Լրահոս
Օրվա լրահոսը

530 ԱՆՉԱՓԱՀԱՍ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՑՈՒՄ

Մարտ 16,2001 00:00
grel

Ջավախքից մեզ ուղարկված նամակում բարձրացված հիմնահարցը լուսաբանում չէ, որ պահանջում է, այլ լուծում։ Տարածաշրջանում առկա բազմաթիվ պրոբլեմներից միայն մեկին է անդրադարձել Ախալքալաքի շրջանային ժողկրթբաժնի խնամակալության եւ հոգաբարձության տեսուչ Ս. Մուրադյանը։

«Ճակատագրի բերումով հայության մի ստվար հատված հայտնվել է երկակի դրության մեջ՝ երկու տիրոջ առկայությունը ենթադրում է անտերություն։ Այս պարագայում հատկապես ծանր է սոցիալապես անապահով խավի վիճակը։ Վրաստանը չունի եւ չի տրամադրում միջոցներ,- գրում է նամակագիրը։- Հայաստանի վերաբերմունքի կարեւորությունը վիճարկելի չէ։ Նա եթե ոչ իրավական, ապա բարոյական պարտք հաստա՛տ ունի՝ սատար կանգնելու ջավախահայությանը։ Ցավոք, Հայաստանի կողմից այսօր բարոյական աջակցությունը շոշափելի չէ. խոստումներ, ծրագրեր՝ ինչքան ասես, որոնք, սակայն, դժվարությամբ են վերածվում գործի»։

«2000 թվականի տվյալներով միայն Ախալքալաքի շրջանում կա 530 որբ եւ անապահով երեխա,- գրում է Ս. Մուրադյանը,- որոնց թիվը ձնագնդի նման աճում է։ Հատկապես վերջին 4-5 տարիներին շատացել է արտերկրից չվերադարձող երիտասարդ հայրերի թիվը, ինչի հետեւանքով բազմաթիվ անչափահասներ մնացել են անաշխատունակ տատ ու պապի խնամքի տակ։ Անապահով վիճակը որոշ անչափահասների մղեց հանցագործության՝ գողության։ Իրենց քաղցը հագեցնելու համար մի քանիսը պատժվեցին օրենքի սահմաններում։ Քաղաքի շուկայի եւ ավտոկայանի շուրջը թափառում են մուրացիկ երեխաներ։ Վրաստանի հատկացրած 14 լարի նպաստը (որ հավասար է մոտավորապես 7 ԱՄՆ դոլարի) տեղ է հասնում 6-10 ամիս ուշացումով,- շարունակում է նամակագիրը,- էլ չասենք, որ դա շատ չնչին գումար է անապահով ընտանիքի համար եւ չի կարող ինչ-որ հարց լուծել։ Բազմաթիվ երեխաներ ապրում են կիսաքաղց, երազել նույնիսկ չհամարձակվելով հանգստի, գրենական պիտույքների, արտադպրոցական խմբակների մասին։ Երեխաները վերաբերմունքի, հոգատարության կարիք ունեն, որ չեն կարող ապահովել նրանց մերձավորները։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ նրանց մանկությունը չվերածվի մղձավանջի»։

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031