Այսօր եթե փորձենք գնահատել երգարվեստում ստեղծված վիճակը, կնկատենք, որ ավելի հաճախ հոլովվում է «ռաբիս» անվանումը։ Հանդիպեցի երգիչ Թաթային, որի զուգերգը Լյուբա Ուսպենսկայայի հետ անցյալ տարեվերջյան հիթն էր (ի դեպ, երգի հեղինակը Թաթան է) եւ խնդրեցի պատասխանել մի քանի հարցերի։
-Ձեր վերջին ալբոմը վերնագրված է «Ո՞վ է նա»։ Իսկ ո՞վ եք դուք։
– Ես՝ Թաթա Սիմոնյանն եմ, 1962 թվականին ծնվածներից մեկը։ Փորձել եմ դառնալ ֆուտբոլիստ, ակորդեոնահար, դերձակ, ատաղձագործ… Մայրս փորձեց ինձ տեղավորել «Ակունք» անսամբլում։ Ասեմ, որ բարդույթներ ունեի, ամաչկոտ էի։ Մի խոսքով՝ ոչինչ չէր ստացվում։ 80-ականների սկզբին ընդգրկվեցի «Կիլիկիա» վոկալ-գործիքային անսամբլի կազմում, բայց ինչ երգ ես էի ուզում կատարել, չէին թողնում…
– Մինչեւ ե՞րբ շարունակվեցին պրպտումները, որոնք, փաստորեն, ուղեկցվում էին անհաջողություններով։
Կարդացեք նաև
– Մինչեւ 90-ական թվականները… Իհարկե, երգում էի հարսանիքներում, հավաքույթների ժամանակ։ «Սովետսկայա» ռեստորանում կարճ ժամանակահատված աշխատելուց հետո՝ 92-ից 96 թվականներին աշխատեցի «Դվին» ռեստորանում։ Առաջին ալբոմս թողարկեցի 96 թվականին, որտեղ տեղ գտած «Էլ ի՞նչ տոնածառ առանց պապ՝ ձմեռ պապ» երգը ինձ ճանաչում բերեց։ Ասեմ, որ ռեստորաններում, հարսանիքներում երգելը մեծ դպրոց եղավ ինձ համար։ Կարծում եմ, ձեր հարցերից մեկը կլինի հետեւյալը՝ «Դուք ձեզ համարում եք ռաբիս երգի՞չ, թե…»։ Գիտեք, երբ ինչ-որ մեկը ուզում է ինձ հաճոյանալ, ապա ասում է՝ «Դուք ռաբիս չեք…»։ Ես պատասխանում եմ, հիմա ասեմ ձեզ նույնպես՝ ես ռաբիս երգիչ եմ։ Խնդրում եմ չշփոթել -ն մեր «ռաբիսի» հետ։ Վերջինս հայկական փոփ երաժշտությունն է։ Եղել է ու կա էդ հիմնարկը, որ անվանում ենք «ռաբիսանոց»։ Այդտեղից են դուրս եկել շատ հանրահայտ երաժիշտներ՝ Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանը… Այսօր ռաբիսը լուրջ ժանր է եւ բարձունքի է հասել։ Սա իրականություն է։ Եթե կա ֆրակ, չի նշանակում, որ ջինս պետք է չլինի։ Եկեք մեկս մյուսին անուններ չկպցնենք։ Յուրաքանչյուրս թող իր գործով զբաղվի։ Եթե կոմպոզիտորներից (իսկ քանի՜ կոմպոզիտոր ունենք) յուրաքանչյուրը գոնե մեկ երգ գրեր, պատկերացնում եք ի՜նչ հիթերի, էլ չեմ ասում ի՜նչ երգարվեստի մասին կխոսեինք։
– Ո՞վ կամ ովքե՞ր են ձեզ համար երգեր գրում։
– Երգերիս մեծ մասը ես եմ գրում։ Կարծում եմ՝ Շերամը, Ջիվանին, Սայաթ-Նովան նստած իրենք էին գրում ու կատարում իրենց երգերը, մեջլիս մտնում, ի վերջո՝ փող վաստակում։ Նրանք էլ ինձ նման տղաներ էին, չէ՞…
– Ինչպես ծնվեց Լյուբա Ուսպենսկայայի հետ ձեր զուգերգը։
– Ընկերներս առաջարկեցին մի դուետ կատարել։ Շատերին խնդրեցի գրել, բայց… վերջը ինքս գրեցի։ Երկար ժամանակ մտածում էի ձայնագրվել Օվսիենկոյի, Ալեգրովայի հետ, վերջնականապես որոշեցի Ուսպենսկայայի հետ, քանի որ նրա արվեստը մոտ է ռաբիսին։ Մեծ սիրով համաձայնեց ձայնագրվել։
– Ինքներդ ձեզ դիտելիս ի՞նչ եք զգում՝ գոհացնո՞ւմ է կատարումը, նկարահանումը…
– Հասկացա հարցի ենթատեքստը։ Կար ժամանակ, երբ Էլվիս Պրեսլիի ոտքերը օպերատորները «կտրում» էին, հիմա իմ դեպքում՝ գլուխս է անընդհատ շարժվում։ Բախտս բերել է՝ գլուխս չեն կարող չցուցադրել։ Իսկ կատարումներիս գնահատականը ժողովուրդն է տալիս, որին երախտապարտ եմ ու շնորհակալ։
– Եվս մեկ հարց՝ ավանդական…
– Հասկացա. զբաղված եմ համերգային գործունեությամբ, կատարում եմ ձայնագրություններ եւ փորձում եմ երեւանցիների, հայաստանիների նման երջանիկ զգալ ինձ՝ իմ հայրենիքում։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ