– Կարելի է ասել՝ ձմեռը նորմալ անցկացրինք։ Կենդանիների կորուստներ չենք ունեցել։ Ձմռանը կենդանիները ապահովված են եղել եւ կերով, եւ ջեռուցումով,- տեղեկացրեց կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը։ Նա ասաց, որ կենդանիների համար պահանջվում է մոտ 58 կերակրատեսակ։
Կենդանաբանական այգում ներկայում 200 տեսակի կենդանի կա (1300-1350 գլուխ)։ Ս. Աբովյանը նշեց, որ վերջին տարիներին թե՛ տեսականին, թե՛ գլխաքանակը երեք անգամ ավելացել են։ Այգու տնօրենը կենդանիների կորստի մտավախություն չունի, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, «Այսօր համագործակցում ենք եվրոպական եւ ԱՊՀ երկրների կենդանաբանական այգիների հետ, իսկ հարկ եղած դեպքում կատարվում է կենդանիների փոխանակում»։ Ս. Աբովյանն ասաց, որ այս տարբերակը երկու կողմերի համար էլ ձեռնտու է, քանի որ կենդանի գնելու համար համապատասխան գումար չկա։
Այս տարի նոր կենդանիներ կբերվեն Կալինինգրադի եւ Ռոստովի կենդանաբանական այգիներից։ Ինչ վերաբերում է Գրանդ փղիկի համար ընկերուհի գտնելուն, պրն Աբովյանը «Առավոտին» ասաց. «Պետք չէ շտապել, որովհետեւ մեր Գրանդը դեռ վեց տարեկան է եւ սեռահասուն կդառնա 11-12 տարեկանում»,- բացատրեց նա։ Այս տարի Երեւանի կենդանաբանական այգին դառնում է 60 տարեկան։
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ