Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հանդիպումները շարունակվում են

Մարտ 17,2001 00:00
Armen Rustamyan

Ապրիլի 3-ին նախագահ Քոչարյանը ԱՄՆ-ում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարին: Մինչ այդ շարունակում են անհայտ մնալ փարիզյան 15-րդ հանդիպման մանրամասները: Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

– Դուք բացառո՞ւմ եք, որ 15-րդ փարիզյանի ժամանակ առաջարկվել է բոլորովին նոր տարբերակ, որի շուրջ արժե խոսել։

– Ես ոչ միայն չեմ բացառում, այլեւ կարծում եմ, որ բանակցությունների տրամաբանությունը տանում է նրան, որ ինչ-որ նոր առաջարկի մասին կարող է խոսք լինել, այսինքն՝ ինչ-որ չորրորդ տարբերակի մասին։ Եվ հարցը հենց սա է՝ ո՞րն է այդ չորրորդ տարբերակը։

– Ի դեպ, ո՞րն է այդ չորրորդ տարբերակը։

– Քանի այդ չորրորդ տարբերակը, մնացած երեքի նման, չի հրապարակվել. ոչ մի բան որոշակի ասել հնարավոր չէ։

– Ժամանակին իշխանափոխության առիթը ղարաբաղյան հարցն էր։ Առաջին նախագահը դեռ 1998 թվականին խոսեց պատերազմի եւ խաղաղության մասին։ Այսօրվա իրադրությունն ավելի շատ պատերազմակա՞ն է, թե՞ խաղաղության։ Նկատի ունեմ Ադրբեջանում հնչող կոչերը, նաեւ՝ Հայաստանում երեքամսյա զորահավաքների մասին շրջող լուրերը։

– Այդ հարցը՝ պատերազմ, թե խաղաղություն, միշտ էլ եղել է եւ միշտ էլ կա։ Այսինքն՝ քանի կոնֆլիկտն ամբողջությամբ չի լուծվել, պատերազմի հավանականությունը միշտ էլ կա։ Եվ սա մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք եւ, եթե ուզում ենք, որ մեր դիրքերն ամուր լինեն, առաջին հերթին մեր պաշտպանունակությունը պետք է բարձրացնենք։

– Կոնկրետ ձեր կուսակցության՝ ՀՅԴ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Դուք ո՞ր տարբերակի կողմնակից եք։

– Դաշնակցության սկզբունքը վաղուց հայտնի է. այն, ինչից բխում են մեր մոտեցումները։ Դա Հայ Դատի սկզբունքներն են եւ մենք դիտում ենք Ղարաբաղը որպես այդ դատի հանգրվան։ Սա՝ որպես Ղարաբաղի հարցի վերջնական լուծում։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ բանակցային գործընթացին, մեր տեսակետը սա է՝ հայկական կողմն ունի բոլոր հնարավորությունները եւ նվաճել է այդ իրավունքը՝ նախապայմաններ դնելու՝ մի քանի առումով, եւ ապացուցելու աշխարհին, որ այդ նախապայմաններն իսկապես հիմնավոր են, եւ պետք է հաշվի առնեն միջնորդ կողմերը։ Առաջինն այն է, որ Ադրբեջանը պետք է անվերապահորեն ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Այսինքն՝ անիմաստ է խոսել այն մասին, որ Ղարաբաղը պետք է ինչ-որ ձեւով ֆիքսվի Ադրբեջանի կազմում։ Երկրորդը վերաբերում է անվտանգության երաշխիքներին։ Այդ անվտանգության երաշխիքները հենց ազատագրված տարածքներն են։ Մենք այսօր ուրիշ ավելի լիարժեք անվտանգության երաշխիքներ չունենք, քան ազատագրված տարածքները։ Ազատագրված տարածքների մասին երբեւիցե խոսք լինել չի կարող, քանի դեռ անկախության հարցի վերաբերյալ Ադրբեջանը զիջում չի կատարել։ Նա պիտի ընդունի այդ փաստը։ Եվ մյուսը՝ դա Հայաստանի հետ անխափան կապի առկայությունն է, տարածքային կապի առկայությունը եւ նաեւ՝ երրորդ երկրի հետ կապի առկայությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները կարող են սկսվել այս նախապայմաններն ընդունելուց հետո։

Հարցազրույցը՝

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031