Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ՞ ՇՈՒՍՏՈՎՆԵՐԻՆ

Մարտ 21,2001 00:00
konyaki gorcaran

Նախկին սոցիալիստական եւ Մերձբալթյան մի շարք պետություններում ընդունվել է օրենք՝ կոմունիստական վարչակարգի կողմից բռնագրավված եւ պետականացված սեփականությունը նախկին տերերին վերադարձնելու մասին։

Հայաստանը ինչ-ինչ պատճառներով այդպիսի օրենք դեռ չի ընդունել։ Չնայած արդարացի կլիներ նախկին մեծահարուստներ Եղիազարովների, Աֆրիկյանների եւ այլոց ժառանգներին վերադարձնել իրենց հայրերին եւ պապերին նախկինում պատկանող ունեցվածքը, մասնավորապես, Երեւանի եւ Գյումրիի կենտրոններում գտնվող շքեղ առանձնատները, որոնց մեծ մասում մինչեւ օրս ծվարել են տարատեսակ հիմնարկություններ եւ կազմակերպություններ։ Արդարացի կլիներ նաեւ վերադարձնել կուլակաթափման եւ կոլտնտեսությունների ստեղծման ժամանակաշրջանում բռնագրավված կամ «կամավոր» կոլտնտեսություններին հանձնված սեփականությունը։ Սակայն Հայաստանի իշխանությունները, խուսափելով ավելորդ բարդություններից եւ տնտեսական դժվարություններից, նույնիսկ չեն քննարկում այդ հարցը։

Միեւնույն ժամանակ, ի տարբերություն Խորհրդային Հայաստանի, ՀՀ-ն քաղաքացիների անձնական սեփականությունը նույնքան անձեռնմխելի է համարում, որքան պետական սեփականությունը։ 1999 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344 հոդվածի 4-րդ կետով հաստատվում է, որ հայցային վաղեմություն չի տարածվում սեփականատիրոջ «իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա»։ Հիշեցնենք, որ խորհրդային իշխանություններն առաջնային էին համարում պետական սեփականությունը, իսկ անձնական սեփականությունը՝ գաղափարախոսական նկատառումներից ելնելով, համարվում էր եթե ոչ վնասակար, ապա ինչ-որ երկրորդական բան։ Այդ պատճառով էլ ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 90-րդ հոդվածը հաստատում էր, որ հայցային վաղեմությունը չի տարածվում պետական ունեցվածքը անօրինական տիրապետումից վերադարձնելու եւ անձնական ոչ ունեցվածքային իրավունքների խախտումների դեպքերում։ Իսկ երբ հարցը վերաբերում էր անձնական սեփականությանը՝ հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում էր 3 տարով։ Այսինքն, սովետական քաղաքացիները չէին կարող ետ պահանջել 20-ական եւ 30-ական թվականներին իրենցից անօրինական ձեւով խլված ունեցվածքը։ Նույնը չեն կարող անել նաեւ ՀՀ քաղաքացիները, քանի որ, ըստ դարերից եկող համընդհանուր մոտեցումների, օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերը հետադարձ ուժ չունեն եւ կիրառվում են միայն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։

Այսօրվա հայաստանյան որոշ դատավորներ այնքան անկախ են, որ անտեսում են ոչ միայն հռոմեական իրավունքը, այլեւ ՀՀ օրենսգրքերը։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (դատավորներ Դանիել Խաչատրյան, Աստղիկ Խառատյան, Ալվարդ Հունանյան կազմով), քննելով թիվ 99-1055 գործը, որպեսզի արդարացնի իր համար ցանկալի վճռի կայացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344 հոդվածի 4-րդ կետը կիրառեց 1994 թվականին տեղի ունեցած հարաբերությունների նկատմամբ։ Դրանով իսկ ստեղծվեց դատական նախադեպ։ Գործը վճռաբեկ դատարանում է։ Եվ եթե վճռաբեկ դատարանը չբեկանի վերոնշյալ վճիռը, նշանակում է, որ երրորդ դատական իշխանությունն առաջ անցնելով առաջին եւ երկրորդ իշխանություններից, ճանաչել է ՀՀ քաղաքացիների իրավունքը՝ ետ պահանջել իրենց հայրերից եւ պապերից նախկինում խլված ունեցվածքը։

ԳՐԻԳՈՐ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

Վերաքննիչ բողոք բերող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031