«Ես զարմանում եմ՝ ի՞նչ է կատարվում մեր շրջապատում»,- զարմացավ ԿԳ նախարարը՝ Լիցենզավորման ու հավատարմագրման ծառայության աշխատանքում ՀՀ գլխավոր դատախազության բացահայտած օրինախախտումների մասին իր վերաբերմունքը հայտնելու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան։ Էդուարդ Ղազարյանը միայն մամուլից է իմացել դատախազության ուսումնասիրությունների մասին, ոչ թե ինքն է «ստացել դատախազությունից պաշտոնական փաստաթուղթը»։ Որքան տեղյակ ենք՝ դատախազությունը պարտավորություն չունի հատուկ զգուշացնել, որ ուսումնասիրություններ է սկսում։ Բայց զարմանալի է, որ ԿԳ նախարարին իր ենթակա կառույցի ղեկավարն էլ հարկ չի համարել տեղեկացնել սկսված ուսումնասիրությունների մասին։
Մի քանի օր առաջ նախարարը ստացել է ստուգումների արդյունքների մասին դատախազության պաշտոնական տեղեկանքը եւ «ընդհանուր կարգի համաձայն՝ պետք է մեկ ամսվա ընթացքում քննարկենք եւ մեր կարծիքն ու որոշումները հայտնենք դատախազությանը»։ Պրն Ղազարյանը հանձնարարել է քննարկել, թե «ի՞նչ թերություններ են հայտնաբերվել, ի՞նչ պատճառներով, եւ համապատասխան մեր վերաբերմունքը եւ նաեւ՝ գրավոր կարծիքը կներկայացնենք դատախազությանը»։
Ի պատասխան «Առավոտի» հարցին՝ ԿԳ նախարարն անձամբ գո՞հ է ԼՀ ծառայության աշխատանքից, Էդուարդ Ղազարյանն ասաց. «Դա լրիվ նոր աշխատանք է մեր հանրապետության համար, նախկին փորձ չենք ունեցել եւ այսքան տարիների ընթացքում բուհական մասնավոր համակարգը հախուռն ձեւավորվել է, անկապ, անհեթեթ՝ շատ դեպքերում։ Եվ մենք ընդամենը մեկ տարի է, որ փորձում ենք համակարգել։ ԼՀ ծառայությունը, ըստ էության, սկսել է աշխատել սեպտեմբերից։ Մեծ դժվարությունների առջեւ ենք կանգնած։ Բավական ճնշման տակ ենք գտնվում նաեւ»։ Ըստ նախարարի՝ հեշտ գործ չէ, արդեն գործող, ուսանողներ ունեցող բուհերը, որ նույնիսկ տարրական պայմաններին չեն համապատասխանում, փակել։ Արդեն 16 բուհի զրկել են գործունեության լիցենզիայից եւ «բավականին մեծ դիմադրություն, ճնշումներ կան, բայց պետք է շարունակենք այդ աշխատանքը։ Ես անթերի չեմ գտնում ծառայության աշխատանքը։ Անպայման թերություններ, վրիպումներ կլինեն եւ պետք է անընդհատ շտկենք, բայց, կարծում եմ, որ ծառայության կողմից քաղաքականությունը ճիշտ է տարվում»։
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ