Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չենք օգնում՝ գոնե չխանգարենք

Մարտ 20,2001 00:00
dproc

Մամուլում հաճախ են հրապարակումներ լինում թիվ 30 դպրոցում գործող վալդորֆյան դասարանների մասին։ Քանի որ երբեմն հարցը ճիշտ չի մեկնաբանվում, որոշեցի միջամտել, որովհետեւ բավական վաղուց, մոտիկից եւ խոր գիտեմ նյութը։

Բոլորիս հայտնի է հետխորհրդային հանրակրթական դպրոցի վիճակը։ Բայց դա անհրաժեշտ ուշադրության պակասից չէ։ Ուղղակի միջոցներն են սուղ։ Այս պայմաններում բնական է, որ մտավորականությունը տարբեր ուղիներ է փնտրում դպրոցի զարգացման համար։ Այդ փնտրտուքներից մեկն էլ հայոց հինավուրց հողի վրա Եվրոպայում ութ տասնամյակների ընթացքում իրեն դրականորեն հաստատած վալդորֆյան դպրոցի տեղադրումը եղավ՝ իբրեւ գիտափորձ։ Նախաձեռնողները մի խումբ երիտասարդ մասնագետներ էին, որոնք, սովորելով եւ սովորեցնելով, այսօր ստեղծել են յոթ դասարան (տարեկան մեկը)։

Վալդորֆյան դասարաններում սովորում է շուրջ 2000 աշակերտ, որոնց մեծ մասը դպրոց է գալիս հեռվից։ Սրանք լավ համալրված դասարաններ են, ինչը չենք պնդի դպրոցի զուգահեռ դասարանների մասին։ Աշակերտները շատ են սիրում իրենց ուսուցիչներին, իսկ ծնողները երախտապարտ են ուսուցիչներին՝ անձնվեր աշխատանքի համար։ Սա դպրոց է, որտեղ կրթության բովանդակությունը, ձեւը, արտադասարանական աշխատանքները իսկապես ուղղված են ազգային եւ համամարդկային արժեքներ կրող ՀՀ քաղաքացու ձեւավորմանը։

Սա դպրոց է, որը փորձում է վերականգնել սոցիալ-տնտեսական նոր պայմանների հարվածներից կքած ուսուցչի եւ նրա տված կրթության ու դաստիարակչական վարկը։

Դպրոցի ուսումնական պլանում անձը ազգային արժեքներով հարստացնող եւ ձեւավորող առարկաներ կան, օրինակ, ասենք, «Առասպել», «Սասնա ծռեր» էպոս եւ այլն։

Դպրոցի սաները դաստիարակվում են Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներով, իրենց գեղարվեստական բարձրարժեք ելույթները ցուցադրում են նրա տոների կապակցությամբ եւ, ընդհանրապես, այստեղ դասի դաստիարակչական գործառույթը զգալիորեն բարձրացված է։ Ուրեմն, եթե վալդորֆյան դասարանների ուսուցիչներին չենք օժանդակում, եկեք գոնե չխանգարենք եւ հնարավորություն տանք, որ իրենց ամբողջ կարողությունները ներդնեն ստեղծագործական աշխատանքի մեջ։

Մամուլում պնդում է եղել, որ վալդորֆյան դպրոցները աղանդավորական են եւ հրապարակայնորեն ճնշում է գործադրվում ՀՀ ԿԳ նախարարի վրա՝ նրան մեղադրելով, թե՝ «Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի պաշտոնական գրությունից զատ այլեւս ի՞նչ հիմքեր են անհրաժեշտ համոզվելու համար»։ Մոռանում ենք, որ դպրոցները վաղուց անջատված են եկեղեցուց, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Է. Մ. Ղազարյանն է եւ ոչ թե Սբ. Էջմիածնի քարոզչական կենտրոնը, որը, բոլորս էլ գիտենք, իր բնագավառում շատ մեծ անելիքներ ունի։ Եվ, վերջապես, ինչպես երեւում է, Հայաստանում Գերմանիայի Հանրապետության դեսպանատան եւ Եվրախորհրդի ՀԿ Միջազգային գրասենյակի տեղեկանքներից (արդեն հրապարակված են) «Վալդորֆյան դպրոցները աղանդավորական հաստատություններ չեն», այնպես որ, վերը նշված քարոզչական կենտրոնում էլ կարող են սխալվել։

Մի խումբ ծնողների անունից՝

Հ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031