Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-Ն ԵՎ ԿՈՄԿՈՒՍԸ ՃԱԿԱՏԻՑ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ

Մարտ 20,2001 00:00
hjk

«Ազգային համաձայնության ճակատ» նախաձեռնող խմբի հրապարակված կազմում բացակայում են այն խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների անունները, որոնք մշտապես մասնակցում էին նույն կազմով անցկացված կլոր սեղաններին եւ այլ միջոցառումներին։ «Առավոտը» փորձեց պարզել այս իրողության պատճառները։

Բայց նախ նշենք, թե ովքեր են միացել այս հռչակագրին, ըստ որի Հայաստանում բոլոր ոլորտներում անկումն անցել է բոլոր սահմանները, բացի այդ՝ «Իշխանության եւ հասարակության միջեւ խորացող օտարումն անհաղթահարելի է ներկայիս վարչակազմի կողմից եւ իր խոր արմատներն ունի գործող կառավարման համակարգի մեջ»։ Ելնելով ստեղծված իրավիճակից եւ «Հայրենիքը համընդհանուր ճգնաժամից համատեղ ջանքերով դուրս բերելու» մտադրությամբ «Հանրապետության ապագայով մտահոգ ուժերի միասնություն՝ ազգային համաձայնության ճակատի» ձեւավորման մասին հայտարարել են դերասան Կարեն Ջանիբեկյանը, ԱԱՊՎ նախկին պետ Էդուարդ Սիմոնյանցը, ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը, ՆԳ նախկին նախարար Լեւոն Գալստյանը, «Երիտասարդական ակումբի» նախագահ Էլեոնորա Մանանդյանը, ԵՊՃՀ դոցենտ Ռոբերտ Շամիրյանը, «Ազգային հայրենասիրական ուժերի» ներկայացուցիչ Գեւորգ Հովսեփյանը եւ «Առաջադիմական Միացյալ Կոմկուսի» նախագահի տեղակալ Վարդան Խաչատրյանը։

Ճիշտ նույն կազմով «21-րդ դար ասոցիացիայի» գրասենյակում հավաքներ անցկացնողների այս ցանկում ուշադրություն գրավեց նախ «Ժողովրդավարական Հայրենիք» ու «Մտավորական Հայաստան» կուսակցությունների բացակայությունը։ Թերեւս մտավախությունն այն է եղել, որ ԱՀՃ-ն նախապես խիստ չքաղաքականացվի եւ այս կամ այն կերպ չկապվի նախորդ իշխանությունների կամ ՀՀՇ-ածին ուժերի հետ։

Բացի ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության եւ ԵԿՄ վարչության նախագահության անդամ Ղուկաս Ուլիխանյանից՝ նախաձեռնող խմբում չէին նաեւ ԱԺ այն պատգամավորները, որոնք նույնպես մշտապես մասնակցում էին այդ կլոր սեղաններին եւ ստորագրում համատեղ հայտարարությունները՝ Էմմա Խուդաբաշյանը, Արամայիս Բարսեղյանը, Նորիկ Պետրոսյանը եւ Խորեն Սարգսյանը։

Արդյոք ՀԺԿ-ական պատգամավորների չմասնակցելն արդյունք է կուսակցության վերապահ եւ զգուշավոր դիրքորոշմա՞ն։ Մեր հարցին, թե իրենք որեւէ ձեւով մաս կազմելո՞ւ են այդ ճակատին՝ ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանն ասաց. «Ի սկզբանե էլ ՀԺԿ-ն որպես կուսակցություն չի մասնակցել նախաձեռնող խմբի աշխատանքներին։ ՀԺԿ-ից մասնակցել է միայն երկու պատգամավոր։ Ե՛վ Էմմա Խուդաբաշյանը, ե՛ւ Արամայիս Բարսեղյանը մասնակցել են դիտորդների կարգավիճակով։ Եվ նրանք շարունակում են մնալ նույն կարգավիճակում»։

Արդյոք Կոմկուսի պատգամավորնե՞րն էլ են համալրել դիտորդների փառապանծ շարքերը։ Մեր զրույցի պահին Խորեն Սարգսյանը դեռեւս ծանոթ չէր հռչակագրի ավարտուն տարբերակին եւ, թե նախաձեռնող խմբի ինչ կազմ է հրապարակվել. «Չգիտեմ, թե վերջնական ֆորմատն ինչպես է ընտրվել։ Ես միշտ մասնակցել եմ այդ նիստերին եւ էլի եմ մասնակցելու՝ որպես կուսակցության ներկայացուցիչ։ Կենտկոմի առաջին քարտուղարի հանձնարարականով եմ ես մասնակցում։ ՀԿԿ քաղաքային կոմիտեի կոնֆերանսում մենք բանաձեւ էինք ընդունել միասնական ճակատով հանդես գալու՝ հայրենասիրական ուժերի դաշինք կազմելու վերաբերյալ։ Ի կատարումն այս բանաձեւի՝ մենք հանդիպել եւ կլոր սեղանի շուրջ ենք նստել ամենատարբեր կուսակցությունների հետ։

Մենք պայման ենք դրել՝ եթե հռչակագրի մեջ ընդգրկվեն նաեւ մեր կուսակցության պահանջները, մաս կկազմենք։ Իսկ եթե ոչ՝ ուրեմն ճակատի մասին խոսք լինել չի կարող։ Կամ էլ երեւի պիտի նորից բանակցություններ անցկացնենք, եւ նրանք բացատրեն, թե ինչու չեն ընդգրկել մեր առաջարկները։ Նաեւ պիտի տեսնենք՝ այդ հռչակագիրը մեզ սրտամո՞տ է, թե՞ ոչ»։

«Ազգային համաձայնության ճակատի» հռչակագիրը, թերեւս, սրտամոտ լինի նաեւ կոմունիստներին, քանի որ ներառում է այսպիսի գնահատականներ. «Հայտնվելով սոցիալապես անպաշտպան վիճակում, չտեսնելով իշխանությունների գործողություններում որեւէ դրական եւ հուսադրող տեղաշարժ, օտարվելով, Հայրենիքը զանգվածաբար լքում է մեր պետականության միակ կրողը՝ Հայաստանի ժողովուրդը։ Խորը ներքաղաքական, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի պատճառներն են քաղաքական դաշտում տիրող անբարոյական առեւտուրը, համատարած կաշառակերությունը, հովանավորչությունը, կլանների գերակայությունը եւ իշխանությունների ապօրինի գործողությունները»։

Բայց Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի միանալու կամ կոմունիստների այլ ավանդական պահանջների մասին հռչակագրում խոսք չկա, որ խիստ հարցական է դարձնում նրանց մասնակցությունը։ Համենայն դեպս, Խորեն Սարգսյանը նշեց. «Վերջնական որոշումը կկայացնի Կոմկուսի կենտկոմը՝ մեր համագումարի հաջորդ օրը»։

Հիշեցնենք, որ ՀԿԿ համագումարն անցկացվելու է մարտի վերջին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031