Հայաստանի Պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ բարեգործական համերգներով հանդես կգա հանրապետության մարզերում։ Նվագախմբի տնօրեն Արմեն Արաբյանն ասաց, որ նվագախմբի հրավերները այս տարի բացառիկ շատ են։ «Այս տարին մեր ժողովրդի համար առանձնահատուկ է. քրիստոնեության 1700-ամյակով է նշանավորվում, ու, հավանաբար, արտերկրից ստացած մեր բազմաթիվ հրավերները նաեւ դրա հետ են կապված»,- ասաց տնօրենը։
Կամերային նվագախումբը համերգներով հանդես կգա Կիպրոսում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում ու մի շարք այլ երկրներում։ Ա. Արաբյանը նշեց, որ հյուրախաղերի մեկնելուց առաջ նվագախումբը համերգային ծրագիրը, որպես կանոն, ներկայացնում է հայ ունկնդրին։ Մարտի 19-ից Կամերային նվագախումբը բարեգործական համերգներով կմեկնի հանրապետության մարզեր։ Անդրանիկ համերգը կլինի Հրազդանում, այնուհետեւ Մեծամորում՝ ատոմակայանում, աշխատակիցների համար, որից հետո՝ նաեւ Աշտարակում։
Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ