Երեւանի մնջախաղի պետական թատրոնի թատերաշրջանի բացումը համընկավ Կանանց միջազգային տոնին՝ Մարտի 8-ին։
Այսօր հանրապետության շատ թատրոններ ճգնաժամային հոգեվարքի մեջ են. շենքերը չեն ջեռուցվում, նոր ներկայացումների համար միջոցներ չեն տրամադրվում, դերասաններն ամիսներով աշխատավարձ չեն ստանում։ Եթե այս ամենին ավելացնենք, որ մնջախաղի թատրոնը նաեւ սեփական շենք չունի, ապա պատկերը պարզ կդառնա։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ մնջախաղի թատրոնը նոր ծրագրեր է իրականացնում՝ կապված քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ։
– Մնջախաղը մեծ լռությունն է,- նշեց Ժ. Դադասյանը,- երբ ասելիքն ամփոփվում է դիմախաղի, շարժումների միջոցով, ուր խտացված են հույզերն ու ապրումները, ճկունությունը։ Մեր բոլոր ներկայացումներում ձգտում ենք առաջնորդվել Չապլինի, Մարսել Մարսոյի, Լեոնիդ Ենգիբարովի դասական, միաժամանակ ավանգարդ ոճի մնջախաղի լավագույն ավանդույթներով։ Շուտով լրանալու է շենքը վարձակալելու պայմանագրի ժամկետը եւ լինել-չլինելու հարցը սրի նման կրկին կկախվի մեր գլխին, մինչդեռ մշակույթի նախարարության հոգը չէ, թե մշակույթի եւս մեկ օջախ կարող է կործանվել։ Չնայաց այս ամենին, քրիստոնեության 1700-ամյակը կնշանավորվի «Շերանիկ» մեկ գործողությամբ մելոդրամայի բեմադրությամբ։ Հոկտեմբերին ծրագրվում է Երեւանում անցկացնել մնջախաղի «Նազենիկ» միջազգային փառատոն, որին կմասնակցեն արտերկրի շուրջ մեկ տասնյակ մնջախաղի թատրոններ։ Ինչո՞ւ «Նազենիկ»,- պարզաբանում է գեղարվեստական ղեկավար Ժ. Դադասյանը,- քերթողահայր Խորենացին սրա պատասխանը տալիս է հետեւյալ կերպ։ Նա պատմում է մի դերասանուհու մասին, ով ձեռքերի շարժումներով պատմություններ էր պատմում։ Ըստ էության, Նազենիկը մեր առաջին մնջախաղի դերասանուհին է։ Ահա թե ինչու որոշեցինք, որ փառատոնը նրա անունով կոչվի։ Իսկ ապրիլին եւս մեկ պրեմիերա կունենանք, ինչպիսի՝ չեմ ուզում բացել փակագծերը։ Միայն կարող եմ ասել, որ հանդիսատեսին հաճելի անակնկալ է սպասվում։
Կարդացեք նաև
ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ
Ուսանողուհի