Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ն ԱՅԺՄ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Մարտ 22,2001 00:00
gagik jhangiryan

Ըստ ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ ամեն մեկը յուրովի է հասկանում իր այս արտահայտությունը։

-Դատելով նրանից, որ սկսել եք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահին հարցաքննել Մեղրիում եւ Գյումրիում Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված իր հայտարարությունների վերաբերյալ, կարելի՞ է եզրակացնել, որ «Հոկտեմբերի 27»-ի հնարավոր կազմակերպիչների գործի նախաքննությունն այժմ տարվում է նախագահին ընդդիմադիր ճամբարում նրանց գտնելու ուղղությամբ։

– Համաձայն չեմ Ձեր հարցի մեջ առկա ենթատեքստին։ Այն բոլոր անձինք՝ այդ թվում նաեւ կուսակցության ղեկավարներ, քաղաքական գործիչներ, որոնք իրենց այս կամ այն ելույթում, հրապարակման մեջ հայտարարել են, որ իրենք գիտեն, թե ովքեր են իրականում կազմակերպել կամ ովքեր են կանգնած Նաիրի Հունանյանի թիկունքում՝ մենք նրանց բոլորին հրավիրել ենք հարցաքննության՝ սկսած Աշոտ Մանուչարյանից։ Եվ շարունակում ենք հրավիրել։ Վկայի կարգավիճակով մարդուն հարցաքննելը նախաքննության որեւէ ուղղություն չի կարող ենթադրել։

– Այսուհանդերձ, արդյոք այդ ուղղորդվածության վկայությո՞ւնը չէ այն, որ Պետրոս Մակեյանի հայտարարություններից շուրջ մեկ տարի անց են միայն պահանջվում պարզաբանումներ։

– Ոչ մի ուղղորդվածության մասին էլ չի վկայում։ Քանի որ անջատված մասը վերաբերում է նոր հնարավոր կազմակերպիչների, դրդիչների եւ օժանդակողների, այդ պատճառով էլ մենք ստուգում ենք նախաքննությամբ դեռեւս չհերքված վարկածները։ Հիմա ենք հարցաքննում, քանի որ գործի ծանոթացման փուլում քննիչները մեծամասամբ զբաղված էին եւ, ինչպես ասել էի իմ վերջին ասուլիսում, անջատված մասով քննչական աշխատանքները մի քիչ դանդաղել էին, բայց գործը դատարան ուղարկելուց հետո այդ աշխատանքներն ակտիվացել են։

– Ինչո՞ւ, ինչպես Ձեզ անընդհատ հորդորում են իշխանական քարոզչամիջոցները, չեք հարցաքննում Վաղարշակ Հարությունյանին եւ Վահան Շիրխանյանին։ Վերջինիս հրաժարվել եք իր իսկ պահանջով անգամ հարցաքննել։

– «Հայլուրին» տրված իմ հարցազրույցում ասել էի, որ ոչ ոք «ապրիորի» չի հարցաքննվում։ Վկան որոշակի տեղեկատվություն կրող անձնավորություն է եւ վկայի ամեն մի հարցաքննություն ունի իր տրամաբանությունը՝ ինչ փաստական հանգամանքներ պիտի հաստատվեն եւ ճշգրտվեն տվյալ վկայի ցուցմունքով։ Չեմ բացառում նույն Շիրխանյանի, Վաղարշակ Հարությունյանի եւ այլ անձանց հարցաքննությունները եւ նույնիսկ նախկինում հարցաքննված անձանց կրկնակի հարցաքննությունները։ Բայց քննության որոշակի մարտավարական նկատառումներից ելնելով՝ այդ խնդիրներն այժմ հետաձգված են։

– Իսկ Շիրխանյանից եւ Վաղարշակ Հարությունյանից բացի կա՞ն այլ անձինք, որոնք միայն բանավոր են պատմել իրենց իմացածը, եւ նրանց անունները կարող են վաղը շրջանառության մեջ դրվել շահարկումների նպատակով։

– Ես բազմաթիվ մարդկանց հետ եմ բանավոր հաղորդակցվում ի պաշտոնե նաեւ։ Տեղեկատվության կարեւորությունից ելնելով՝ որոշ բանավոր զրույցներ վերածվել են ցուցմունքների։ Իսկ այլ զրույցներ, որոնք բովանդակային, ապացուցողական ոչ մի նշանակություն չեն ունեցել՝ ցուցմունքների վերածելն աննպատակահարմար է համարվել։ Եթե ծայրահեղացնեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով կարելի էր հարցաքննել Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությանը։ Եվ եթե բոլորին հարցաքննեինք էլ՝ հետո կասեին, թե ընտանիքներում անչափահասներ են մնացել՝ ինչո՞ւ նրա՛նց չեք հարցաքննել։

– Բազմաթիվ են կանխատեսումները, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների վերաբերյալ գործն ինչ շրջադարձ կունենա։ Մասնավորապես, Ստեփանակերտ կատարած Ձեր այցը եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումը, որի ընթացքում, ըստ լուրերի, քննարկվել է «Հոկտեմբերի 27»-ի գործը, կասկածների տեղիք են տվել, թե բացառված չէ գործը Սամվել Բաբայանի վրա բարդելու նոր փորձը։

– Դա հերթական աշխատանքային այց է եղել։ Յուրաքանչյուր տարի առնվազն 4-5 նման այցեր եմ ունենում ԼՂՀ։ Եվ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպում եմ իմ յուրաքանչյուր այցելության ժամանակ։ Ուղղակի չգիտեմ, թե ինչու այս հանդիպմանը նման մեկնաբանություններ տրվեցին։ Կարող եմ նշել, որ «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող որեւէ հարց ԼՂՀ նախագահի հետ չենք քննարկել։ Այսպես կոչված «ղարաբաղյան» վարկածը ստուգվել եւ չէր հաստատվել նախաքննության ընթացքում։

– Որքան հայտնի է՝ նախկին իշխանավորներին առնչվող վարկածներ էլ էին քննարկվել նախաքննության ընթացքում։ Դրանք նույնպե՞ս հերքվել են։ Թե՞ այնքան էլ անհավանական չեն այն կանխատեսումները, որ շրջադարձը կարող է նաեւ այսպիսին լինել՝ կազմակերպիչ կներկայացվեն նախկին իշխանավորները։

– Այո, ստուգվել են եւ նույնպես չեն հաստատվել։

– Փաստաբան Տիգրան Ջանոյանի փաստարկն է, թե անջատված մասով գործի քննությունն ընդհանրապես անիմաստ է, քանի որ չկան կոնկրետ մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Հեռուստատեսությամբ իրավաբանական բանավեճը նպատակահարմար չգտաք։ Գուցե այժմ ներկայացնեք Ձեր հակափաստարկները։

– Ցավոք, «Հայլուրին» տրված իմ հարցազրույցի այդ մասը հիմնական թողարկման ժամանակ կրճատված էր՝ ես մանրամասն անդրադարձել էի այդ հանգամանքներին։

Քանի որ պրն Ջանոյանը տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչն է, իսկ Վազգեն Սարգսյանն՝ իմ ընկերը, ուստի հեռուստաեթերով պրն Ջանոյանին փնովելու կամ նրա իրավաբանական սխալներն ի ցույց դնելու բարոյական խնդիր ունեի։ Եվ հիմա էլ ունեմ։ Հետեւաբար՝ չեմ ցանկանում վիճարկել Ջանոյանի տեսակետը։ Ես ուղղակի կմեջբերեմ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի այդ նույն 28-րդ հոդվածից, որը նա վկայակոչում էր. «Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով եւ չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության եւ օբյեկտիվության վրա»։ «Ա՛նձ» է նշված, չի նշված «մեղադրյալ» կամ «կասկածյալ»։ Իսկ անջատված մասով մենք ոչ թե մեկ, այլ մի քանի անձինք ունենք։ Թե հետագայում այդ անձինք դատավարական ինչ կարգավիճակի կհանգեն՝ ցույց կտա նախաքննության ընթացքը։

Եվս մի հակափաստարկ. եթե հետեւենք պրն Ջանոյանի տրամաբանությանը՝ հանցագործության կատարող անձի անհայտ լինելու պարագայում չպիտի հարուցվի քրեական գործ։ Ասենք, եթե Խոռխոռունու սպանության գործով մինչ այժմ ձերբակալված անձ կամ մեղադրյալ չկա՝ ուրեմն չպիտի՞ լինի քրեական գործ։ Գործը հարուցվում է փաստի առթիվ եւ ոչ անձի նկատմամբ։ Միայն որոշ դեպքերում է գործի հարուցման փուլում հայտնի լինում նաեւ անձը։ Էլ օպերատիվ-քննչական աշխատանքներն ինչի՞ համար են։ Հենց կասկածյալներին ու մեղադրյալներին հայտնաբերելո՛ւ համար։

Գնահատում եմ Տիգրան Ջանոյանին որպես փորձված, հմուտ փաստաբանի, սակայն նրա՝ «Օրակարգին» մասնակցությունից կարելի էր այն տպավորությունը ստանալ, որ նա մի պահ մոռացել էր, թե ինքն ում շահերի ներկայացուցիչն է դատարանում։

(Շարունակելի)

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031