Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բախումներ կան նաեւ ՀՅԴ խմբակցությունո՞ւմ

Մարտ 22,2001 00:00
Aghvan Vardanyan

Այս ենթադրությանն էր մղել մեկնաբաններին այն իրողությունը, որ Շավարշ Քոչարյանի՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականն ընդունել- չընդունելու հարցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հրապարակավ արտահայտեցին տարաբեւեռ մոտեցումներ։ Առաջինը կոչ արեց դեմ քվեարկել հրաժարականին, իսկ երկրորդը՝ պահպանել քաղաքական պայմանավորվածությունները, որի պարագայում պիտի քվեարկեին «կողմ»։ Թերթերից մեկն այս առումով եզրակացրել էր. «ՀՅԴ-ի պես փակ կառույցի պարագայում դա նշանակում է, որ այդ տարաձայնությունները բավական խորն են, եւ հետագայում պետք է սպասել ներկուսակցական բավական լուրջ բախումներ»։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Մարտուն Մաթեւոսյանը հերքեց. «Բացարձակապե՛ս չի համապատասխանում իրականությանը, թե հակասություններ կան։ Աղվան Վարդանյանի ելույթնը կարելի էր դիտարկել որպես Վահան Հովհաննիսյանի ելույթի շարունակություն։ Դաշնակցության խմբակցության կարծիքն, այո՛, այն էր, թե ճիշտ է Շավարշ Քոչարյանի մնալը՝ ելնելով նրա անձնական որակներից եւ հատկանիշներից։ Այդ հանձնաժողովում երկու պատգամավոր ունենք՝ Ռուբեն Հովսեփյանը եւ Մուշեղ Միքայելյանը։ Նաեւ մեր ընկերներն էին գտնում, թե Շավարշ Քոչարյանը, ճիշտ է, որ մնա հանձնաժողովի նախագահ։ Բայց երբ ե՛ւ ԱԺՄ-ն, ե՛ւ ՀՀԿ-ն դրեցին քաղաքական խնդիր՝ Աղվան Վարդանյանի ելույթն ուղղվեց դրան, թե վերջիվերջո դա «Միասնության» եւ ԱԺՄ-ի խնդիրն էր եւ իրենք պետք է լուծեին։ Եթե իրենք քաղաքական լուծում չէին տվել՝ մեր մոտեցումը կարող էր լինել ոչ քաղաքական»։

Մարտուն Մաթեւոսյանը Աղվան Վարդանյանի ելույթի ընթացքում ներկա չէր եղել եւ թերեւս այդ պատճառով բոլորովին այլ կերպ ներկայացրեց դրա բովանդակությունը։ Ինչեւէ։

«Շատերը կուզենային, որ Դաշնակցության խմբակցության ներսում լինեին տարաձայնություններ,- ասաց պրն Մաթեւոսյանը։- Բայց բացարձակապես ոչ մի տարաձայնություն չկա»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031