Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻՆԻ ԼԻՑ

Մարտ 16,2001 00:00
hyd

«Ես չհասցուցի մեծնալ, հասուննալ ու ճանաչել սիրո բերկրանքը։ Մայրս ըսեց՝ ֆիդայի մը պիտի սիրեմ, անոր ու ազգի համար զավակներ բերեմ։ Բայց… Ինձի լլկեցին զուլում սուլթանի արժանի զավակներն ու մանուկ մարմինս աղտոտեցին իրենց գաղջ շնչով, պղծեցին ու խելագար շուրջպար բռնեցին անշունչ, ապականված դիակիս քով»։ Այս զարզանդելի պատկերը երեկ մեծ պաթոսով արտաբերում էր մի մանկահասակ աղջիկ՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած «Հայ դատը շարունակվում է…» միջոցառման ժամանակ։ Այն նպատակ ուներ «ոգեկոչելու» Դաշնակցության իններորդ ընդհանուր ժողովում կայացրած «Հատուկ գործ» կոչված ահաբեկումների շարքի պատմությունը։ Մասնավորապես, Սողոմոն Թեհլերյանի՝ Թալեաթ փաշայի սպանությունը։ Մութ դահլիճում, դուդուկի հնչյունների տակ դանդաղ բեմ ելավ հարսի զգեստ հագած մեկ այլ դեռատի աղջիկ. «…Ես չհասցուցի հարսնանալ։ Կիսաքողը մինչեւ վերջ չզարդարեց իմ կուսական ճակատը։ Ինձ փախցուցեցին։ Փեսաս ընկավ՝ սուրը սրտում՝ սիրո փոխարեն։ Մայրս աղաղակեց. «Վա՜յ, բալա ջան, քոռանա՜մ ես»։

Մանրաքայլ բեմ մտավ երրորդ աղջնակը. «Մանուկնե՛ր պիտի լույս աշխարհ բերեի։ Սակայն սկեսրայրս երկու կես եղավ գութանի մոտ, սկեսրոջս արյունը հոսեց, խառնվեց թան ու մածունին։ Ես հոգուս աչքերով տեսա սրի ծայրով կրծքիցս դուրս շպրտված մանուկը»։ Եվ այսպես շարունակ…

Թե նման տեսարանները որքանով են միտված այս մանկահասակ տղաների եւ աղջիկների մոտ վրեժի, արյան ծարավը արթուն պահելուն, կարող են դատել միջոցառման կազմակերպիչները։ Իսկ մեզ բաժանված բուկլետներում, ուր նկարագրված էր Սողոմոն Թեհլերյանի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի սպանությունը (որի արդարացիությունը ոչ ոք չի վիճարկում), այսպիսի տողեր կային. «Հեշտ է սպանել եւ հերոսանալ մարտի դաշտում, երբ կռիվն արդար է, թշնամին՝ պատրաստ։ Ազնիվ մարտիկի համար անհավանականորեն դժվար է սպանել խաղաղ պայմաններում, անզեն մարդուն, թեկուզ ամենագլխավոր թշնամուն…»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. Վերոնշյալ բուկլետում զետեղված էին նաեւ «Գինի լից…» երգի խոսքերը, որոնք արժանի են հիշատակման. …Դաշնակցություն ժողով արեց, Շուն Թալեաթին մահ որոշեց, Թեհլիրյանին բախտը բացվեց։ … Շուն Թալեաթին դրին հողը, Լուրը տարին իր ծեր մորը, Կեցցե դաշնակ կամավորը։ … Ես կխմեմ քո կենացը, Դու կխմես իմ կենացը, Բոլորս ալ կխմենք Դաշնակցության կենացը։ Կրկներգ …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031