Լրահոս
Օրվա լրահոսը

2։1՝ ՈՉ ՀՕԳՈՒՏ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ»

Մարտ 21,2001 00:00
Azgayin joxov

«Միասնություն» խմբակցությունը երեկ մի հաղթանակ տարավ, բայց գրանցեց նաեւ պարտություն՝ ի դեմս իր շարքերից հեռացած երկու պատգամավորների։ Սրանով խորհրդարանական վերադասավորումները չավարտվեցին։

Նախ՝ հաղթանակի մասին։ Երեկ խորհրդարանը ջախջախիչ մեծամասնությամբ՝ 85 «կողմ», 5 «դեմ», 2 «ձեռնպահ»՝ առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրինագիծը։ Սրանով «Միասնությունը» տրորեց բոլոր նրանց քթերը, որոնք արտահերթ նիստում այդ օրինագծի տապալումից հետո հերթական անգամ պնդում էին, թե խորհրդարանական կայուն մեծամասնություն չկա, այն չի կարողանում ապահովել կառավարության համար անհրաժեշտ օրինագծերի ընդունումը։ Ժամանակին այլ մեծամասնություն ձեւավորելու նախաձեռնության հեղինակներն էլ նորից սկսել էին «Բա որ ասում էինք» կարգի ճառերը։

Սակայն պարզվեց, որ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս պարագայում ավելի ճիշտ էր, երբ մերժելով վերոհիշատակյալ ու նաեւ լոբբիզմի ամենազոր ազդեցության մասին պնդումները՝ նշում էր, թե զուտ թափթփվածության եւ անկազմակերպության պատճառով էր տապալվել այդ օրինագիծը։

Իրոք, երեկ շատ քչերն էին այլ կերպ քվեարկել, քան նախորդ անգամ՝ միայն Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), Գեւորգ Դավթյանը ու մեկ էլ կոմունիստները։ 85 «կողմ» ձայները սակայն պատգամավորների կտրուկ մտքափոխվելու հետեւանք չէին (ինչը նրանց հետ, այնուամենայնիվ, պատահում է)։ Մեր հաշվարկներով, «կողմ» պատգամավորներից միայն 25-ը նախորդ անգամ ուղղակի չէին քվեարկել։ Մի 10-ն էլ բացակա էին եղել։ Այնպես որ, երբ պետք է լինում՝ «Միասնությունը» դեռ կարողանում է ապացուցել, որ իր փամփշտակալում դեռ վառոդ կա։

Այսքան լավ խոսքերից հետո հիմա էլ անդրադառնանք խմբակցության համար վատ նորություններին։ Թերեւս կանխատեսելի էր, որ Վահրամ Բաղդասարյանն ու Հմայակ Հովհաննիսյանը դուրս կգան «Միասնությունից», երբ առաջինին ամեն կերպ թույլ չտրվեց զբաղեցնել Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի աթոռը, իսկ երկրորդի համար շատ համարեցին անգամ մեկ-մեկ Ստրասբուրգ մեկնելու հնարավորությունը։ Բնականաբար, երկուսն էլ իրենց քայլը պիտի բացատրեին զուտ գաղափարական դրդապատճառներով, ինչը եւ արեցին իրենց հայտարարություններով։

Թերեւս նաեւ նախահարձակ պաշտպանվելով այն կանխատեսելի մեղադրանքներից, թե խորհրդարանի վերադասավորումները կարող են լուծարման առիթ դառնալ՝ Վահրամ Բաղդասարյանն իր հայտարարությունը սկսեց ԱԺ-ի մոտալուտ լուծարման մասին հերթական ասեկոսեներից. «Ինչո՞ւ յուրաքանչյուր քայլ կատարելիս պատգամավորը պետք է մտածի՝ կարձակվի՞ Ազգային ժողովը, թե՞ ոչ։ Ինձ եւ թվում է՝ բոլորիս, անհանգստացնում է այս հարցը եւ յուրաքանչյուրս պետք է ելք գտնենք ԱԺ բնականոն, օրինաստեղծ աշխատանքի գործում»։

Վահրամ Բաղդասարյանի գտած ելքը «Միասնությունից» իր դուրս գալն է, ու նաեւ. «Իմ կարծիքով, անհրաժեշտ է առողջ, միեւնույն քաղաքական-գաղափարական ուղղվածություն ունեցող բնականոն ձեւավորվող մեծամասնություն»։ Ձեւավորման բնականոն եղանակը հայտնի է՝ ընտրություններն են։

Նա հիշատակեց նաեւ խորհրդարանական մեծամասնության մեջ առկա հակասությունները, որոնք արտացոլվում են քվեարկություններում եւ քաղաքական դիրքորոշումներում։ Վահրամ Բաղդասարյանն էլ դաշինքին մեղադրեց իր հիմնադիրների ծրագիրը չիրականացնելու մեջ։

Նույնը քիչ հետո պիտի երկրորդեր Հմայակ Հովհաննիսյանը, որի մատուցմամբ՝ բոլորը վաղուց սպասում էին իր այդ քայլին, քանի որ ի սկզբանե դեմ էր եղել «Միասնություն» դաշինքի ստեղծմանը. «Հայրենական քաղաքական դաշտի համար իսկապես ողբերգական հետեւանքներ ունեցավ տարոնականության եւ վարդագույն հույսերի խառնուրդը»։ Ըստ Հմայակ Հովհաննիսյանի վաղուց քարոզվող տեսակետի՝ այս խառնուրդի արդյունքում «քաղաքական դաշտում տիրակալեց դարչնագույն ճահիճը։ Գաղափարական բանավեճերին եկավ փոխարինելու պաշտոնների գարշելի առուծախի գործընթացը»։

Նա նաեւ նշեց, թե քաղաքական հսկա գործիչների տեղն այժմ զբաղեցրել են ոչնչությունները, գաճաճները՝ իրենց զավեշտական հավակնություններով։ «Իմ ղեկավարը եղել է եւ միշտ կմնա Կարեն Դեմիրճյանը։ Միա՛յն Կարեն Դեմիրճյանը»,- ազդարարեց պրն Հովհաննիսյանը, որի արտասանությունը՝ «Դեմըրչան», արժանացավ Արմեն Խաչատրյանի դիտողությանը, թե գոնե ազգանունը ճիշտ արտասանիր։

… Թեեւ Արշակ Սադոյանն էլ իր լուման ներդրեց խորհրդարանական վերադասավորումներում՝ դադարեցնելով իր գործունեությունն ԱԺՄ խմբակցությունում (մինչեւ ԱԺԿ-ի հիմնադիր ժողովը մնալով ԱԺՄ անդամ), այնուամենայնիվ, իր հայտարարության մեջ նա նկատեց. «Պատահական չեմ համարում, որ հենց այսօր հայտարարություններ եղան այլ խմբակցությունից դուրս գալու մասին։ Կարծում եմ, որ սա ծրագրված քաղաքականություն է՝ դիտմամբ, միտումնավոր քայքայելու համար քաղաքական ուժերը»։

Եվ այս ամբողջ թափ հավաքող խառնաշփոթի մեջ աշխույժ էին հնչում միայն «Ազգային միաբանության» ներկայացուցիչների ձայները, որոնց հայտարարության մեջ պարունակվող քննադատությունը միայն ԱԺ-ի եւ կառավարության վրա տարածվեց. «Քաղաքական մեծամասնությունը կարծես թե խնդիր է դրել իր առջեւ հայոց պետականության կորստի գնով պահել իր ղեկավարող դիրքերը»։ Դիմեցին Ռոբերտ Քոչարյանին՝ առաջարկելով չկաշկանդվել ու չհանդուրժել «երկրի զարգացման համար արգելք հանդիսացող, իրեն վաղուց սպառած քաղաքական մեծամասնության գոյությունը»։ Թերեւս այս «ծիրին մեջ» պետք է դիտարկել այն լուրերը, թե Արտաշես Գեղամյանը հերթական անգամ բանակցում է նախագահի հետ վարչապետի աթոռի շուրջ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031