Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԵԶՈՒ ԵՆ ԳՏԵԼ

Մարտ 17,2001 00:00
Eduard Ghazaryan

Երեկ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովում ԿԳ նախարարի եւ պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ կայացավ քննարկում՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում առաջին ընթերցմամբ վերջերս ընդունված փոփոխությունների առնչությամբ։

Հիշեցնենք, որ դրանով նախատեսվում է քննությունների անցկացումը հանձնել բուհերին։

Նախորդ օրը ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանից տեղեկացել էինք, որ տեղի է ունեցել պետական բուհերի ռեկտորների խորհրդի արտահերթ նիստ եւ բոլորը միաձայն իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել՝ քննությունների անցկացումը բուհերին հանձնելու գաղափարի վերաբերյալ։ ԱԺ հանձնաժողովի երեկվա նիստում ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը ռեկտորների անունից հրապարակեց այդ որոշումը։

Տեղեկացրել էինք, որ կառավարությունը, բնականաբար նաեւ ԿԳ նախարարը, բացասական՝ կարծիք ունեն օրենքի այդ փոփոխությունների վերաբերյալ։ Դրական չէ նաեւ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի կարծիքը, սակայն նախաձեռնությունը հանձնաժողովինը չէ, այլ առանձին պատգամավորներինը։

Ավելին, Էդուարդ Ղազարյանի հավաստմամբ՝ հանձնաժողովում քննարկվել եւ հավանության է արժանացել Կրթության զարգացման պետական ծրագիրը, որտեղ ներկայացված է այդ հարցի վերաբերյալ ԿԳՆ-ի գաղափարախոսությունը։ Իսկ դա ենթադրում է աստիճանական անցում ընդունելության նոր համակարգի՝ Գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոնի ստեղծում, որտեղ հանձնած քննությունների հիման վրա դիմորդը պետք է դիմի իր ցանկացած բուհը։ Վերջինս իրավունք կունենա սահմանել իր շեմային պայմանները եւ կենտրոնի տված հավաստագրի հիման վրա անցկացնել մրցույթը։

Էդուարդ Ղազարյանի փայփայած այս գաղափարը հիմա պարզապես դատապարտված է իրականացման, քանի որ հանձնաժողովի նիստում երեկ ընդունված փոխզիջումային տարբերակի կարեւոր բաղկացուցիչն է։ Մոտ 5 ժամ տեւած բուռն քննարկման արդյունքում հաջողվել է համաձայնության գալ։ Շավարշ Քոչարյանից տեղեկացանք, որ որոշել են այս տարի պահպանել կենտրոնացված համակարգը, իսկ մյուս տարի՝ Գիտելիքների գնահատման հանրապետական կենտրոնի գաղափարը պիտի կյանքի կոչեն։ Եթե չհասցնեն՝ կիրականանա քննությունները բուհերին հանձնելու մտադրությունը։ Փոխհամաձայնեցված այս տարբերակը, որպես օրենքի փոփոխություն, ԱԺ-ի առաջիկա եռօրյայում կդրվի քննարկման եւ, ընդունվելու դեպքում, օրենքի ուժ կստանա։ Իսկ եթե ԱԺ-ն, այնուամենայնիվ, չհարգի այս պայմանավորվածությունը եւ հին տարբերակն անցկացնի, ապա ՀՀ նախագահի վետոյին դիմելու հարկ կլինի։ Իսկ վերջինս ոնց որ թե կենտրոնացված համակարգի կողմնակից է։

Ի դեպ, այս քննարկումները առիթ հանդիսացան այս թեմայով բանավեճի ակտիվացման։ «Առավոտին» են դիմում քննություններին առնչություն ունեցող մարդիկ ու պնդում, թե կենտրոնացված քննությունները կենտրոնացված ու կազմակերպված մաֆիա են, եւ քննությունները բուհերին հանձնելն ավելի ճիշտ է։ Այս դեպքում պատասխանատուներն ավելի կոնկրետ են եւ բուհերը շահագրգռված կլինեն ընդունել բարձր մակարդակի գիտելիքներ ունեցող դիմորդների։ Սակայն, թերեւս ամենաճիշտն այն կարծիքն է, որ օբյեկտիվությունն ու արդարությունը ամենեւին էլ համակարգերը չեն ապահովում, քանի որ համակարգերը չեն փչացած, այլ…

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031