Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ՓԼՈԻԶՈՒՄ»

Մարտ 17,2001 00:00
Petros makeyan

«Ժողովրդավարական Հայրենիքի» նախագահ Պետրոս Մակեյանը երեկ հիշեցրեց, որ 98-ին կուսակցությունն արձագանքեց ոչ միայն Ռ.Քոչարյանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքին, այլեւ պնդեց, թե ընտրողների ձայների զանգվածային կեղծում է տեղի ունեցել եւ մարտի 16-ի ընտրությունների առաջին փուլում իրականում ընտրվել է Կարեն Դեմիրճյանը։

«Միայն երեք տարի անց ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես եկավ նույնատիպ հայտարարությամբ»,- ասաց պարոն Մակեյանը։

Հրավիրված ասուլիսում նա անդրադարձավ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակին։ «98-ից սկսվեց այս երկրի ապամոնտաժման գործընթացը, որն ամփոփվեց 99-ի հոկտեմբերի 27-ով՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող ուժերի։ Եվ այսօր պետության չգոյության պայմաններում՝ Հայաստանին ներկայացվում է ԼՂ հարցի լուծման հրամայականը»,- ասաց պարոն Մակեյանն ու ավելացրեց, թե իր գլխավորած կուսակցությունը լրջորեն մտահոգված է այս հարցի շուրջ ստեղծված խորհրդավոր լռությամբ եւ փարիզյան հանդիպումներով։ Ներկայացնելով հիմնախնդրի լուծման հնարավոր տարբերակների մասին իր տեսակետը, պարոն Մակեյանն ասաց, որ հարցի որեւէ լուծում պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության ապահովման երաշխիքների վրա։ «Մինչ օրս առաջարկված որեւէ տարբերակ այդ երկու պայմաններից որեւէ մեկը չի ապահովում։ Ինչ վերաբերում է «Ընդհանուր պետության» տարբերակին, ապա դրա ընդունման դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի»,- ընդգծեց նա։

Միաժամանակ, Պ.Մակեյանը նշեց, որ այսօր հակամարտող կողմերից ոչ մեկը պատրաստ չէ ընդգծված զիջումների գնալ, իսկ այդ պարագայում միանգամայն հնարավոր է պատերազմի վերսկսումը։ «Իհարկե, Ադրբեջանի բանակն այսօր շատ վատ վիճակում է եւ բարոյալքված է, բայց մյուս կողմից Հայաստանում էլ նկատելի հակակրանք կա ղարաբաղյան կլանի դեմ»,- նշեց կուսակցության նախագահը՝ մտավախություն հայտնելով, որ դա կարող է խնդրի նկատմամբ հասարակական լայն շերտերի անտարբերության պատճառ դառնալ։ «Ժողովուրդը պատրաստ է կռվել Ղարաբաղի համար, բայց արդյո՞ք նա ղարաբաղյան կլանի համար կպատերազմի»։ Պ.Մակեյանը, ըստ էության, կոչ արեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերադառնալ հայրենիք՝ Ղարաբաղ, որպեսզի հայ ժողովուրդը տեսնի եւ համոզվի, որ նրանք պատրաստ են պայքարել ոչ թե սեփական կլանի, այլ ԼՂ-ի համար։ Նա նաեւ կարծիք հայտնեց, թե նախագահ Քոչարյանը պարտավոր է հենց այս փուլում հրաժարական տալ եւ աջակցել կամ չխոչընդոտել նոր եւ օրինական իշխանությունների ձեւավորմանը, ինչը միաժամանակ հնարավորություն կտա եւս առժամանակ հետաձգել հիմնախնդրի կարգավորումը՝ մեզ համար աննպաստ պայմանների դեպքում։ Հակառակ պարագայում պետք է քաղաքական ուժերն ակտիվացնեն ժողովրդին եւ ԱԺ-ից պահանջեն նախագահի իմպիչմենթի գործընթաց սկսել։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը նաեւ «3 տարվա փլուզում» անվան տակ մի թերթիկ տրամադրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որում մեջբերված են նախագահ Քոչարյանի նախընտրական խոստումներն ու դրանց իրական արդյունքները։ «Ես թույլ չեմ տա որեւէ կլանի գերիշխանություն։ Ես խոստացա, որ բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ։ Կպատժվեն նրանք, ովքեր թույլ կտան անօրինականություններ ու պաշտոնական դիրքի չարաշահումներ»,- ասել էր Ռ.Քոչարյանը երեք տարի առաջ։ Այսօր, ըստ Պ.Մակեյանի, բռնազավթված են ուժային կառույցներն ու իրավապահ մարմինների միջոցով «նախկինների» դեմ պայքարի քողի տակ Հայաստանում գործող կլանները կենտրոնացվեցին ղարաբաղյան կլանի ձեռքում։ «Հայաստանը լինելու է տարածաշրջանում թիվ մեկ երկիրը»,- խոստացել էր ՀՀ նախագահը։ Կուսակցությունը պնդում է. «Հայաստանը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի թիվ մեկ երկիրը դարձավ «Հոկտեմբերի 27»-ով, կոռումպացվածությամբ, շուրջ 20 պետական եւ քաղաքական գործիչների սպանություններով։ Աղքատ երկրների շարքում Հայաստանը 86-ից տեղափոխվեց 96-րդ տեղ»։

«Յուրաքանչյուր հայ մարդ կունենա աշխատանք, որով նա կհարստանա։ Պետք է պայմաններ ստեղծել, որ ստանանք բարձր աշխատավարձ եւ կարողանանք արժանապատիվ ապրել»։ Նախագահ Քոչարյանի նախընտրական այս մի խոստման արդյունքն այսօր հետեւյալ ցուցանիշներն են. «Համաձայն ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի՝ գործազրկությունը Հայաստանում կազմում է 50, իսկ փաստացի՝ 75 տոկոս։ ՀՀ բյուջեի ճեղքվածքը 1997-ին կազմել է 7 մլն դրամ, 98-ին՝ 22 մլն դրամ, 99-ին 33 մլն դրամ, իսկ 2000-ին՝ 65 մլն դրամ»։

«Ես պարզապես չեմ կարող թույլ տալ, որ հայերը լքեն Հայաստանը»,- հայտարարել էր Ռ.Քոչարյանը 98-ին։ Թե որքանով է նա իր խոստումը կատարել՝ ակնհայտ է բոլորին։ «Հայաստանը պետք է հզոր եւ ուժեղ երկիր դարձնել։ Ղարաբաղցին լավ գիտե, որ իր ապագայի երաշխիքը հզոր Հայաստանն է»։ Սա էլ է եղել Ռ.Քոչարյանի խոստումներից մեկը։ Ի պատասխան, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն արձանագրում է՝ «Քոչարյանը Հայաստանի հզորացումը պատկերացրել է ղարաբաղյան կլանի հզորացմամբ, որն այսօր վտանգում է ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծմանը, այլեւ Հայաստանի անվտանգությանը»։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031