում Շիրխանյանն իր դեմ էր դուրս եկել:

Նախկինում ԱԺ «Երկրապահ» խմբի պատգամավորներից մեկն այդ դեպքը մանրամասնելով՝ ասաց, թե Կոնյակի գործարանի մասնավորեցման հարցի քննարկման օրերին Վ.Սարգսյանն արտերկրում է եղել։ Իմանալով ԱԺ-ում սկսված քննարկումների մասին, նա ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ «Երկրապահ» խումբը նախագծին «դեմ» քվեարկի։ Այդ գործը ստանձնել էր հենց Վահան Շիրխանյանը։ Սկզբնական շրջանում խմբի համար հանձնարարականը պարզ է եղել։ Սակայն հարցի քվեարկության օրը մի շարք պատգամավոր բանագնացներ են մեկնել նախագահ Քոչարյանի մոտ, ներկայացրել իրավիճակն ու պատգամավորների շրջանում Վ.Շիրխանյանի ծավալած գործունեությունը։ Արդյունքում, խմբում այս հարցի շուրջ տարակարծություններ են սկսվել։ Օրինագիծն, ի վերջո, իհարկե, ընդունվել է։

Ժամանակին նախագահի կողմից «դեղին քարտ» ստացած նախկին նախարարը հիմա քաղաքականությամբ է զբաղվում եւ անդամակցում է իշխանություններին ընդդիմադիր «Ազգային համաձայնության ճակատի» ձեւավորմանն ու դրա աշխատանքներին։ Հնարավո՞ր է, որ «դեղին քարտն» առաջիկայում փոխարինվի «կարմիրով»։ Այս հարցին պարոն Շիրխանյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը կարող է տարբեր գույների քարտեր ցույց տալ իր դաշտում գործող մարդկանց։ Այսօր ես այդ դաշտում չեմ եւ «կարմիր քարտ» ստանալու մտավախություն չունեմ»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031