Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրանական էսքիզներ

Մարտ 17,2001 00:00
iran

Երկամյա բացակայությունից հետո դեկտեմբեր-փետրվար ամիսներին եղա Իրանում եւ ականատեսն էի ներքոշարադրյալ փոփոխություններին:

Իրանի նախագահ Խաթամին, որը վայելում է իր ժողովրդի սերն ու հարգանքը, իր պաշտոնավարության հինգ տարում (այն կլրանա մայիսին) եթե չի հաջողել տնտեսական ու ներքաղաքական խոչընդոտները ամբողջովին հաղթահարել, բայց կարողացել է իրանցի երիտասարդներին, մտավորականներին, արվեստագետներին եւ կանանց ձերբազատել արմատականների հարուցած դժվարություններից։ Այսօր Իրանում մամուլը մեծամասամբ ձերբազատված է անտեղի վերահսկողությունից, գրահրատարակչական գործը նոր պայմաններում թափով աշխատում է՝ հրատարակելով բազմազան թեմաներով գրքեր, այնպիսիք, որոնք մի քանի տարի առաջ անհնարին էր տեսնել գրախանութների ցուցափեղկերում։ Հարգելով խոսքի ազատությունը, խմբագիրները հաճախ են հայտնվում դատարանում՝ պատասխանելու իրենց դեմ ներկայացված մեղադրանքներին։ Հաճելի եռուզեռ կար Իրանի մայրաքաղաքում. աշխարհի բոլոր կողմերից «Ֆաջր» կինոյի փառատոնին մասնակցելու էին եկել կինոբեմադրիչներ, ժուռնալիստներ, լուսանկարիչներ։ Իրանի կինոյի հաղթարշավը Եվրոպայում եւ այլուր խոսում է իրանցի արվեստագետների ստեղծագործական մեծ հնարավորությունների մասին։ Արժե հիշել, որ Իրանի նախագահի առաջարկությամբ 2001 թվականը ՄԱԿ-ի կողմից ընդունվեց որպես քաղաքակրթությունների երկխոսության տարի։ Մարտի 1-ին, երբ թողնում էի Թեհրանը՝ սմոգով պարուրված մոխրագույն երկնքով, արդեն ծաղկել էին նշենիները։ 10 միլիոնանոց Թեհրանի սիրտը բաբախում է ուժգնությամբ, իրանցիները տենդագին գնումների, նախատոնական եռուզեռի մեջ էին։ Իրանցի ժողովուրդները, արդեն հազարամյակներ, մարտի 21-ին տոնում են Նոր տարին։ Վերածնվող բնության տոնը շքեղորեն, ազգովին նշելու համար նախ տանտիկինները վերից վար մաքրում, փայլեցնում են տունն ու դուռը, երեխաների համար անպայման նոր հագուստներ են գնում եւ, իհարկե, տարվա վերջին շաբաթը մասսայաբար մասնակցում «բարեգործական շաբաթին»՝ նոր հագուստներով, դրամով եւ կենցաղային ապրանքներով ընչազուրկներին նոր տարվա ուրախության մասնակից դարձնելով։ Գեղեցիկ է գարնան տոնը Իրանում։ Սա այն տոնն է, որ դարեր շարունակ տոնվում է իրանական հզոր մշակույթի տիրույթներում։

Հետաքրքիր զուգահեռներ կան իրանական Նո-Ռուզի եւ հին հայկական մեռնող-հառնող աստծուն եւ բնության զարթոնքին նվիրված տոների միջեւ։ Մարտի 20-ին, երեկոյան ժամը 17-ին իրանական Նոր տարին կսկսվի, իր հետ այն թող բերի լավագույնը Իրանի ժողովրդի համար։ Մայիսին սպասվող նախագահական ընտրությունների թեկնածուները դեռ հայտնի չեն, սակայն Սեյեդ Մոհամմադ Խաթամին ունի իրանցի 30 միլիոն երիտասարդների (16-ից վեր) ձայները։

ՇԱՔԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031