Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-Ն ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

Մարտ 17,2001 00:00
Tigran Sargsyan

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեւի մամուլի հետ իր շփումները կարեւորելով, միանգամի՛ց էր համաձայնել մասնակցել «Հակաստվեր» հասարակական կազմակերպության «ԶԼՄ-ներն՝ ընդդեմ կոռուպցիայի» հերթական հանդիպմանը։ Ի տարբերություն՝ «ձեւեր թափող» այլ պաշտոնյաների։

Փոխարենը պրն Սարգսյանը մի քիչ «ձեւեր թափեց» իրեն հավերժացնող լուսանկարչական ապարատի առջեւ։ Հետո, իմանալով, որ իրեն «Առավոտն» էր հավերժացնում, դրամատիկ ձայնով ազդարարեց. «Ես սպանված եմ, դա անխուսափելի է»։ Ճիշտ է, հետո հասցրեց սրբագրել իր խոսքը. «Դա ինձանից կախված չէ, բայց միեւնույն է, ես սպանված եմ»։

Քիլլերի իր համբավով՝ «Առավոտն» արձանագրում է. ԿԲ նախագահը «ԿԲ-ի գործունեության թափանցիկությունը եւ վերահսկողությունը» թեմայով իր զեկույցը սկսեց լիկբեզից՝ «Ինչ է ԿԲ-ն։ Նրա տեղն ու դերը հասարակության մեջ»։ Լիկբեզի անցկացումը հիմնավորվեց ԿԲ-ի այն ուսումնասիրություններով, որոնք ցույց են տվել, որ հասարակությունում բոլորը չէ, որ գիտեն ԿԲ-ն ինչ է, ինչ կարգավիճակ ունի։ Այնպես որ, ներկաներիս մի մասը բավական երկար տեղեկացավ, մյուսն էլ՝ ամրապնդեց իր գիտելիքներն այն մասին, որ ԿԲ-ն ոչ գործադիր, ոչ օրենսդիր, ոչ դատական մարմին է, ոչ էլ նույնիսկ՝ հանձնաժողով։ Ինքնուրույն մարմին է՝ պետական արժույթի թողարկման եւ շրջանառության կարգավորման, առեւտրային բանկերի նկատմամբ վերահսկողության, արտոնագրեր տալու եւ այլ ֆունկցիաներով։

ԿԲ գործունեության մեխանիզմների գործադրումը նվազեցրել է կոռուպցիայի հնարավորությունը առեւտրային բանկերում։ Ավելին, պրն Սարգսյանը տեղեկացրեց, որ հայտնի չէ մի դեպք, որ առեւտրային բանկերը փոշիացնեն պետության միջոցները (իհարկե, մինչեւ պետության միջոցներին հասնելը այնքա՜ն մասնավոր ավանդատուներ կան- Ա. Գ.)։ Սակայն պրն Սարգսյանը հավաստիացնում է, որ վերջին երեք տարում բավական պակասել է բանկերից եկող ինֆորմացիայի հոսքը կասկածելի գործարքների վերաբերյալ։ Այսինքն՝ ֆինանսական միջոցների բաշխման՝ վարկ տրամադրելու համար առեւտրային բանկերի աշխատակիցներին տրվող կաշառքի դեպքերը նվազել են։ Բանկերն այնպես են խստացրել վարկերի տրամադրման համար ռիսկի աստիճանի որոշման պայմանները, որ այսօրվա դրությամբ վարկային հայտերի 93%-ը մերժվում է։ Սրա պատճառներից մեկն այն է, որ գործազրկության տոկոսը շատ մեծ է եւ մարդիկ իրենց եկամուտների բացակայությունը փորձում են փոխհատուցել վարկերի ստացմամբ։ Սակայն, «պարզվում է, որ ստացողների այդ 7%-ի մեջ էլ կան ծրագրեր, որոնք նույնպես ռիսկային են։ Ինչի մասին վկայում են 2000թ. ցածր թվերը՝ վարկերի վերադարձելիության մասին»։

Չվերադարձվող վարկերի քանակը երկու անգամ ավելացել է։ Եթե նույնիսկ այդ 7%-ի մեջ են ռիսկայիններ հանդիպում, նշանակում է, որ այնքան էլ չեն խստացրել պայմանները։ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը որոշակիորեն խոչընդոտում է քրեական գործերի բացահայտմանը։ ԿԲ նախագահը համաձայն է դրան եւ գտնում է, որ օրենքը հենց դրա համար է ստեղծված, որպեսզի զանազան ստուգող կազմակերպությունների խոչընդոտի բանկ մտնել։ Բայց թե այդ օրենքի գործադրումը ինչքանով կօգնի (կամ կխոչընդոտի) եկամուտների հայտարարագրմանը, Տիգրան Սարգսյանը բնավ չէր պատկերացնում. «Պետք է մտածել»։ (Իսկ մինչեւ հիմա ի՞նչ էին անում- Ա. Գ.)։ ԿԲ-ն «Կոռուպցիայի դեմ պայքարի» կառավարության ծրագրում մեծ փաթեթ ունի, որը, ի վերջո, հանգում է հետեւյալին. «Բանկային համակարգը օրական, շաբաթական, եռամսյակային կտրվածքով հաշվետվություններ է ներկայացնում ԿԲ-ին, բանկային համակարգը վերահսկվում է ԿԲ-ի կողմից, պատժամիջոցներ են կիրառվում ցանկացած խախտման համար եւ այլն»։

Սակայն հասարակությունը կոռուպցիայի ճիրաններից փրկելու համար՝ բացի հզոր իշխան՝ Կենտրոնական բանկ, ունենալուց, հրապարակայնություն պետք է ապահովել նաեւ տնտեսությունում, անել այն քայլերը, որոնք բանկային համակարգում արդեն արված են։ Այսինքն, տնտեսությունն ունենա իր «Կենտրոնական բանկը» կամ պրն Սարգսյանի խոսքերով՝ «լինեն այն պետական կառավարական մարմինները, որոնք վերահսկեին եւ պարտավորությունները չկատարող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրականացնեին համապատասխան միջոցառումներ»։

Այստեղ հիշում ենք, որ «ԿԲ-ի դերն ու տեղը» բաժնում պրն Սարգսյանը՝ ԿԲ-ն դատական մարմին չհամարելով, նշեց նրա՝ դատական որոշ ֆունկցիաների մասին։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031