Մարտի 13-ին «Հեղինակային ընթացք» հասարակական կազմակերպության եւ Երեւանի ՆԳ քաղաքային վարչության միասնական ջանքերով իրականացվեց «Մաքուր ձայն»-1 ակցիան, որի արդյունքում ձայներիզների վաճառքի թվով 11 փողոցային տաղավարներից առգրավվեց 2100 չարտոնագրված ձայներիզ, տեսաերիզ եւ լազերային սկավառակ։
Սակայն, ընդհանուր առմամբ, սա բավականին չնչին թիվ է, եթե հաշվի առնենք, որ մարքեթինգային հետազոտությունների, ստուգայցերի եւ դիտարկումների հիման վրա, հեղինակավոր փորձագետների գնահատականով, այսօր շուկայում առկա են մոտ 500 հազար չարտոնագրված ու դրանով իսկ հարկային դաշտից դուրս գտնվող ձայներիզներ, տեսաերիզներ ու լազերային սկավառակներ։
Դեռ ավելին, «Հեղինակային ընթացք» հասարակական կազմակերպությունը պնդում է, թե յուրաքանչյուր ամիս Հայաստանում վաճառվում է 400-500 հազար չարտոնագրված ձայներիզ։ Յուրաքանչյուր ձայներիզը նվազագույնը 300 դրամ հաշվելու դեպքում, չհարկվող եկամուտների ահռելի չափերը գերազանցում են սպասելիքները։
Այս մտահոգությունները կիսելու ցանկությամբ երեկ ասուլիս էր հրավիրել վերոհիշյալ հասարակական կազմակերպությունը։ Նրանց նպատակը՝ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարել ձայներիզների ստվերային շրջանառության դեմ, ինչ խոսք, գովելի է։ Սակայն անհասկանալի էր կազմակերպությունը ներկայացնող երիտասարդների կոչը՝ ուղղված լրագրողներին. «Եկեք չքննադատենք իրար, այլ աշխատենք։ Մութ սենյակում սեւ կատու փնտրելու կարիք չկա, հատկապես երբ այդ կատուն չկա։ Մեր ծրագրի ետեւում ստվերային ուժեր չկան։ Նախօրոք ասում ենք, որ իզուր ջանքեր չթափեք՝ այդ չեղած կատվին գտնելու համար»։ Ու այս ամենը դեմքի այնպիսի՜ խելոք եւ լրագրողներից զզված արտահայտությամբ, որ կասկածի տեղիք էր տալիս։
Կարդացեք նաև
Երիտասարդ տղաների պլանները շատ հեռահար էին. «Հայ ստեղծագործողների իրավունքները Հայաստանում պաշտպանելուց հետո պիտի դրանով զբաղվենք նաեւ արտերկրում»։ Ասուլիսին մի կես ժամով կշիռ տվեց Ռոբերտ Ամիրխանյանը, որը, հայտնի կոմպոզիտոր եւ ԱԺ պատգամավոր լինելուց բացի, նաեւ «Հայ հեղինակ» գործակալության ղեկավարն է։ Իր աջակցությունը հայտնելով հեղինակային իրավունքների համար պայքարող «տղաներին», պրն Ամիրխանյանն անցավ կոչերին. «Եկեք միասնաբար կարգի բերենք մեր տունը։ Մեզնից ամեն մեկն ուզում է մաքուր տան մեջ, մաքուր մթնոլորտում ապրել, մաքուր սավանով տեղաշորում քնել, մաքուր ձայն լսել։ Մենք պետք է հասնենք դրան։ Շուկան չի կարող բարոյական կերպար ապահովել։ Շուկան շուկա է»։ Ապա սեփական օրինակով բացատրեց, թե ինչո՞ւ չարտոնագրված ձայներիզը ձեռնտու չէ ե՛ւ հեղինակին, ե՛ւ գնորդին, այլ միայն՝ ապօրինի ձայներիզը ստեղծողին եւ վաճառողին. «Ես վախենում եմ իմ երգերը ձայնագրել եւ իջեցնել շուկա։ Մարդիկ ուղղակի պահանջում են իմ երգերը՝ ձայներիզ, տեսաերիզ, լազերային սկավառակ։ Եվ մեր երկրում, եւ դրսում ուղղակի պահանջում են իմ երգերը։ Բայց ես չեմ անում այդ գործը, որովհետեւ գիտեմ՝ մեծ ծախսեր կանեմ, կձայնագրեմ եւ, երբ դնեմ վաճառքի, ոչ մեկը չի գնի։ Քանի որ հենց նույն գիշեր կարտադրվի չարտոնագրված տարբերակը եւ դա՝ այդ ցածրորակը, որն ավելի ցածր գին կունենա, կվաճառվի, իսկ իմ պատրաստածը կմնա վաճառասեղանին»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ