Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ճգնաժամը կստիպի բացել ճանապարհները

Մարտ 17,2001 00:00
chanaparh

Փետրվարի 28-ից մարտի 1-ը Ստամբուլում կայացավ «Կասպյան ֆորում» արտահայտիչ անունը կրող համաժողովը, որին մասնակցում էին Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի ու նաեւ Ուզբեկստանի եւ Ղազախստանի գործարարներ։

Նախաձեռնողն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն էր՝ վերոնշյալ երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների օգնությամբ։ Ֆորումի արդյունքներն ամփոփելու նպատակով երեկ ասուլիս էր հրավիրել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը։ Ըստ ֆորումին մասնակցած Հայ գործարարների միության նախագահ Հովսեփ Սեֆերյանի. «Նպատակն այն էր, որ Թուրքիայում արդեն հիմնավորված ամերիկյան հզոր կազմակերպությունները ներդրումներ անեն տարածաշրջանի երկրներում եւ դրանով ստիպեն, որ այս երեք երկրներն իրար հետ աշխատեն։ Դրանով գուցե լուծվեր նաեւ սահմանների բացման հարցը, ու որպես հետեւանք նաեւ՝ որոշ քաղաքական հարցեր»։ Պրն Սեֆերյանը շատ համոզիչ պնդում էր, թե «Բարվոք տնտեսական դաշտը կնպաստի բարվոք քաղաքական դաշտին։ Եվ հակառակը»։

Այս համաժողովը երկրորդն էր։ Առաջինը, որը կայացել է 1999թ. հոկտեմբերին, կրում էր «Կովկասը՝ Ստամբուլում» խորհրդանշական անունը։ Տարածաշրջանի տնտեսական եւ արդյունքում՝ նաեւ քաղաքական թիվ 1 խնդիրը շրջափակումն է՝ չգործող կոմունիկացիաները։

Սակայն, ինչպես վկայում էին Ստամբուլից վերադարձած գործարարները, այս հարցն անհանգստացնում է նաեւ թուրք գործարարներին. «Թուրքիան մեծ ճգնաժամի մեջ է։ Իրենց փողը 30% արժեզրկվել է։ Գործազուրկների թիվը միլիոնների է հասնում։ Իրենք էլ դժգոհ են ադրբեջանցիների եւ վրացիների հետ համագործակցության արդյունքներից եւ ուզում են համագործակցել մեզ հետ։ Իրենց կառավարության վրա անընդհատ ճնշում են գործադրում։ Կարծում եմ, որ այս համընդհանուր ցանկությունը՝ բացել ճանապարհներն ու ակտիվացնել համագործակցությունը, շուտով պտուղներ կտա»,- հույս հայտնեց Հ. Սեֆերյանը։

Պրն Սեֆերյանն իրեն հատուկ հռետորական ոճով անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման կոկորդին կանգնած ոսկորին՝ 1915-ի եղեռնին. «Մենք նրանց բացատրեցինք, որ Ցեղասպանությունը մի մեծ վերք է, որը դուք փոխանակ բուժեք, ձեռքով փակում եք, որ չերեւա։ Եվ այդ վերքը թարախակալվել է, գանգրենա է սկսվել։ Եվ պետք է կամ բացեք՝ բուժեք, կամ հետո ստիպված ձեռքը կկտրեք»։ Հետո, ըստ երեւույթին զգուշանալով, թե կարող է որոշ շա՜տ ազգային մտածելակերպ ունեցողների կողմից մեղադրվել թուրքերի հետ համագործակցելու այդքա՜ն մեծ ցանկության մեջ, ավելացրեց. «Անցյալը մոռացողը «հարամզադե է»՝ անիծյալ։ Բայց գիտենք նաեւ, որ արյունն արյունով չի լվացվի։ Պետք է սովորենք նորմալ շփվել իրար հետ, որ ե՛ւ մեր, ե՛ւ նրանց զավակների ապագան գեղեցիկ լինի»։

Կարծես ի հավաստումն այն բանի, որ մեր գործարարները կարող են դեմ խոսել, ՀԱ եւ ԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողների խնդրանքով իր տեսակետը արտահայտեց OTE-ի՝ «ԱրմենՏելը» թուրքական ընկերություններին օտարելու ենթադրյալ ցանկության մասին։ Նա ասաց նաեւ, որ հարցումներ է կատարել ՀՀ-ի դեսպանատանը՝ Հունաստանում եւ Հունաստանի դեսպանատանը՝ ՀՀ-ում, եւ իրեն պատասխանել են, որ նման բան չկա։ Եվ եթե նույնիսկ կա, ապա՝ անդրկուլիսյան, գաղտնի մակարդակով։ Սակայն պրն Ղազարյանը կարծում էր, որ OTE-ն որպես մասնավոր ինվեստոր լրիվ իրավունք ունի իր բաժնեմասերը վաճառելու ցանկացածին։ Ըստ նրա՝ ելքը ազատ մրցակցային շուկայի կայացումն է, «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացումը։ Պիտի սպասենք մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031