Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մոզամբիկում պահածո փակել չգիտեն»

Մարտ 20,2001 00:00
Armentel

ԱրմենՏելի «կարգավորման» գործընթացում, որոշ համարների բաժանորդների հավաստմամբ, իրենց նորմալ աշխատող հեռախոսակապը «քարկապ» է ընկել։

Իսկ 73, 35 համարներով սկսվող բաժանորդները մի քանի օր հեռախոսազանգերի դադարից հետո պարզել են, որ ծանոթներն իրենց ոչ թե մոռացել են, այլ ԱրմենՏելը, առանց բաժանորդներին տեղեկացնելու, 35-ը դարձրել է 36, 73-ի մի մասն էլ՝ 74։ Բնակիչները նաեւ պարզել են եւ տեղեկացնում են, որ շուտով 65-ը կդառնա 66։ Վերը նշված համարների բաժանորդների մեկնաբանությամբ, իրենց կյանքը դարձել է մի կողմից նյարդային, մյուս կողմից՝ զվարճալի։

Զվարճալին այն է, որ 74-ով սկսվող համարների գծին միացած է Ազգային ռադիոն եւ զանգահարողը միաժամանակ ծանոթանում է նաեւ ԱԺ-ի օրակարգին։ 65, 62 եւ 36 գծերին միացած է ոչ միայն Ազգային ռադիոն, այլ նաեւ FM-ները, սրան էլ գումարած քաղաքային եւ միջքաղաքային գծերը։

Մի խոսքով, ստացվել է ինտերնետային ցանցին գերազանցող գրեթե անվճար հեռախոսացանց, որի շնորհիվ էլ բնակիչները ձեռք են բերում ոչ միայն նոր ծանոթներ, այլեւ իմանում են զանազան պիտանի եւ անպիտան նորություններ։ Սկսած համաշխարհային վերջին քաղաքական նորություններով, սերիալների քննարկումներով, գաղտնիքներով, բամբասանքներով ու վերջացրած պահածոների պատրաստմամբ։ Ոմանց համար նորությունները էական չեն, կարեւորը պարզապես ուրիշի խոսակցությանը ականջ դնելն է։ Օրինակ, 35 համարով սկսվող հեռախոսի աբոնենտ Վարդուշը պատմեց, որ ինքը պահածո փակելու խորհուրդ է տվել իր գծին խառնված միջքաղաքային խոսակցության ժամանակ ինչ-որ երեւանցու եւ նրա հարազատին, որը ապրում է Մոզամբիկում։

Իսկ նյարդայինն այն է, երբ ոչ մի տեղ չի հաջողվում զանգահարել եւ մեկը մյուսից «գրական» հայերենով պահանջում են լսափողը ցած դնել։ 65 համարի բաժանորդների գերիշխող մասը դարձել է աննկարագրելի նյարդային։

Դժվար է գտնել մի բնակչի, որի հեռախոսը «վիրահատված» չլինի։ Եվ քանի որ իրենց հեռախոսը պարապության զվարճանքից բացի իր հիմնական նպատակին չի ծառայում, ժողովուրդը գտել է միմյանց հետ հաղորդակցվելու մեկ այլ միջոց։ Հարեւանները հորինել են պատային եւ մարտկոցային (паровой) ազդանշաններ։ Ոմանք գործի են դնում իրենց «սոպրանո» ձայնը։ Իսկ իրարից հեռու շենքերի բնակիչները հաղորդակցվում են իրերի, ձեռքերի եւ մարմնի այլ մասերի օգնությամբ։ Երբ շտապ օգնության կարիք են ունենում, հիվանդին են տանում հիվանդանոց։ Հետաքրքիր է, թե ի՞նչ կանեն հրդեհի դեպքում։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031