Նոր օր, Նոր տարի. բնության զարթոնքին նվիրված ամենահին Արիական-իրանական այս տոնը մինչ օրս էլ նշվում է ոչ միայն Իրանում, այլեւ իրանալեզու երկրներում՝ Տաջիկստանում, Աֆղանստանում եւ այլուր։ Հին տարվա վերջին, երեքշաբթի երեկոյան, բակերում ու փողոցներում փոքրիկ խարույկների վրայից թռչում են մեծ ու փոքր, կրակին դիմելով ասում խորհրդանշական խոսքերը՝ «իմ դեղնությունը քեզ, կարմրությունդ ինձ» խնդրելով առողջություն։ Պատանիներն արդեն մի քանի օր պայթուցիչներով (հաճախ վտանգավոր) ավետում են տոնի մոտեցումը։ Սեւ մրով ներկած դեմքով «Հաջի Ֆիրուզը» օրեր առաջ դափը ձեռքին փողոցներում երգելով ավետում է Նո Ռուզ պապի գալուստը։ Իսկ Չհարշանբէ (չորեքշաբթի) Սուրի-ի գիշերը (նույն հրավառության տոնին) գուշակություններ են արվում ապագա տարվա լավ կամ անհաջող լինելու վերաբերյալ՝ ականջ դնելով պատահական մարդկանց խոսքերին։ Տղաները, կանացի չադրաներով, մետաղյա կաթսաներին ռիթմիկ հարվածելով՝ դռնեդուռ ման են գալիս եւ նվերներ հավաքում։ Նախատոնակին հետեւում է բուն տոնի ծիսաշարանը։ Ինչպես ցանկացած տոն, սա եւս ունի ծիսական ամբողջական փուլ։
Տոնից օրեր առաջ իրանցիները ընտանիքներով հանդերձ գնումներ են կատարում՝ հագուստներ ու նվերներ, մեծ քանակությամբ մթերք, ծիսական «Հաֆթ Սին» սեղանի բոլոր բաղադրիչները՝ ապակյա ջրամանում խայտող զույգ կարմիր ձկնիկներ, խնձոր, ոսկյա մետաղադրամ, սխտոր, քացախ, սմբուլ, ծլեցրած ցորեն, կարմիր ներկած ձու, սամանու (ցորնահյութից եփած քաղցրահամ հարիսան է)։ Անշուշտ, կան ուրիշ առարկաներ եւս, որոնք լրացնում են սեղանը։ Սուրբ գիրքը՝ Ղուրանը, դրվում է սփռոցի վերեւում՝ հայելիների եւ մոմերի կողքին, դրվում է ժամացույցը, քանի որ, ըստ արեգակնային համակարգի, աստղագետների հաշվարկներով ճշտված պահին ավարտվում է ընթացիկ տարին (մեր Նոր տարվա պես ժամը պայմանական չէ), ընտանիքի անդամները բոլորված են սեղանի շուրջ, ընտանիքի ավագը ընթերցումներ է անում Ղուրանից, հայտարարվում է Նոր տարվա գալուստը։ Ողջագուրումներին ու մաղթանքներին հետեւում են նոր թղթադրամներով նվերներ բաշխելը տան փոքրիկներին։ Այնուհետեւ տոնական ճաշն են ճաշակում. սամիթով եւ իրանական անուշաբույր բրինձով փլավ, «Ազատ» ձուկ՝ Կասպից ծովից եւ այլ իրանական ճաշատեսակներ։
Հավատացյալները նախընտրում են Նոր տարվա պահին լինել սրբավայրերում՝ Իմամ Ռեզայի կամ Բիբի Շահրբանուի, Հազրաթէ Մաըսումէի դամբարանների մոտ կամ էլ Շահ Չերաղում, իրանցիների կողմից սիրված ու հարգված սրբավայրերում, ամբողջ տարին սրբերի օրհնությունը ապահովելով։ Այնուհետեւ այցի են գնում ընտանիքի ու գերդաստանի ավագներին ողջունելու եւ շնորհավորելու, առատ սեղանների շուրջ ուրախանալու։ Տոնը տեւում է 13 օր։ Վերջին՝ 13-րդ օրը, ընտանիքներով բնության գրկում են անց կացնում, չմոռանալով իրենց հետ տանել ծլեցրած ցորենն ու ոսպը եւ թողնել դաշտում։ Ջահել աղջիկները՝ բախտի շեմին կանգնածները, դաշտում դալար սիզախոտերը հանգուցում են ու գաղտնի մրմնջում. «Տասներեքը դուրս, հաջորդ տարին, ամուսնու տանը, երեխան գիրկը»։ Իրանցիները սիրում են նաեւ Նոր տարվա արձակուրդային օրերին ճամփորդել երկրով մեկ, այնքան շատ են հսկայական երկրի գեղատեսիլ վայրերը եւ պատմական հուշարձանները, որ ընտրությունը հաճախ դժվար է լինում։ Իրանցիները այդ օրերին անհիշաչար են ու ներող, խռովները, գժտվածները հաշտվում են, պարտքերը վճարվում են վերջին պահերին, առիթն օգտագործվում է նշանդրեքների եւ ամուսնությունների համար, քանի որ «ժամը բարեհաջող է»։
ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Իրանական դեսպանատան կողմից չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին Կամերայինի եւ Ֆիլհարմոնիայի դահլիճներում գեղարվեստական ծրագրեր կիրագործվեն՝ «Հաֆթ Սին»-ի սեղան, իրանական երաժշտություն եւ տոնական տրամադրություն, Հայաստանում ապրող իրանցիների եւ Հայ-իրանական բարեկամության ակումբի մասնակցությամբ։