Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԵՍ ՉԵՄ, ՈՒՐԵՄՆ ԴԵՄ ԵՄ

Մարտ 21,2001 00:00
ynddem

Այսպես է մտածում հայ ճարտարապետների մեծամասնությունը

Արդեն 8-րդ տարին է, ինչ Ալիկ Զուրաբյանը Հայաստանի ճարտարապետների միության նախագահն է։ Ամեն տարի ՃՄ նախագահը պետք է հաշվետու ժողով կազմակերպի՝ ներկայացնելով միության կատարած աշխատանքները։ Վերընտրվելուց երկու տարի անց Ալիկ Զուրաբյանը ժողով հրավիրեց ՃՄ-ում։ Մեկ ժամ եւ ավելի տեւողությամբ նրա ելույթը դատողություններ էին ճարտարապետության մասին, որ այն աբստրակտ արվեստ է եւ այլն։ Ա. Զուրաբյանի միապաղաղ ելույթի միակ բարձր նոտան էր. «Երեկ մի 2-3 ժամով պտտեցի քաղաքով, էն՝ ինչ տեսա՝ զարհուրելի էր»։ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի 20-ից ավելի անդամներից 9-ը ՃՄ վարչության անդամներ են, այդ թվում՝ Ա. Զուրաբյանը։ Վերջինս գրեթե չի լինում այդ խորհրդի աշխատանքներին։ Նախապես պլանավորված երկու «հրավառություն» ելույթներ հետեւեցին Ա. Զուրաբյանի խոսքին, որոնք ժողովի թեման՝ ՃՄ գործունեությունից սահուն փոխեցին Երեւանի գլխավոր ճարտարապետի դեմ։

ՍՄԿԿ-ական ոգով էր առլեցուն ավագ սերնդի ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանի ճառը (նա ամբիոնին մոտեցավ խրոխտ՝ վերարկուն ուսերին գցած). «… Ծառերը կտրեցին… Գետառը փակում են… Այդպիսի կոնցեպցիաներով քաղաքը ղեկավարելը հանցագործություն է… Հետո ինչպե՞ս պետք է նայենք մեր հետնորդների երեսին։ Մենք մեր բոլորը ուժերը տվել ենք այս քաղաքին… Եվ փոխանակ պաշտպանենք այդ բոլորը, հանգիստ նայում ենք, երբ մեր աչքի առաջ ոչնչացնում են մեր երեխաներին…»։ Այս կոչի ոգին այնքան հոգեհարազատ էր դահլիճի մեծամասնությանը, որ ծափահարում էին ու ռեգլամենտը երկարացնում։ Երեւանի գլխավոր ճարտարապետ, փոխքաղաքապետ Նարեկ Սարգսյանը բարձրացավ ամբիոն՝ պատասխանելու հարցերին։ Նախ նա, որպես ՃՄ անդամ, հետաքրքրվեց, թե ինչու է այս ժողովը հրավիրվել, ո՞րն է օրակարգը. «… Ես գիտեմ, որ այս դահլիճում վերջին տարիներին անընդհատ հավաքվել են մեկ նպատակով՝ ընդդեմ ցանկացած գործող գլխավոր ճարտարապետի… Բոլոր գլխավոր ճարտարապետներն էլ ծագել են ձեր միջից… Այստեղ կա թյուրիմացության մեջ գցելու միտում. Գետառի վերաբերյալ այս ամենը բացարձակ սուտ է։ … Ի՞նչ է ուզում պրն Խաչիկյանը. պարզապես մոտեցել է ինձ, խնդրել, որ նախագծով օգնեմ իրեն, չեմ կարողացել՝ դրանից հետո հարաբերությունը դարձել է այսպիսին…»։

Ն. Սարգսյանի ելույթից հետո ավագ սերնդի մի ճարտարապետ ընդմիջման ընթացքում ասաց. «Խաչիկյանը Նարեկի ելույթից հետո պետք է ատրճանակը վերցներ ու ինքնասպան լիներ…»։ Ստեփան Քյուրկչյանը, որին զարմացրել էր Ա. Զուրաբյանի խոսքը, թե ճարտարապետությունը աբստարկտ արվեստ է, ասաց. «Մեր ճարտարապետները շատ հիանալի սկսում են քննադատել, բայց երբ հերթը հասնում է իրենց՝ խախտում են ազատ ձեւով։ Խաչիկյանը դեմագոգիկ բաներ ասաց, բայց հենց Նարեկ Սարգսյանը վեր կացավ պատասխանելու՝ նա դահլիճից դուրս եկավ։ Ի՞նչ է, ա՛յ ընկեր, քեզ հետաքրքրում է միայն, որ քննադատե՞ս, ֆեերվե՞րգ անես, եթե բան ես ասում-մեղադրում, բարի եղիր լսել։ … Էն մարդկանց, որոնք գործ են անում, դրանց նկատմամբ ագրեսիվ տրամադրություններ են բանեցնում։ Ո՞նց անեն, որ դրան ոչնչացնեն, ցեխոտեն»։

Երբ ելույթներ հնչեցին միության գործունեության դեմ, ՃՄ նախագահ Ա. Զուրաբյանը դարձյալ խոսեց՝ այս անգամ բողոքելով. «Ես այդպիսին եմ, չեմ սիրում թվաբանություն… Ես, որպես պրակտիկ ճարտարապետ, սոսկալի ծանր եմ տանում էս իրականությունը։ … Գլխավոր ճարտարապետի գործունեությունը միանշանակ կախված է քաղաքապետի ճաշակից, բնավորությունից, քաղաքական վիճակից… Զանգվի կիրճում բոլորը նրանք են, գետի հունն են փոքրացնում… Եթե ես համոզված լինեմ, որ դա կօգնի մեզ, կարող էի գտնել հեղինակներին, բերել այստեղ կարմրացնել։ … Այսուհետեւ (8 տարի հետո- Ս. Ս.) շատ գործնական ենք լինելու։ Շատ բաներ կան՝ ես ընդունում եմ, բայց նորից եմ ասում, ես էս ձեւի մարդ եմ, իմ տրամադրությունն ընկած է…»։

Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը եւ էլի մեկը չդիմացան. «Ինչո՞ւ ես գոռում, էդ տոնով խոսում կոլեգաներիդ հետ»։ «Գոռում եք՝ էս չունեմ, էն չունեմ, ես ըսենց եմ… Չհասկացա, ի՞նչ ունեք բա։ Ասում եք՝ «խոսելու փորձ չունեմ, էմոցիոնալ եմ», չի կարելի չէ՞։ Եղբա՛յր, էդպիսի՞ն ես, բարի եղիր, էսքան մարդիկ կան, տեղդ զիջիր՝ թող ուրիշը գա աշխատի։ Դա ի՞նչ խոսելու ձեւ ա։ Մարդ ենք չէ՞, լուռ նստած տանում ենք»,- ասաց Հ. Խաչատրյանը։

«… Ի՞նչ եմ արել, հո չեմ բռնաբարել քեզ»,- բեմից Հ. Խաչատրյանին հարցրեց Ա. Զուրաբյանը։ «Անհեթեթությունը ինչքա՞ն կարելի է լսել՝ «դուրս եմ գալիս փողոց, քիչ է մնում կախվեմ»։ Կախվի, վերջանա, ի՞նչ խոսակցություն է դա։ Մարդը պետք է կարողանա ինչ որ բան տեսնել, եթե չես կարողանում՝ ուրիշ բան»,- պատասխանեց Հ. Խաչատրյանը։

Մոտ 4 եւ ավելի ժամեր զսպում էին, ի վերջո չդիմացան բարոյախրատական, դեմագոգիկ ելույթներին։ Տպավորություն էր, թե նման «լղոզված» կերպով էլ կավարտվի, չեն հարցնի՝ թե ինչու են կանչել եւ ինչ են այսքան ջուր ծեծում, այն որ միությունն այլեւս անհույս օղակ է։ Դահլիճից այս վերջին պոռթկումը իրավիճակը փոքր-ինչ փոխեց։ Զարմանալի էր միայն այն, որ շատ տեղին մի հարց՝ ՃՄ-ն լուծարելու մասին, թողնվեց վերջում, ոտքի վրա միայն մի քանի ավագներ «ոչ» ասացին։ Սա է պատկերը Ճարտարապետների միության։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031