Ու՞մ են ներարկել 2001 թվականի հունվարի 5172ին Արյունաբանության կենտրոնից վաճառված N 907 1-ին կարգի դրական ռեզուսով արյունը:
Տանողը միջին տարիքի տղամարդ էր, աշխատողին ասել է, որ արյունը «տանում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ՝ ծանր հիվանդին ներարկելու համար»: «Մեզ մոտ այդպիսի արյուն չի մտել, հինգ անգամ հանձնաժողով է եկել, ստուգել»,- ասաց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օ.Մելքոնյանը մարտի 13-ին: Հանրապետության հայտնի բժիշկներից մեկը մեր հանդիպման ժամանակ նշեց. «Ոչ մի հիվանդանոց իր վրա չի վերցնելու, որ ներարկել են սպիդով վարակված արյուն: Փաստը ժխտելու են, որովհետեւ, եթե պարզվի այդ հիվանդանոցի անունը, նշանակում է մոտակա տարիներին ոչ մի հիվանդ չի գնա այնտեղ բուժվելու»: Արյունը հայտնաբերելու համար ստուգվել են Երեւանի, ինչպես նաեւ Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի եւ Արարատի մարզերի բոլոր հիվանդանոցները: Ըստ առողջապահության նախարարի, որոնումները շարունակվում են նաեւ այսօր:
Մարտի 16-ին առողջապահության նախարարության կոլեգիայի նիստում լսվեցին Արյունաբանության հանրապետական կենտրոնում կատարված ստուգումների արդյունքները: Նախարարության ենթակայության տակ գտնվող այդ հիմնարկում գրանցվել են բազմաթիվ խախտումներ: Զարմանալին այն է, որ այս հիմնարկը նախարարության տարբեր հանձնաժողովների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ստուգվել է երեք անգամ: Արյունաբանության կենտրոնը նույն ձեւով աշխատել է մեկ տարի առաջ, ներկայացված խախտումների հիմնական մասը, ըստ վերջին ստուգումների, կատարվել է առաջին ստուգումներից առաջ ընկած ժամանակահատվածում. նույն ձեւով դոնորական արյան դուրս տանումը կանոնակարգված չէր, հիվանդների բուժման համար ներկայացված ծախսերը նույն չափերի էին: Բայց առաջին անգամ ստուգողները` նախարարության վերահսկողության տեսչության աշխատողները, ոչինչ չէին հայտնաբերել: Նույն տեսչությունը երրորդ անգամ նույն ժամանակահատվածի մասին արել է այլ եզրահանգում: Ըստ ամենայնի, ստուգման կարիք ունեն նաեւ նախորդ հանձնաժողովները, որովհետեւ հնարավոր չէր չնկատել այդքան «ակնառու» խախտումները, որոնք գրանցվել են վերջին ստուգման արդյունքում: Կոլեգիան որոշեց, որ Արյունաբանության կենտրոնի տնօրենի, նրա տեղակալի եւ հաշվապահի հետագա գործունեությունը նպատակահարմար չէ: Չգիտես ինչու, այս շարքից դուրս է մնացել Արյունաբանության կենտրոնի արյան գծով փոխտնօրենը, որը անմիջական պատասխանատուն էր սպիդով վարակված դոնորական արյան վաճառքի համար: Նույնքան անհասկանալի էր նաեւ սպիդի կենտրոնի տնօրենին տրված նկատողությունը: Կոլեգիայի նիստում ներկայացված տեղեկանքից պարզվում է, որ սպիդով վարակված արյան տարածման դեպքը հայտնաբերել է հենց սպիդի կենտրոնը: Երեւի նկատողությունը հենց այս պատճառով է տրվել, որ հայտնաբերել է եւ նախարարությանը գցել ավելորդ գլխացավանքի մեջ:
Ստուգող հանձնաժողովի ներկայացմամբ, Արյունաբանության կենտրոնում տիրող վիճակն անմխիթար է: Իսկ համակարգի մնացած ոլորտների վիճակը նույնը չէ՞: Մի՞թե հենց այդ պատճառով չէ մինչեւ հիմա անհայտ, թե ուր է տարվել N 907 արյունը: Կոլեգիայի նիստում ընդունվեց, որ արյան ծառայություններում պետք է կատարվեն արմատական փոփոխություններ, առողջապահության նախարարը հրահանգեց երեք շաբաթվա ընթացքում պատրաստել եւ ներկայացնել առաջարկներ՝ այդ խնդրին նորից անդրադառնալու համար: Արարատ Մկրտչյանը խոսեց նաեւ սպիդով հիվանդների տվյալներն օրենքով սահմանված գաղտնիության պահպանման մասին:
Կարդացեք նաև
Մարտի 16-ին պատասխանելով «Հայլուր»-ի հարցերին` ԱՆ բուժօգնության կազմակերպման վարչության պետ Հ.Դարբինյանն ասաց, որ «արյան բոլոր կայանները ապահովված են բոլոր տեսակի դիագնոստիկումներով եւ տեստ համակարգերով»: Հաղորդումից մի քանի րոպե անց, մեզ զանգեց մարզային կայաններից մեկի տնօրենը եւ ասաց. «Հ.Դարբինյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, մենք տեստ համակարգեր չունենք»: Մենք ծանոթ ենք եւ արդեն ներկայացրել ենք արյան տարբեր կայաններում եւ ծառայություններում տիրող վիճակը: Վերջին օրերին, իսկապես, ինչ-որ բաներ սկսել են փոխվել, սակայն նախարարությունը դեռ չի հասցրել փող փոխանցել այն կայաններին, որոնք չունեին տեստ համակարգեր եւ, որտեղ աշխատավարձ վերջին անգամ վճարվել է 8-12 ամիս առաջ:
Նախարարությունն ամեն ինչ անում էր արյան միջոցով սպիդի տարածման դեպքը թաքցնելու համար: Որոշ հիվանդանոցների, արյան կայանների տնօրենները, մարզերի առողջապահության վարչության պետերը հրահանգներ են ստացել չպատասխանել լրագրողների հարցերին, ժխտել ամեն ինչ, ասել, որ բյուջեով նախատեսված գումարները 100%-ով վճարված են: Մեր հետազոտություններից հայտնի են դառնում նորանոր փաստեր: Պարզվում է, որ դոնորական արյան միջոցով սպիդի տարածման դեպք է գրանցվել Ղարաբաղում՝ դեռեւս 2000-ին: Վարակակիրը պատերազմի մասնակից է, վիրավորվել էր եւ վիրահատության ժամանակ նրան ներարկել են արյուն: Իսկ Ղարաբաղում պատերազմի տարիներին արյունը հետազոտելու ժամանակ երբեմն չէր լինում, եւ վիրավորներին ներարկում էին միայն ըստ արյան խմբի համապատասխանության: Այնպես որ, այսօր Ղարաբաղում «ռիսկի խումբ» կարելի է համարել նաեւ պատերազմի ժամանակ այն վիրավորներին, որոնց ներարկել են արյուն: ԼՂՀ գլխավոր սանիտարական բժիշկ Ա. Հարությունյանը մեր հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ իրենք «ռիսկի խմբերից» բացի, ինչ-որ չափով հետազոտում են նաեւ պատերազմի տարիներին առանց ստուգման արյուն ներարկված վիրավորներին: Նոր դեպք չի գրանցվել: Սակայն հայտնաբերված չէ նաեւ վարակակիր արյան դոնորը: Պետությունը պարտավոր է անհապաղ նրանց հետազոտել, այդ վիրավորներից շատերը գտնվում են Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարարությունը այսպիսի խնդիր իր առաջ չի դրել, այլապես դեպքը չէր թաքցվի եւ կառավարությանը կներկայացվեր որեւէ ծրագիր:
ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
շարունակելի