Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.Բարսեղյանը կմասնակցի անհատապես

Մարտ 21,2001 00:00
grel

Քաղաքական, հասարակական մի շարք կազմակերպությունների եւ անհատների կողմից ձեւավորված «Ազգային համաձայնության ճակատը» միայն երկու օր առաջ պաշտոնապես հայտարարեց իր գոյության մասին։ Նոր միավորումը, որ հավակնում է զբաղեցնել քաղաքական դաշտում թափուր մնացած ընդդիմության տեղը, իր ընդունած հռչակագրում նշում է այն առաջնահերթ խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է լինելու «Ճակատի» գործունեությունը.

1. ՀՀ-ում օրինական իշխանությունների ձեւավորում։ Պետական կառավարման ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացում։

2. Հակամենաշնորհային հետեւողական քաղաքականության իրականացում, որը նպատակ ունի արմատախիլ անելու կլանային եւ ստվերային տնտեսությունը։

3. Պետական եւ քաղաքական գործիչների սպանությունների եւ, առաջին հերթին, հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների բացահայտում։

4. Արտաքին քաղաքականության ոլորտում վերականգնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունը, էապես ընդլայնել Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը բոլոր ուղղություններով։

Սակայն հռչակագրի տակ բացակայում էին նախնական քննարկումներին մասնակցած կոմունիստներ Խորեն Սարգսյանի, Նորիկ Պետրոսյանի եւ ՀԺԿ անդամներ Էմմա Խուդաբաշյանի ու Արամայիս Բարսեղյանի ստորագրությունները։ Հանուն արդարության պետք է ասել, որ կոմունիստներն ի սկզբանե, հակված էին «Ճակատի» հիմնական նպատակների շրջանակներում տեսնել Հայաստանը Ռուսաստան-Բելոռուս միությանն անդամակցելու պահանջը, ինչը անընդունելի էին համարում «Ճակատի» մեջ ընդգրկված մի շարք կուսակցություններ։ Ավելի անակնկալ էր այս փաստաթղթի տակ հժկական պատգամավորների ստորագրությունների բացակայությունը։

Ի պատասխան «Առավոտի» թղթակցի հարցին, ՀԺԿ-ում տեղեկացրել էին, թե իրենց անդամները «Ճակատի» աշխատանքներին մասնակցել են իբրեւ դիտորդներ։ Երեկ սակայն, ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Արամայիս Բարսեղյանը ճշտեց. «Ես հենց սկզբից էլ դիտորդի կարգավիճակ չեմ ունեցել։ Սա ոչ թե կուսակցության, այլ իմ անձնական կարծիքն է։ Ես մասնակցել եմ «Ճակատի» ձեւավորման, դրա անհրաժեշտության մասին քննարկումներին եւ գտնում եմ, որ, իրոք, այսօր հանրապետությունում գործում է կլանային համակարգ, որն այլեւս հանդուրժել չի կարելի։ Ավելին, ստեղծված է դիկտատուրա բառի բուն իմաստով, որը վտանգում է Հայաստանի անկախությունը, մինչդեռ քաղաքական դաշտում այսօրվա իշխանություններն ընդդիմություն չունեն։ Այդ ընդդիմադիր դաշտի ձեւավորման անհրաժեշտության մասին ես հայտնել եմ իմ տեսակետը։ «Ճակատի» հրապարակած հռչակագրի բոլոր դրույթներին միանշանակ համաձայն եմ, բայց ոչ թե իբրեւ կուսակցական, այլ իբրեւ անհատ, ԱԺ պատգամավոր, որը մտահոգ է երկրի ճակատագրով»,- պնդեց Ա.Բարսեղյանը։ Նա վստահեցրեց, թե այսուհետ եւս ակտիվորեն կմասնակցի «Ճակատի» հետագա աշխատանքներին այնքանով, որքանով դա չի կապվի ՀԺԿ-ի հետ։

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031