Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ապագա է նախատեսվում Հայաստանի համար

Մարտ 20,2001 00:00
Hayastan

Հրադադարից վեց տարի հետո Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները տակավին մնում են նույն տեղում։ Մինչդեռ Ղարաբաղի հարցի լուծումը Հայաստանի ապագայի համար, ավելին՝ գոյատեւելու գրավականն է։

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է մեկնակետն այս զինյալ հակամարտության, որը պատասխան եղավ օրինավոր այդ պահանջին։ Նախագահ Քոչարյանն արդեն շուրջ երկուսուկես տարի է, ինչ իշխանության է եկել, որպեսզի լուծի այս խնդիրն այլ կերպ, քան առաջարկվում էր նախկինում։ Բայց իր՝ պետության գլուխ անցնելուց ի վեր որեւէ առաջընթաց դեպի խաղաղություն չի արձանագրվել։ Ոչ մի առաջադիմություն չեղավ շուրջ մեկ տարի առաջ վարչապետի եւ ԱԺ նախագահի սպանությունից հետո ամբողջ իշխանությանը նրա տիրանալուց ի վեր նույնպես։ Մինչդեռ, Հայաստանը նույն հակամարտության հետեւանքով ենթակա է մի շրջափակման, որն էլ ավելի է ծանրացնում այն տնտեսական դժվարությունները, որոնք ընդհանուր են նախկին խորհրդային բոլոր երկրների համար։

Ներկայիս վիճակի սառեցումն արդյո՞ք փոխհատուցում է հայ բնակչության մեկ երրորդի արտագաղթը։ Արդյո՞ք, ընդհակառակը, այն ժողովրդագրական ծանրագույն անկման գլխավոր պատճառներից մեկը չէ, որը եթե շարունակվի, Հայաստանի վիճակն էլ ավելի վտանգավոր եւ կախյալ կդարձնի։ Անհրաժեշտ է հարեւան պետությունների հետ համակեցության պայմաններ ստեղծել, եթե չենք ուզում, որ Հայաստանը կարճ ժամանակում միայն անվանական պետության վերածվի։

Անհրաժեշտ է կապեր փնտրել արտաքին աշխարհի հետ, հատկապես Եվրոպայի հետ, որը կարող է նպաստել այդ կապերի զարգացմանը՝ հակամարտության լուծմանն ուղղված իր ջանքերի հետ միաժամանակ։

Նախագահ Քոչարյանը պարտավոր է գործուն քայլերի դիմել անհապաղ պատվաբեր խաղաղության հասնելու համար։ Ղարաբաղի պատերազմի սարսափազդու դեմքն այսօր պետք է խաղաղություն շահի։ Հակառակ դեպքում, նա Հայաստանի աղետալի կորուստների պատասխանատուն կդառնա։ Մեծ է թիվը, ովքեր կիսում են այս մտահոգությունը։ Մենք սա արտահայտում ենք հրապարակավ։

ՎԱՐՈՒԺԱՆ ԱԹԹԱՐՅԱՆ

Նախկինում միջազգային բարձրաստիճան պաշտոնյա

ԺԵՐԱՐ ՇԱԼՅԱՆ

Գրող, գեոստրատեգիայի մասնագետ

«Հառաջ» թերթում տպագրված այս նամակը հետաքրքիր է նրանով, որ սփյուռքահայերը սովորաբար հանդես են գալիս առավել կարծր (պահանջատիրության, Հայ Դատի) դիրքերից։ Տվյալ հրապարակման մեջ՝ հակառակը. մտահոգություն է հայտնվում խաղաղության եւ պետականության պահպանման վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031