Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՇԱԲԱԹՎԱ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ

Մարտ 17,2001 00:00

ՇԱՇԱԲԱԹՎԱ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԸ Քոչարյանն ու Ալիեւը Աշխարհում գրեթե պուճախ չմնաց, որտեղ երկու երկրների ղեկավարները չեն քննարկել ղարաբաղյան հիմնահարցը: Դժվար թե բանակցություններն ավելի արդյունավետ դառնան, եթե հաջորդ անգամ Ալիեւն ու Քոչարյանը հանդիպեն, ասենք, Գրենլանդիայում կամ Փղոսկրի Ափ կղզում: Խնդիրը ոչ թե հանդիպման աշխարհագրական վայրն է, այլ բանակցողների «հետին մտքերը». ոչ մեկը, ոչ մյուսը չեն պատրաստվում որեւէ արդյունքի հասնել, զբաղված են բանակցությունների իմիտացիայով եւ հակված են «սառեցնել» այսօրվա իրավիճակը: Պարզապես պետք է հաշվի առնել, որ այս անգամ նրանց Ֆլորիդայում հյուրընկալող Քոլին Փաուելը. ա/ գեներալ է, բ/ սեւամորթ է, գ/ բավականին խիստ քեռի է: Ուստի նա կարող է սխալ հասկանալ կովկասցիների «շուստրիությունը»: Պարույր Հայրիկյանը Բնական գարնանային ակտիվացում ցուցաբերելով, նախագահին առընթեր իրավապաշտպանը հերթական անգամ թուրքերից պահանջեց Կարսը, Արդահանն ու Նախիջեւանը: Հաշվի առնելով պրն Հայրիկյանի պալատական կարգավիճակը, այդ արդարացի պահանջը փոքր-ինչ երկիմաստ է թվում. պարզ չէ՝ անձամբ Հայրիկյա՞նն է հողեր ուզում, թե՞ իր «շեֆը»: Սակայն երկու դեպքում էլ պետք չէ սահմանափակվել հիշյալ երեք շրջաններով: Առավել հայրենասեր լինելու համար պետք է ուզել նաեւ Վանը, Կիլիկիան, Ջավախքը, Գարդմանքը եւ այլն՝ այն, ինչ մենք ունեցել ենք Տիգրան Մեծի ժամանակ: Թալիբները Ներքին քաղաքական կյանքում հաջողությամբ կիրառելով հաղթանակած ազգային գաղափարախոսության սկզբունքները, թալիբները ոչ միայն մերժեցին Քոֆի Անանի խնդրանքը՝ չպղծել բուդդայական մշակույթի հուշարձանները, այլեւ խստորեն հրահանգեցին արական սեռի քաղաքացիներին՝ լվանալ երեսի բուսականությունը միայն ամիսը մեկ անգամ: Այդպես էլ ման են գալիս խիստ գաղափարականացված ոջլոտ մորուքներով: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել