Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը կրկին վերանայեց պայմանագիրը

Մարտ 17,2001 00:00
Hayrikyan

Ամենայն հայոց իրավունքների տեղ-տեղ պաշտպան Պարույր Հայրիկյանին չբավարարեց հեռուստաաստղի իր կարգավիճակը, որին հասել էր տքնաջան աշխատանքների շնորհիվ (հեշտ բան չկարծեք ամեն շաբաթ ասուլիսի թեմա գտնելը)։ Ու նա որոշեց անցնել ավելի ցածրակարգ շոուի՝ հանրահավաքի։ Եվ անգամ գարնանային հորդ անձրեւը նրան ետ չպահեց ժողովրդի հետ շփվելու երջանկությունից։

Այդ շփումը սկզբում արտահայտվեց Պ. Հայրիկյանի երգիչակոմպոզիտորական շնորհի հերթական բացահայտմամբ. Ազատության հրապարակում 10-15 րոպե թնդում էր նրա խրոխտ ձայնը, որը բոլոր եղբայրներին միանալու կոչ էր անում։ Ապա ժողովուրդ-Հայրիկյան շփումը միջնորդավորված տեսք ստացավ։ Միջնորդը Ներսես Զեյնալվանդյանն էր, որն իր բոցաշունչ ճառի մեջ, բավական չէ, որ մի քանի տասնյակ անգամ դողդողացող ձայնով արտասանեց ԱԻՄ-ի հիմնադրի անունը, դեռ ամեն կերպ էլ փորձում էր (անհայտ է՝ գիտակցությա՞ն, թե՞ ենթագիտակցության թելադրանքով) նմանակել իր գաղափարական շեֆին։ Չէ, խոսքը մորուքի մասին չէ, այլ՝ կեցվածքի, ձայնի, բառապաշարի եւ այլն։

Պրն Զեյնալվանդյանը տեղեկացրեց, որ այս հանրահավաքը պիտի լիներ համազգային ընդգրկմամբ, քանի որ դիմել էին 9 կուսակցությունների՝ միանալու իրենց նախաձեռնությանը, որը կարելի է արտահայտել աիմականների պաստառների բովանդակությամբ՝ «Ոչ Աթաթուրք-Լենին պայմանագրին»։ Կուսակցությունից ոմանք (ԱԺՄ, ՀՌԱԿ, Ազգային միաբանություն, ԱՎՄ) արձագանքել են ԱԻՄ-ին, համաձայնություն հայտնել նրանց տեսակետին, սակայն «հորդորեցին համազգային հանրահավաք այս պահին չանել»։ Չի արձագանքել ՀՅԴ-ն, որն, ըստ պրն Զեյնալվանդյանի՝ «պատմական պահերին կրավորական կեցվածք է ընդունում»։ Իսկ ԱԻՄ-ը հարկ չէր համարել այս նամակից ուղարկել Կոմկուսին եւ ՀԺԿ-ին, քանի որ նրանք շարունակում են կրել Լենինի եւ նրա «արյունարբու կուսակցության» գաղափարները։

Մարտի 16-ին հանրահավաք անցկացնելն ԱԻՄ-ի մոտ «խասիաթային» բնույթ է կրում։ Սակայն այս տարի ամեն ինչ ավելի բուռն էր, քանի որ լրացավ Լենին-Աթաթուրք պայմանագրի (որով Կարսն ու Արդահանը հանձնվեցին Թուրքիային, իսկ Նախիջեւանն ու Ղարաբաղը՝ Ադրբեջանին) 80 տարին։ Իսկ ինքը՝ ազգիս իրավապաշտպանը, նախընտրեց խոսել այն արձագանքների մասին, որոնք ունեցել է իր պահանջատիրական ելույթը չեմ հիշում որ համարի ասուլիսում։ Ընդ որում, առավել հպարտանում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի արձագանքներով։ Կամ, ինչպես նշեց ասուլիսին ներկա փոքրաթիվ ունկնդիրներից մեկը՝ «Էս ինչքա՜ն ա մեջը ուռել, որ Թուրքիայի պետքարտուղարը իրա անունն ա տվել»։

Հողային հարցերը պարոն Հայրիկյանն, ի պատիվ իրեն, պահանջում է լուծել խաղաղ եղանակներով. «Միջազգային կազմակերպությունների օգնությամբ, դիվանագիտական ճանապարհներով պիտի հասնենք այդ պայմանագրի վերանայմանը»։

Իսկ Ն. Զեյնալվանդյանը հույս էր տալիս՝ «վճռական պահերին մենք կուղղորդենք հանրապետության քաղաքական կյանքը»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031