Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔՆԵՐ

Մարտ 21,2001 00:00
Ghazaros Saryan

Ուրբաթ, մարտի 16-ին, Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ հուշ-համերգ՝ նվիրված հայ ժամանակակից կոմպոզիտոր եւ մանկավարժ Ղազարոս Սարյանի ծննդյան 80-ամյակին։ Կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Տիգրանովան սեղմ եւ բովանդակալից ներկայացրեց Ղազարոս Սարյանի դերը հայ մշակույթի զարգացման գործում։ Երեկոյի երաժշտական մասը բացեց Ղազարոս Սարյանի «Անդանտե եւ Պրեստոն» ջութակի եւ նվագախմբի համար։ Խորհրդանշական էր «Կոմիտաս» լարային կվարտետի առաջին ջութակահար եւ կոնսերվատորիայի լարային ամբիոնի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի՝ որպես մենակատար հանդես գալը, քանի որ այս ստեղծագործությունը 1997թ. հեղինակը գրել եւ ձոնել է նրա 50-ամյակին։ Հնչեցին կինոերաժշտության ժանրի նրա 2 սիմֆոնիկ շարքերը՝ «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն եւ Սիմֆոնիկ պատկերները։ Ղազարոս Սարյանը ղեկավարել է ինչպես կոմպոզիտորների միությունը, այնպես էլ պետական կոնսերվատորիան։ Նա նաեւ երկար տարիներ վարում էր կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը։ Նրա ուսանողներն են եղել ճանաչված կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ստեփան Լուսիկյանը, Ռուբեն Ալթունյանը, Վարդան Աճեմյանը եւ այլք։ Սիրված գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի որդի, հանրաճանաչ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ուսանող Ղազարոս Սարյանը փոխանցեց երիտասարդ սերունդներին ոչ միայն բարձրորակ պրոֆեսիոնալ գիտելիքներ, այլեւ՝ արվեստին ծառայելու հզոր ազդակներ։

ՄԱՐԻԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031