Երեկ «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների խախտումների մասին» թեմայով քննարկում։
Քննարկմանը մասնակցում էին «Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական կոմիտեի» նախագահ Արմեն Ջավադյանը, փաստաբանների միջազգային միության անդամ Ռուզան Տեր-Վարդանյանը, փաստաբաններ, իրավաբաններ, ինչպես նաեւ՝ մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվել են։ Հենց սկզբում պրն Ջավադյանը դժգոհեց, որ «չնայած մենք կանխամտածված հրավիրել էինք նաեւ պետական ատյանների ներկայացուցիչների, սակայն ոչ բոլորն են հարկ համարել մասնակցել։ Նման վերաբերմունքը վկայում է, որ մեր պետական այրերը շահագրգռված չեն դատաիրավական համակարգում բարեփոխումներ կատարելու հարցում»։
Պրն Ջավադյանը նկատեց նաեւ, որ «դատական համակարգում առկա են ճնշումներ վերադասների կողմից՝ դատավորների կախվածություն, հովանավորչություն եւ կոռուպցիա։ Օրինախախտումները հիմնականում լինում են այն գործերում, որոնք կրում են խրոնիկ կամ մասսայական բնույթ»։ Որպես օրինակ պրն Ջավադյանը ներկայացրեց հայտնի գրող, գրականագետ, հրապարակախոս Հարություն Գաբրիելի Մկրտչյանի ընտանիքում ծագած վիճաբանությունը՝ կապված նրա թողած կտակի հետ։
Հարություն Մկրտչյանը իր ողջ ունեցվածքը՝ երկհարկանի առանձնատունն ու գրականությունը, կտակել է կրտսեր որդուն, ինչը դուր չի եկել միջնեկին (չնայած նա հողամասի հարեւանությամբ կառուցել էր իր տունը)։ 1994թ. միջնեկ որդին վաճառում է իր տունը եւ պահանջում ժառանգություն ծնողների բաժնից՝ պնդելով, որ կտակը կեղծ է. հայրը ստորագրել է մոր փոխարեն։ Կտակն ուղարկվում է փորձաքննության ոչ թե պետական կազմակերպություն, ինչպես պահանջում էր օրենքը եւ հաստատում նաեւ արդարադատության փոխնախարար Հ. Մանուկյանը, այլ՝ Հայկական փորձագետների միություն։ Փորձաքննությունը հաստատում է, որ ստորագրությունը կեղծ է, սակայն անհայտ պատճառներով, ոչ թիվ 1 նոտարական գրասենյակը, որը կազմել էր կտակը եւ ոչ էլ կտակի հաստատման եւ ստորագրման ժամանակ ներկա եղած վկաները՝ կեղծ վկայություն տալու եւ փաստաթղթեր ձեւակերպելու համար չեն դատապարտվում օրենքով։
Կարդացեք նաև
Փոխարենը, որոշ ժամանակ անց, բարձրացվում է սույն գործը լսած Խորհրդային շրջանի դատավոր Ա. Մուսախանյանի պաշտոնը եւ նա դառնում է վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ Ա. Մկրտումյանի օգնականը։
Այս գործը 5 տարի շարունակ լսել են 5 դատավորներ եւ 2 դատարան։ Սակայն, անհայտ պատճառներով, դատավորները խուսափում են այն քննել, փոխարենը՝ անկեղծորեն ասում են՝ «չնայած օրենքը ձեր կողմն է, սակայն մեզ վրա ճնշում է գործադրվում»։
Ռուզան Տեր-Վարդանյանը, թվելով մի քանի անօրինականությունների փաստեր, վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործով պալատի նախագահ Արման Մկրտումյանին մեղադրեց, որ նրա թելադրանքով ու գիտությամբ են դրանք կատարվել։ Իսկ Ա. Մկրտումյանը դեռ պահանջում է, որ ԱԺ-ն ընդլայնի վճռաբեկ դատարանի լիազորությունները։ «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի դրանից հետո։ Արման Մկրտումյանը իր ծանոթների խնդրանքով եւ նրանց համար ցանկացած արդար վճիռ կփոփոխի իր ցանկացած ձեւով, այն կստանա օրինական ուժ եւ հնարավոր չի լինի այդ որոշումը ոչ բողոքարկել, ոչ էլ գանգատարկել»։
ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ