Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐՕՐՅԱ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մարտ 21,2001 00:00
xor virap

Բերկրանքով վերադառնալով փետրվարի 24-ին Խոր Վիրապ կատարած ուխտագնացությունից, զարմանքով իմացանք, որ այն այլ ձեւով է մեկնաբանվել «Առավոտ» թերթում՝ Շանթ Խարանյան ծածկանունով մեկի կողմից։ Իրականությանը համապատասխանում էր միայն մեր Խոր Վիրապ կատարած ուխտագնացության լուրը։ Մնացածը հեղինակի կանխամտածվածությունից եւ հայոց եկեղեցուն ու ուխտի խորհրդին սեւ ակնոցներով նայելու ձգտումից է ծնվել։

Տրամագծորեն հակառակ հայացքով ենք ուխտավորներս եւ հրապարակման հեղինակը դիտել մեր շուրջը։ Մինչ ուխտավորները հուզմունքով ընդունում էին խաչով ընդառաջ եկած երիտասարդ վանահոր օրհնությունը, հոդվածագիրը վանահոր ձեռքին բջջային հեռախոս էր տեսնում։ Մե՞ղք է, որ բնակավայրից բավականին առանձնացված եւ մեկուսի վանքի վանահայրը կապի որեւէ միջոց ունենա, բայց որ չունի՝ հաստատ կարող եմ ասել։ Մինչ մենք եկեղեցի եւ Լուսավորչի չարչարանաց վիհն ենք մտել, նա «եվրոնորոգված» սենյակներն է զննել։ Սա հերթական կեղծիքն է, որովհետեւ վանահայրը նշեց, որ շուտով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կարգադրությամբ վերսկսվելու են շինարարական աշխատանքները, սենյակները նորոգվելուց հետո ծառայելու են միաբանների բնակությանը։ Հոդվածագիրը նույնիսկ չգիտի, թե ինչպես կարելի է դիմել հայ եկեղեցու սպասավորին։ Վարդապետ վանահորը «մեծարում» է «գլխավոր տեր հայր» եւ այլ բնորոշումներով։

Ցավալի է, որ ամեն ինչ խեղաթյուրելու մոլեգնությունը թղթակցին ստիպել է տեսիքներ տեսնել, ըստ որոնց, վանահոր գավազանը բռնած սարկավագը երեւացել է «ուրագով թիկնապահ»։ Իսկ մենք պատրաստվում ենք Հայաստանի քրիստոնեացման 1700-ամյակը տոնել, աշխարհին ներկայացնել մեր եկեղեցին։ Այսպե՞ս…

ԱՄԱԼՅԱ ԱՍՈՅԱՆ

Հ.Գ. Խոր Վիրապի վանահայրը տարիներ շարունակ ՀԱՀ եթերում հաջողությամբ վարել է «Առավոտ լուսո» հոգեւոր հաղորդաշարը։ Նա նաեւ զգալի ավանդ ունի կրոնի ուսուցիչների պատրաստման եւ կիրակնօրյա դպրոցների գործունեության կազմակերպման գործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031