«Արդյոք երկար են տեւելու մեզ հիմարացնելու փորձերը» վերնագրով երեկ մամլո ասուլիս հրավիրեց «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
Ասուլիսի հայտարարված վերնագիրն ամբողջությամբ համապատասխանեց բուն բովանդակությանը, քանի որ Տ. Ջրբաշյանը ավելի քան մեկ ժամ զբաղված էր լրագրողներին հիմարացնելու փորձերով։
«Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի քեռին Սեդրակ Սեդրակյանն է, եւ դա շատ բան բացատրում է։ Մասնավորապես, ասուլիսի թեման, որն այդ տոհմի համար անսպառ է ու շատ ցավալի՝ նախկին Երեւանի ֆոնդային բորսա, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենք։
Մեկ տարուց ավել նախկին ԵՖԲ նախագահ Սեդրակ Սեդրակյանը հնարավոր եւ անհնարին բոլոր ԶԼՄ-ներով ամբիոններից թմբկահարում էր, թե «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքն արտատպված է ամերիկյան մոդելից, իսկ մենք՝ ըստ Ս. Սեդրակյանի, ավելի շատ եվրոպական արժեթղթերի շուկայի կրողն ենք։ Այս նույն միտքը՝ հավելած կոնկրետ մարդկանց նկատմամբ կոնկրետ մեղադրանքներով կրկնեց Սեդրակ Սեդրակյանի կրտսեր բարեկամը։ Արմատականորեն դեմ լինելով այս օրենքին, Տիգրան Ջրբաշյանը, սակայն, կարծում է, թե օրենքի որոշակի կետեր չեն իրագործվում։ Մասնավորապես նա նշեց, թե ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը օրենքի համաձայն դեռեւս ԱԺ-ի հաստատմանը չի ներկայացրել գործունեության ծրագիրը։ Հաշվի առնելով խորհրդի կարիք ունեցող քաղաքացիների մեծ բանակը, ենթադրում ենք, որ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը զբաղված է եղել խորհուրդներ տալով եւ չի հասցրել տեղեկանալ, որ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովն իր ծրագիրը ԱԺ-ին ներկայացրել է դեռեւս 2000 թ. նոյեմբերի 28-ին։
Կարդացեք նաև
Ըստ Տ. Ջրբաշյանի, ամերիկացիները հատուկ քաղաքականություն են վարում, որպեսզի ի վերջո տարածաշրջանի ֆոնդային բորսաները միավորվեն Ստամբուլի ֆոնդային բորսայի հարթակում։ Սակայն, նրա կարծիքով. «Ցավալին այն է, որ այս գործում իրենց ամենալուրջ մասնակցությունը ունեցան Հայաստանի որոշ պաշտոնյաներ»։ Ահա, այս պահից սկսած Տ. Ջրբաշյանը պատմական էքսկուրսի միջոցով «պատռեց» նախկին արհեստավարժների կառավարության որոշ պաշտոնյաների «դիմակը»։ Նա ապացուցեց, որ Արմեն Դարբինյանը, Էդվարդ Սանդոյանը, Էդվարդ Մուրադյանը, Տիգրան Կարապետյանը, Տիգրան Դավթյանը հենց այդ՝ «ամերիկաստամբուլյան» լոբբիստներն են, որոնց դեմ հերոսաբար պայքարում է ինքն իր քեռու հետ միասին։
Իհարկե, չի կարելի ժխտել Սեդրակ Սեդրակյանի ներդրումը Հայաստանի արժեթղթերի շուկայի ստեղծման գործում, բայց կարելի է արձանագրել նաեւ, որ նա ԵՖԲ-ի փոխարեն պետությունից որոշակի փոխհատուցում ստացավ՝ ի դեմս լամպերի գործարանի։
Իսկ լրագրողներիս հիմարացնելու փորձեր անող Տ. Ջրբաշյանը նաեւ «ահազանգեց», թե ՀՀ կառավարությունը բաժնետիրական ընկերություններից պահանջել է իրենց գործունեության մասին ինֆորմացիա ներկայացնել։ Այդ աշխատանքը՝ ըստ Տ. Ջրբաշյանի, 6 ամիս ժամանակ է պահանջում, իսկ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովն իբր պարտադրել է 3 ամսում ներկայացնել ու իբր նշել, թե 1000 դոլար վճարեք՝ կանենք։ 1800 բաժնետիրական ընկերությունը բազմապատկենք 1000 դոլարով՝ պատկերացնո՞ւմ եք ինչ թիվ կստացվի. դարդ էր անում Տ. Ջրբաշյանը՝ չիմանալով անգամ, որ ՀՀ-ում 1350 բաժնետիրական ընկերություն կա եւ այս՝ առաջին փուլում հանձնաժողովն ընդամենը 164 ընկերությունից է ինֆորմացիա պահանջել։
Եթե խորհրդատվական ընկերության տնօրենը տեղյակ չէ անգամ ՀՀ-ում գործող բաժնետիրական ընկերությունների թվից, որքան լուրջ կարող են լինել 1000 դոլարի մասին նրա ենթադրությունները։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ