Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

Մարտ 20,2001 00:00
Tigran Torosyan

«Միասնություն» դաշինքը վերջին նիստն անցկացրել էր 2000 թվականի մայիսին, երբ օրակարգում էր ՀՀ վարչապետի թեկնածության հարցը։

Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելուց հետո նախագահ Քոչարյանը կրկին տպավորություն ստեղծեց, թե «Միասնությանը» քայլ կատարելու հնարավորություն է տալիս, եւ կրկին առաջարկեց, որ վարչապետի թեկնածությունը դաշինքն առաջարկի։ Անդրանիկ Մարգարյանին, ըստ էության, դժվար է միանշանակ դաշինքի կողմից ընտրված վարչապետ համարել, քանի որ ՀԺԿ-ն մինչեւ վերջ շարունակեց պնդել, թե ինքը չի կիսում Անդրանիկ Մարգարյանի կառավարության գործունեության պատասխանատվությունը։

Ինչեւէ։ Այսքանը՝ հարցի պատմությունից։ Որոշ աղբյուրներ պնդում են, թե այսօր դեռ վաղ է խոսել հերթական վարչապետի պաշտոնանկության մասին, հետեւաբար, նոր թեկնածուի հարց եւս դրված չէ։ Ուրեմն ինչո՞ւ, ի՞նչ քաղաքական լուրջ պատճառներ «դրդեցին» «Միասնություն» դաշինքին՝ 10 ամսվա ընդմիջումից հետո դաշինքի նիստ հրավիրել եւ նիստն անցկացնել ոչ թե ՀՀԿ, այլ ՀԺԿ գրասենյակում։ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը ոչ մի տարբերություն չի տեսնում նիստի անցկացման վայրի առումով։ Մեր հարցին, թե ինչ լուրջ քաղաքական իրադարձություն է սպասվում, որ հանկարծ դաշինքը որոշեց նիստ գումարել, Տիգրան Թորոսյանն այսպես պատասխանեց. «Սեպտեմբերյան իրադարձությունների կիզակետին որոշվեց, որ «Միասնություն» դաշինքը պետք է պահպանել, եւ այն պետք է ունենա իրեն համապատասխան դեր Հայաստանի քաղաքական կյանքում։ Դրա տրամաբանական շարունակությունը կլիներ այն, որ դաշինքի երկու կուսակցությունները համատեղ քննարկեին առկա խնդիրները, դրանց լուծումները, որպեսզի հետագայում հնարավոր լիներ խուսափել այն հարցերից ու բարդություններից, որոնք ամառվա ընթացքում կային եւ հանգեցրին սեպտեմբերյան իրադարձություններին»։ Սակայն, ըստ Տիգրան Թորոսյանի, այդ բանը ժամանակին չարվեց եւ անցած մի քանի ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ, այնուամենայնիվ, խնդիրներ կան։ Հիշենք ԱԺ վերջին մի քանի կարեւոր հարցերի քննարկումներն ու քվեարկությունները։ Շաբաթ օրվա հանդիպումը (մարտի 17), ըստ պրն Թորոսյանի՝ «Նպատակ ուներ տեւական ընդմիջումից հետո քննարկել այդ խնդիրները եւ որոշում ընդունել տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ։ Որոշվեցին մի շարք սկզբունքներ, որոնցով պետք է համագործակցեն կուսակցությունները խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս։ Որոշվեց, որ հանդիպումները պետք է պարբերական լինեն, եւ կարեւորագույն հարցերը պետք է քննարկվեն դաշինքի քաղաքական խորհրդում»։

Տիգրան Թորոսյանը բացառեց, որ նիստը հրավիրվել էր խորհրդարանի հնարավոր լուծարման հետ կապված։ Ըստ ԱԺ փոխնախագահի՝ նման խնդիր չկա. «ԱԺ-ն չի կարող հենց այնպես լուծարվել, դրա համար հիմքեր են պետք։ Այժմ նման հիմքեր կարծես թե չկան»։

Նիստը քննարկե՞լ է «Հոկտեմբերի 27»-ին առնչվող հարցեր, եթե՝ այո, ի՞նչ որոշում է կայացվել. «Երկու կուսակցություններն էլ նույնական վերաբերմունք են ունեցել «Հոկտեմբերի 27-ի» գործի նկատմամբ։ Շատ կարճ խոսվել է միայն երեք նիստերի, նիստերին մասնակցող «Միասնություն» խմբի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու մասին եւ այն մասին, որ «Միասնություն» դաշինքը դատական ընթացքին որեւէ միջամտություն չի ունենալու»։

Եթե մի կողմ թողնենք այն շշուկները, որ «Միասնություն» խմբակցությունից մի քանի պատգամավոր պատրաստվում է հեռանալ, ի թիվս այլոց նշվում է նաեւ Հմայակ Հովհաննիսյանի անունը, ապա, դատելով նիստի անցկացման փաստից, կարելի է ենթադրություն անել, որ դաշինքը ձգտում է միաբանվել։ Թե ինչ նպատակով կամ ում դեմ, առայժմ կռահումներ չանենք։ Թեպետ մի քիչ անհավանական է ազդեցիկ քայլեր ակնկալել այսօրվա քաղաքական մեծամասնությունից, որը բազմաթիվ օրինակներով, վերջին շրջանում հատկապես, ավելի շատ քայքայման մասին է խոսում, քան՝ հակառակի։

ՀԺԿ-ից մեզ հայտնեցին, որ «Միասնություն» դաշինքի նիստի ժամանակ քննարկվել են զուտ աշխատանքային հարցեր՝ կապված խմբակցության դիրքերի ուժեղացման, ինչպես նաեւ՝ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հետ։ Հատկապես կարեւորվել են սահմանադրական փոփոխությունները, «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը եւ այլ հարցեր։

Դաշինքի նիստին մասնակցել է երկու կողմից 5-ական ներկայացուցիչ։ ՀՀԿ-ից՝ Անդրանիկ Մարգարյանը, Տիգրան Թորոսյանը, Դավիթ Զադոյանը, Գալուստ Սահակյանն ու Գագիկ Մելիքյանը։ ՀԺԿ-ից՝ Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Ծատուրյանը, Ստեփան Զաքարյանը, Վարդան Մկրտչյանը եւ Աշոտ Գալոյանը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել