Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը 2000 թ. ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 30-ին հրաման էր արձակել. «Նախարարության ենթակայության թատերահանդիսային կազմակերպությունների դահլիճների գործառությունն այդ կազմակերպությունների հիմնական գործունեությանը ծառայեցնելու նպատակով հրամայում եմ՝ 2001 թ. հունվարի 1-ից բացառել թատերահանդիսային կազմակերպությունների դահլիճների տրամադրումը հասարակական-քաղաքական կազմակերպություններին»։
Եվ հենց այս թիվ 542 հրամանը վկայակոչելով էլ մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը մարտի 3-ին մերժել էր ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանի խնդրանքը՝ հանրապետության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակին նվիրված լսումներ անցկացնելու նպատակով տրամադրել Արամ Խաչատրյանի անվան Մեծ համերգասրահի դահլիճը։ «Համարում ենք ոչ նպատակահարմար թատերահանդիսային կազմակերպությունների դահլիճների գործառությունն իրենց հիմնական գործունեությանը ծառայեցնելու պատճառով»,- գրել էր փոխնախարարը։
Սակայն այլ կուսակցությունների, որոնց գործունեությունը երբեմն «թատերահանդիսային» են անվանում, նրանց մոլի հակառակորդները միայն՝ դահլիճներ, այնուամենայնիվ, տրամադրվում են։ Այսպես, մարտի 15-ին ՍԻՄ-ին ու Դեմկուսին հնարավորություն ընձեռվեց Հայֆիլհարմոնիայի Փոքր դահլիճում անցկացնել ժողով՝ «Ինչո՞ւ ենք մենք դեմ էլեկտրական բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը» օրակարգով։ Մարտի 17-ին Արամ Խաչատրյանի անվան նույն Մեծ համերգասրահի դահլիճում «Օրինաց երկիրը» տոնեց իր 3-ամյակը։
Այս առնչությամբ Ռոլանդ Շառոյանի «Առավոտին» տրված պարզաբանումներն էին, թե Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը ոչ թե մշակույթի նախարարության ենթակայությամբ է գործում, այլ քաղաքապետարանի։ Իսկ «Օրինաց երկրին» տրամադրված դահլիճի առնչությամբ ասաց, թե դա տոնակատարություն էր ու խոստացավ, թե ցանկացած կուսակցության իր հոբելյանը նշելու համար կտրամադրվի դահլիճ։ Պրն Շառոյանը կրկնեց հեռուստատեսությամբ արված իր կոչը, թե՝ թող այդ դահլիճները մաքուր մնան, եւ այլ տեղ հնչեն ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու կոչերը։
Կարդացեք նաև
Ա. Ի.