Լրահոս
Օրվա լրահոսը

Մահմեդական հուշարձան Երեւանում

Մարտ 20,2001 00:00
image

Աբովյան փողոցի թիվ 3 շենքի ներքնահարկում տարվող շինարարական աշխատանքների ժամանակ, փողոցի մակարդակից 8-9 մ խորության վրա վերջերս հայտնաբերվեց մի հետաքրքիր կառույց։

ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, որը նման դեպքերում լիազորված է տալ պեղումների թույլտվություն եւ հետեւել տեղի ունեցող աշխատանքների ընթացքին, դրականորեն արձագանքեց շենքի սեփականատիրոջ՝ հուշարձանի պեղումն իր միջոցներով իրականացնելու ցանկությանը։ Կառույցի պեղումը կատարվեց շատ արագ, իսկ արդյունքները գերազանցեցին սպասելիքները։

Ըստ պեղումներն իրականացրած հնագետ, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հուսիկ Մելքոնյանի նախնական ուսումնասիրության, նորահայտ շինությունը մահմեդական դամբարան է՝ կառուցված 14-րդ դարի սկզբին։ Նման դամբարաններ տարածված են աշխարհի մեծ մասում, դրանցից մեկն էլ Արգավանդում գտնվող թուրքմենական Էմի Փիր Հուսեյինի դամբարանն է։ Ներքուստ խաչաձեւ հատակագծով դամբարանի ստորին մասը փորված է միակտոր վառ կարմիր տուֆի ժայռի մեջ՝ շուրջ 2 մ խորությամբ։ Դրա վրա բարձրանում են սրբատաշ որմերը, որոնք պսակվում են բարձր վարպետությամբ կերտված ստալակտիտ քանդակներով։ Դամբարանի մուտքից սկսվում է ժայռափոր, կիսաբոլոր աստիճաններով վեր բարձրացող նեղ միջանցքը, որը, ենթադրաբար, բացվել է վերգետնյա աշտարակի մեջ (այդ տարածքում հնագույն աշտարակի գոյության մասին վկայություն կա 1673թ. Երեւան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի գրառումներում: Ճանապարհորդը նշում է, որ աշտարակի շուրջը տեսել է ավերակներ, այսինքն՝ տեղում մի ամբողջ ճարտարապետական համալիր է եղել)։

Հնագետը դամբարանից 14-16-րդ դարերով թվագրվող ուշագրավ նյութեր է գտել՝ խեցեղեն, հախճապակի, երեսպատման շքաղյուսների բեկորներ, մարդաբանական նյութեր։ Դամբարանում հայերեն եւ պարսկերեն արձանագրություններ կան, որոնք դեռեւս վերծանված չեն։ Հնագետի նախնական եզրակացությամբ՝ դամբարանը պատկանել է 14-րդ դարի սկզբին իշխանության մեջ բարձր դիրք գրաված մեկին, ամենայն հավանականությամբ՝ ազգությամբ մոնղոլ։ Դամբարանի պատկանելության հարցը վերջնականապես կպարզվի արձանագրությունների վերծանությունից եւ գտնված ոսկորներն ուսումնասիրող մարդաբանի աշխատանքից հետո։ Մի բան արդեն պարզ է՝ դամբարանը կառուցել են հայ վարպետներ։

Մարտի 9-ին ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը կից փորձագիտական հանձնաժողովը դամբարանը գրանցեց որպես հանրապետական նշանակության նորահայտ հուշարձան։ Այսինքն, այն այսուհետ, համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքի», կպահպանվի ընդհանրապես հուշարձանների համար նախատեսված կարգով։

ՇՈՒՇԱՆԻԿ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031