Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԻ ՈՒԵՍԹԸ ԿԴԱՌՆԱ՞ ՆՈՐ ԴԵՅԹՈՆ

Մարտ 17,2001 00:00
spitak tun

Ապրիլի 3-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքի Հերի Ս.Թրումենի Սպիտակ տանը տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների թվով 16-րդ հանդիպումը։

Այս անգամ նախագահների հանդիպումը նախաձեռնել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը։ Հիշեցնենք, որ նա Իրաքում իրականացված «Փոթորիկ անապատում» ռազմական օպերացիայի պատասխանատուն է։

Հավաստի տեղեկությունների համաձայն, երկու երկրների նախագահները նախ կժամանեն Վաշինգթոն եւ ապա կմեկնեն Ֆլորիդա՝ Քի Ուեսթ քաղաք։ Այն ռազմականացված եւ փակ գոտի է՝ 100 տոկոսանոց անվտանգության երաշխիքով եւ տեղեկատվության արտահոսքի բացառմամբ։ Թե որքան կտեւի նախագահների մեկուսի խորհրդակցությունն այդ քաղաքում՝ դժվար է ասել։ Հայտնի է սակայն, որ մինչ նախագահ Քոչարյանի ժամանումը Ֆլորիդա, ըստ նախատեսված համաձայնության՝ ԱՄՆ կմեկնի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նման պայմաններում 90-ականներին մեկ այլ ռազմականացված գոտում՝ Դեյթոնում Արեւմուտքը ճիշտ այսպես պարտադրել էր Բոսնիա-Հերցոգովինայի նախագահ Իզետբեգովիչին, Խորվաթիայի նախագահ Թուջմանին եւ Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ Դեյթոնը լքել արդեն Խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ Հարավսլավիայի նոր քարտեզը գծելուց հետո։

Հատկապես այս հատուկ պայմաններն են պատճառը, որ Հայաստանում քաղաքական փորձագետները մտավախություն են հայտնում, թե ապրիլյան այդ հանդիպումը կարող է ավարտվել կոնկրետ փաստաթղթի ստորագրումով կամ, լավագույն դեպքում՝ կոնկրետ տարբերակ ստորագրելու մասին նախագահների պատրաստակամության մասին հռչակագրի հրապարակմամբ։ Հակառակ դեպքում, պնդում են այդ փորձագետները, եթե բանակցությունների կոնկրետ արդյունք չակնկալվեր, հանդիպումը կարող էր կայանալ նաեւ Վաշինգթոնում եւ որեւէ անհրաժեշտություն չէր լինի Վաշինգթոնից երեք ժամի տարածություն կտրել ու հասնել Ֆլորիդա՝ պարզապես հերթական ճամարտակություններ անելու համար։

Ըստ մեր տեղեկությունների, քննարկման առարկա է դառնալու հատկապես հակամարտության լուծման այն նախագիծը, որով նախատեսվում է գրավյալ տարածքներից դուրս բերել հայկական զորքերը, բացել Ադրբեջան-Նախիջեւան միջանցքը, ինչը նշանակում է, որ Մեղրիի «տարածքների փոխանակման» տարբերակն, այնուամենայնիվ, իրականանում է, եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղաբաշխել խաղաղապահ ուժեր։ Չհամաձայնեցված դետալներից մեկը վերաբերում է նրան, թե փախստականների վերադարձը պետք է նախորդի՞, թե՞ հաջորդի խաղաղապահ ուժերի տեղաբաշխմանը։ Ընդ որում, չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է հետաձգվել՝ այնպես, ինչպես կար 97-ի «Փուլային» տարբերակում։ Հնարավոր է նաեւ, որ ԼՂ-ին տրվի առավել բարձր ինքնուրույնության կարգավիճակ՝ ինչպիսին ամրագրված է 98-ի «Ընդհանուր պետություն» տարբերակում։

Սակայն այս երկու տարբերակների եւ այսօր քննարկվող առաջարկի շեշտակի տարբերությունն այն է, որ այժմ ավելացել է «Մեղրիի միջանցքի» բացման հարցը, այսինքն՝ սակարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչը փոխում է բանակցությունների ամբողջ իմաստն ու բովանդակությունը։

Ի՞նչ կարող է անել ՀՀ նախագահ Քոչարյանը՝ վերջնական փաստաթուղթ ստորագրելուց խուսափելու համար։ Արեւմուտքը նրան ստիպում է արագ կողմնորոշվել, եւ այս պարագայում Քոչարյանի ցանկությունը կարող է էական դեր չխաղալ։ Ի վերջո, Արեւմուտքը 3 տարի հանդուրժել է նրա ոչ լեգիտիմ լինելու, երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու հանգամանքը։ Արեւմուտքը աչք է փակել նաեւ ընդդիմության նկատմամբ իշխանությունների ճնշող եւ ռեպրեսիվ քաղաքականության, մարդու իրավունքների ոտնահարման փաստերի վրա։ Ու այս ամենը միայն հանուն նրա, որ Քոչարյանը ստորագրի այն միակ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար։

Այս անգամ խնդրի լուծումը հետաձգելու Ռ.Քոչարյանի փորձերը կարող են, ցավոք, ապարդյուն անցնել։ Արեւմուտքը կարող է պնդել, որ Քոչարյանի համար այս պահն ամենահարմարն է որոշում կայացնելու համար, որ նրան հիմա ոչինչ եւ ոչ ոք չի խանգարում այդ անել։ Ռ.Քոչարյանը չունի լուրջ եւ կազմակերպված ընդդիմություն, չկան այն մարդիկ, ովքեր կարող էին խոչընդոտել Արեւմուտքի այս ծրագրի իրականացմանը՝ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Սամվել Բաբայան։ Իշխանությունները պաշտոնապես ցույց են տալիս տնտեսության աննախադեպ աճ եւ խոսում են 40 հազար աշխատատեղ բացելու հնարավորության մասին։ Կա՞ որեւէ խոչընդոտ Քոչարյանի համար։ Ըստ Արեւմուտքի՝ ոչ, ըստ Քոչարյանի՝ այո։ Վերջինս լավ հասկանում է, որ որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց դեպքում նա դատապարտված է հեռանալ։ Ռ.Քոչարյանը կանգնած է փակուղու առաջ։ Միակ տարբերակը, որը կարող է արդարացնել հարցի հետաձգումը եւս առժամանակ, կարող է Հայաստանում իշխանության կողմից հրահրված նոր ապակայունացումը լինել։ Ծայրահեղ դեպքում Քոչարյանը կարող է հասնել Ֆլորիդա, երկու ոտքը դնել մի կոշիկի մեջ եւ չստորագրել, Հայրենիք վերադառնալ հերոսի դափնիով եւ հասարակությունից օժանդակություն ակնկալել։ Այս դեպքում, սակայն, Արեւմուտքն էլ կարող է պարզապես տնտեսապես ու ֆինանսապես ճնշել Հայաստանին։ Ի վերջո, դա եւս կարող է հանգեցնել իշխանափոխության։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել