Մանկավարժական սակավաթիվ մամուլը համալրվեց երկու նոր ամսագրով՝ «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Նախաշավիղ»։ Կրթական բարեփոխումների կենտրոնում այս առթիվ կայացած շնորհանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին ԿԳ նախարարն ու բոլոր փոխնախարարները, ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, բնագավառի հայտնի մասնագետներ ու մանկավարժներ։ ԿԲԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ թեեւ դժվար է եղել մանկավարժական մամուլի կայացման ճանապարհը, բայց՝ արդյունավետ։ Դեռ չորս տարի առաջ ոչ մի մանկավարժական ամսագիր չունեինք։ Այսօր արդեն դրանք հինգն են։ Իսկ «Նախաշավիղի» հրապարակումն ընդհանրապես աննախադեպ իրադարձություն է, քանի որ մինչ օրս չենք ունեցել նախադպրոցական ու տարրական մանկավարժական խնդիրներին նվիրված ամսագիր։ Ամսագրի խմբագիրը հենց Վիկտոր Մարտիրոսյանն է, ըստ որի «Նախաշավիղը» պետք է «ապահովի մեր հետադարձ կապը ուսուցչության հետ, տարածի կրթական գաղափարախոսությունը եւ դառնա ուսուցչի խոսափողը»։
ԿԳ նախարարը համեստորեն նկատեց, որ «մեր համակարգում նույնպես ժամանակ առ ժամանակ լավ գործեր լինում են»։ Նախարարը նաեւ ավետեց, որ անցյալ տարվանից մանկավարժական ամսագրերն արդեն պետական բյուջեից են ֆինանսավորվում։ Մանկավարժական ամսագրերի հրապարակման առնչությամբ իրենց գոհունակությունը հայտնեցին նաեւ մանկավարժները, որ գրեթե զրկված են մանկավարժության նորույթներին տեղեկանալու հնարավորությունից։ Ամսագրերից մեկական օրինակ դպրոցներին բաշխվում է անվճար։
Ն. Հ.